ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԱԶՔ

2-4

Չգիտեմ ով է ասել՝ եթե ինքդ քաղաքականութամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում: Այո, ես քաղաքականությունից դուրս եմ և հույս ունեմ, որ դա ընդմիշտ կլինի: Սակայն, այնքան էլ համաձայն չեմ, որ ով հասնի՝ զբաղվի ինձնով: Ինձ լավ կյանք խոստանա, բարեկեցություն ու երջանկություն՝ ընդամենն իրեն ընտրելու դիմաց:

Իմ չափահաս կյանքում երրորդ անգամ պիտի ընտրության իրավունքիցս օգտվեմ. գարնանը պիտի ծաղկաքաղ անեմ  մեր երփներանգ քաղաքական դաշտից և «այո» ասեմ ամենալավին: Իսկ նրանց լսելու դեպքում կարելի է ուղղակի գլուխը կորցնել. մեկը մեկից փայլուն ճառ ու ծրագիր, խոստումներն էլ՝ ոսկե սարերից այն կողմ: Ի՞նչ անել, ավանդականների պոչը բռնե՞լ, նորերի հույսին մնա՞լ, թե՞ ընդհանրապես մի կողմ քաշվել: Այս վերջինը հաստատ ինձ համար չէ, հներից նոր բան չեմ սպասում, ուրեմն փորձեմ՝ նորերին հասկանալ:

Ինձ պես շատերն են փորձում նորերին ու հատկապես նորագույնին հասկանալ.  քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել երգիծաբան-դերասան Սերգեյ Դանիելյանը, նույն ինքը՝ Յոժը: Նրա ոճին ծանոթ ցանկացած մարդ լուրջ չի ընդունի նրա քաղաքական հայտը: Իսկ նա պնդում ու հայտարարում է, որ Քաղաքացիական Ակտիվ Քայլ կուսակցությունը կգրանցվի ու իր ետևից կտանի մարդկանց: Մեծ հաշվով, ի՞նչ կա որ: Սակայն, հենց առաջին օրվանից նորահայտ քաղաքականը գերագույն հաճույքով հապավում է կուսակցության անվանումն ու…արտաթորանք ստանում: Ահա, այստեղ է սատիրիկ դերասանի  ինտրիգը:

Այս հապավման շուրջ ինտրիգը շատ արագ է ծավալվում. Սերգեյ Դանիելյանին եթեր է հրավիրում ոչ պակաս հայտնի Պետրոս Ղազարյանը, և երկուսով հանրության աչքերը մի լավ բացում են, բացատրում ինչ է Ք.ա.ք.-ը: Այս տեսանյութը արագ հեռացվում է «Յութուբից», Պետրոսն էլ ոնց որ թե՝  հեռուստատեսությունից՝  ոչ եթերային բառամթերք օգտագործելու և քաղաքական դաշտի ծաղրին մասնակից լինելուհամար:

Այս ուղղագիծ պատմության մեջ իրականում բոլորիս ուղղված խորքային մեսիջ կա. իրականում բոլոր կուսակցություններն էլ պուպուշ, գեղեցիկ, հարդարված բառերով են դիմում ժողովրդին, իսկ գործողություններով նմանվում Յոժին: Յոժը գալիս է հակառակ կողմից: Ի՞նչ է ասում, հասկացնում նա՝ հին ու նոր քաղաքական գործիչներին: Ժողովրդի անունից խոսողներին շատ կարևոր մի բան. շատերիդ պուպուշ խոսքերի տակ թաքնված գործողությունը հակամարդկային ու հակահիգիենիկ բառամթերքով է արտահայտվում.  մենք ասում ենք այն, ինչ դուք անում եք:

Պետրոսը կվերադառնա եթեր, թե ոչ, հասարակության համար իհարկե երկրորդական խնդիր է: Դանիելյանը այլ եթերներ կգտնի: Ուրիշ բան չլինի, Ֆեյսբուքը կա ու կա՝ իր անծայրածիր հնարավորություններով: Երբ Յոժենք լուրջ դեմքով խոսում են իրենց անելիքից, շատերն ակամա այլոց են հիշում և զարմանում, թե ինչու է Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը այդ հապավմամբ ներկայանում հանրությանը: Իրականում Յոժն ասում է,  թե ինչպիսին չպետք է լինի կուսակցությունը և  հենց շատ քաղաքական գործիչների հասկացնում, թե մի էժանացրեք գաղափարները, մարդկանց հինգ հազարանոց մի դարձրեք ու մի խլեք նրանց ապագան, թե չէ հենց ինքներդ եք հայտնվելու այդ բազմաչարչար անդուր զանգվածում:

Գարուն գա,  ընտրություն անենք, ընտրելու բան լինի…

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register