ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է, ՀՈՒՄՈՐԸ՝ ՀԱՎԵՐԺ…

ar

Ինչ-որ մեկի վրա ծիծաղելը ինտլեկտի նշան է: Ծիծաղելը, ոչ թե չարախնդալը, ծաղրելն ու կիսադառը հումորով ցավեցնելը: Հումորը ստիպում է սրել միտքն ու բառը, հարմարվել անհարմար իրավիճակներին ու  միշտ լավատես մնալ:

Մեկս մյուսի, ինքներս մեզ, քաղաքականացված այս ամսին նաև  քաղաքական գործիչների վրա ծիծաղելու կարողությունը սովորաբար ազգային ինտելեկտի, անկեղծության և ժողովրդականության նշան է: Արտասահմանյան վառ օրինակներն էլ լավ կհիշենք: Ջորջ Բուշը վաղուց անտի՝ մուլտհերոս է, Օբաման երեխաների հետ ծամածռվում ու նկարվում է «Նյու Յորք թայմսի» համար, Ուինսթոն Չերչիլի սարկազմի և սեփական թերությունները հումորային առավելություն դարձնելու մասին էլ ավելորդ է հիշատակելը:

Իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ հումորը, հատկապես սև հումորը, գերադաս ինտելեկտի նշան է: Իհարկե սև հումորի մասին խոսելիս տեղին է նաև հիշել, որ այն չպետք է հասնի անտակտության, սահմանագիծը պետք է լավ զգալ, բայց և բոլոր հնարավոր առիթներին կիրառել այն:

Հայաստանում, այս շատ խելացի երկրում, հաճախ եմ ճակատով  բախվել «անհումորության պատին»: Մեր համաքաղաքացիները  չեն կարողանում  ձերբազատվել սեփական կարողություններին և ձեռքբերումներին  անհարկի կարևորություն տալուց: Մտածում են՝ եթե որևէ մեկը սրամտի իրենց մասին, ապա տրորում է անձը, նշանակում է՝ հարգանք չի տածում, թերագնահատում է: Դրա համար էլ ցանկացած անմեղ հումոր ընկալում են իբրև անձնական վիրավորանք ու երբեմն տարիներով չեն մոռանում այն՝ փնտրելով վրեժի տարբերակներ: Ըստ իս, սա  ցավալի երևույթ է: Միգուցե դրա պատճառն այն է, որ մարդիկ չափից դուրս լուրջ են վերաբերվում իրենց, կամ էլ նրանք չափից դուրս պաշտպանողական են, սակայն ինչո՞ւ:

Սեփական անձին հումորով չվերաբերվելն իհարկե պիտի ազդեր նաև ավելի լայն շերտերի վրա, և քաղաքականությունը դրանցից մեկն է: Սա այն ոլորտն է, որտեղ հումորն իսկապես անհրաժեշտ է, այլապես տեղ-տեղ դառնությունից կարելի է իսպառ մոռանալ,թե ինչպես է պետք դեմքի մկաններով ժպիտ կառուցել:

Հարկ է զգուշանալ քաղաքական գործիչներից, որոնք կատակել չգիտեն: Հավանաբար նրանք ոչ միայն ցածր ինտելեկտ, այլև վառ դրսևորված թերարժեքության բարդույթ և վախ ունեն: Վախ, որ մարդիկ կտեսնեն դա, կհասկանան, որ այն չեն, ինչ ցույց են տալիս: Ես չեմ ասում, որ մենք պետք է մոռանանք հարգանքի մասին, չափը միշտ էլ կարևոր է: Պետք է հարգալից լինել մեր կարևոր ինստիտուտների և իշխանավորների նկատմամբ: Հումորը պետք է առողջ լինի և ելք փնտրի այն ճանապարհներում, որտեղ լուրջ ասված խոսքը չի կարողանում հաջողել:

Քարոզարշավը եռում է, և արդեն նկատել ենք, թե որքան սուր և անհանդուրժողական պատասխանի են արժանանում այն քաղաքական գործիչները, որոնք ինչ-ինչ առիթների դեպքում հումորային մի բան են ասում դիմացինի մասին: Ուրախ ու անմիջական քայլերը դիտարկվում են իբրև անլրջություն, այդպես էլ չի գիտակցվում, որ ծիծաղող քաղաքական գործիչն ուրախ մարդ է: Եթե ուրախ է, ուրեմն իր շուրջբոլորն էլ կցանկանա ուրախություն տեսնել: Հետևաբար ամեն ինչ կանի, որպեսզի փողոցներով այսքան մռայլ ու մտահոգ քայլելու փոխարեն իր համերկրացիները  ժպտալու շատ առիթներ ունենան: Եվ եթե հենց ինքը կարող է դիմացինի մասին դիպուկ ակնարկով, կամ սեփական անձին վերաբերող որևէ հումորով ուրախացնել մարդկանց, ստիպել քննարկել և անգամ հումորի այլ տարբերակ հորինել, ինչո՞ւ չանել դա:

Քարոզարշավը ժամանակավոր է, հումորը՝ հավերժ: Ուրեմն, ինչպես կասեր մեծ կենսասեր բարոն Մյունհաուզենը՝ ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք…

 

Սիրով՝ ձեր  Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register