ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄՈւԹ  Ու ԱՆՏԵՍ ԿՈՂՄԵՐԸ

5

Ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները հայաստանաբնակների կյանքը վերածել են բուռն քննարկումներով ուղեկցվող քարոզարշավի: Տրանսպորտում, փողոցում, բակերում ու սոցցանցերում  ծայր առած քննարկումներից  խուսափելը գրեթե անհնար է: Համապետական ընտրությունների  նշանակությունը վիթխարի է, քանի որ դրա արդյունքով է պայմանավորվելու Հայաստանի ապագան, հենց այդ խորհրդանշական սահմանագիծն է հռչակելու, թե զարգացման ինչ ճանապարհ է ընտրելու մեր երկիրը: Տնտեսական ճգնաժամը շարունակելու է խորանալ՝ նպաստելով արտագաղթի շարունակմա՞նը, թե՞ երկարատև սպասումներից հետո ի վերջո գտնվելու է ստեղծված իրավիճակից ազգովի դուրս գալու ելքը, որը կփոխի մեր կյանքի հունն ու կնպաստի մեր ազգակիցների  այդքան փափագելի ներհոսքին…

Խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9  քաղաքական ուժերն ակտիվ հանդիպումների մեջ են: Ի՞նչ մեթոդներ են կիրառվում քարոզարշավի ընթացքում ընտրողներին իրենց կողմը գրավելու համար, ինչի՞վրա է դրվում շեշտը և ինչպես կողմնորոշվել խոստումների պերճաշուք  մրցավազքում՝ դառնալով ոչ թե քարոզարշավի զոհ, այլ՝ քվեի ու ձայնի տեր քաղաքացի:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ գործադրվող միջոցների առումով այս քարոզարշավը որևէ նորություն չի բերել մեր քաղաքական համակարգ, նույն մեթոդներն են՝ աննշան փոփոխություններով:

Ինչպես և ակնկալվում էր, «Հանրապետական» կուսակցությունն իր բոլոր խաղադրույքները դրել է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի վրա, ամբողջ քարոզարշավն առաջ է տարվում նրա կերպարն օգտագործելով: Դա այնքան էլ հաջող մոտեցում չէ, քանի որ վարչապետն իր քարոզարշավի հիմքում դրել է Հայաստանի կառավարման համակարգի խնդիրների լուսաբանումը: Իր քարոզարշարշավի մեխը նա համարում է կառավարչական խնդիրը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում առկա խնդիրները ոչ թե կառավարչական, այլ քաղաքական համակարգի արդյունք են»,- նկատում է Արմեն Բադալյանը:

Ծառուկյան դաշինք»-ը շեշտը դրել է Գագիկ Ծառուկյանի անձի վրա: Քարոզարշավին հետևելով՝ կարելի է մտածել, թե միայն Ծառուկյանն է այդ դաշինքում, մինչդեռ դա ընդամենը քաղաքական հնարք է:

«Երբ քարոզարշավը թույլ բովանդակային բնույթ է ընդունում, առաջ է մղվում փրկիչի կերպարը: Գագիկ Ծառուկյանն լիովին համապատասխանում է այդ կերպարին, այդ պատճառով էլ բավականին լավ ընդունելության է արժանանում հանրության կողմից»,- ասում է Արմեն Բադալյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝«Ելք» դաշինքի հիմնական մեխը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն է, որի հիմնական գաղափարն է՝ ելք այս վիճակից, ինչը բովանդակային առումով այնքան էլ լուրջ խաղաթուղթ չէ:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ միակ գաղափարական դիրքորոշումը «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքինն է, որն առաջնորդվում է  խաղաղության գաղափարով: Սակայն այստեղ էլ չեն պարզաբանում, թե դա ինչպես է անդրադառնալու Հայաստանում առկա իրավիճակի վրա: Ասենք՝ «խաղաղության հաստատումից հետո շաքարի մենաշնորհը Հայաստանում վերանալո՞ւ է, թե՞ ոչ»:

Պոպուլիստական գաղափարների պակաս ընտրապայքարում ևս չի զգացվում:  «Հայկական Վերածնունդն» իր քարոզարշավի հիմքում, ինչպես և նախկինում, դնում է հասարակության համար հաճո,այսպես կոչված, պոպուլյար գաղափարներ:

Թեև շատերի կողմից սա բացասաբար է ընկալվում, սակայն այնքան էլ բացասական երևույթ չէ, աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մեթոդ է: Նրանք ամբողջ շեշտը դնում են իրենց տնտեսական կետերն առաջ տանելու վրա»,- նշում է փորձագետը:

Արմեն Բադալյանի համար անհասկանալի է մնում «ՕՐՕ»-ի դրսևորած վարքագիծը: Չնայած տեսանելի է, որ քարոզարշավի ընթացքում հիմնական դեմքը ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, բայց դաշինքն իր գործելակերպով որևէ կերպ չի առանձնանում  մյուս ուժերից: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, այն իր ավանդական քարոզարշավն է իրականացնում և, ամենայն հավանականությամբ կստանա իրեն հասանելիք  ձայները:

«Ազատ դեմոկրատները» ճանաչման լուրջ պրոբլեմ ունեն, որովհետև շատ դժվար է դրան հասնել 25 օրում, այն էլ, երբ 8 քաղաքական ուժ քարոզարշավ է անում… Իրենց ճանաչման պրոցեսի վրա դա լուրջ ազդում է:Հայաստանի կոմունիստական կուսակցությունը փորձում է ինչ-որ ակտիվություն դրսևորել, սակայն Հայաստանում կոմունիստների ժամանակն անցել է»,- նկատում է  Արմեն Բադալյանը:

Փորձագետի կանխատեսմամբ՝ առաջին երկու տեղերը դժվար չէ կռահելը՝ «Ծառուկյան դաշինք» և «Հանրապետական» կուսակցություն, թե որ քաղաքական ուժը կհայտնվի 3-րդ տեղում, ցույց կտա  ժամանակը: Մինչ այժմ տեղի ունեցած իրադարձություններն ու տարբեր բնակավայրերում տեղի ունեցած միջադեպերն ամփոփելով՝ Արմեն Բադալյանը եզրակացնում է՝ «Սա գաղափարական պայքար չէ, այն ավելի շատ նման է կրիմինալ միջոցառման»:

«Քարոզարշավը թույլ բովանդակային մաս ունի, մյուս կողմից՝ սոցիալական պայմաններն են վատ: Նման պարագայում ազդեցիկ գործոն է դառնում ընտրակաշառքը, որը մոտ 50 տոկոսով կարող է ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Մարզերում այս ցուցանիշն ավելի բարձր է»,- նշում է քաղաքագետը:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register