ՔԱՐԻՑ ՀԱԿԱԲԻՈՏԻԿ ՔԱՄՈՂ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴ

6

Տարածված կարծիք կա․բոլոր անհասկանալի հիվանդությունների դեպքում պետք է խմել հակաբիոտիկներ, դրանք իբրև թե բուժում են ցանկացած՝ ձեր լսած ու չլսած հիվանդությունները: Տպավորությունն այնպիսին է, ասես հակաբիոտիկներին կարգին համոզելու դեպքում դրանք կարող են կասեցնել անգամ՝ աշխարհի վերջն ու կլիմայական փոփոխությունները։

Մի կողմից՝ բժիշկները շարունակում են պնդել, որ ամեն փոքր առիթի ու մրսածության դեպքում հակաբիոտիկներ խմելը սխալ է, այն կարող է վնասել օրգանիզմին։ Բայց մյուս կողմից էլ մեր հայրենակիցներն  ամեն փռշտոցից հետո վազում են հակաբիոտիկի ետևից՝ համառորեն անտեսելով բժիշկների ցուցումը: Ավելին, հակաբիոտիկներ գնելուց հետո էլ պարտադիր կերպով հակասնկային դեղամիջոցներ են ընդունում, քանի որ լսել ու տեսել են, որ դրանք  պետք է հակաբիոտիկների հետ պարտադիր խմե:

Իրականում ,սակայն, հակասնկային դեղորայքը պետք է ընդունել սնկային հիվանդության դրսևորման ժամանակ, կամ երբ բարձր ռիսկի գոտում եք։ Բայց արի ու տես, որ հակասնկային բուժումը հակաբիոտիկների հետ նշանակելն այնքան է արմատացած մարդկանց մեջ, որ ցուցումների մեջ հակասնկային դեղորայքի անունը չգտնելու  դեպքում պրոֆեսիոնալ  բժշկին կարող են անգամ անգրագիտության մեջ մեղադրել:

Ի վերջո, վերադառնալով դարեդար  քննարկվող ու քարից հակաբիոտիկ քամող մեր ժողովրդի բուժական սիրելի տարբերակին՝ ևս մեկ անգամ  ուզում ենք քննարկել՝ արդյո՞ք պետք է սովորական հարբուխի կամ այլ  հիվանդության դեպքում հակաբիոտիկ խմել։ Պատասխանն է՝ ոչ։ Եվ, ահա թե ինչու։

Հակաբիոտիկներով միջին վիճակագրական հարբուխ բուժելը հնարավոր է  միայն  ներշնչանքի ու մտքի ուժի օգնությամբ, մի պարզ պատճառով՝ հակաբիոտիկներն ազդեցություն ունեն բակտերիալ ծագման  հիվանդությունների դեպքում, իսկ հարբուխը վիրուսային հիվանդություն է։ Գրիպի դեպքում հակաբիոտիկ խմելը նման է՝ գլխացավի դեպքում ծնկի հոդերին տաքացնող քսուք քսելուն։

Ի՞նչ տարբերություն. եթե, այնուամենայնիվ, որոշել եք սխալ բուժում ստանալ ու ներշնչել ձեզ, թե հենց դա է ձեզ օգնել, ավելի լավ է քսուք օգտագործեք, քան թե ներսից թունավորեք  ձեր օրգանիզմը։ Եվ այո, վիրուսն ու բակտերիաները նույնը չեն։ Ահա կարճ տեղեկատվություն երկուսի մասին։ Բակտերիաները միկրոօրգանիզմներ են, սովորաբար միաբջիջ կազմություն ունեն և նրանց կազմությունն  ավելի պարզ է՝ եթե համեմատենք կենդանիների կամ բույսերի բջիջների հետ։ Իսկ վիրուսը     (որն, ի դեպ, լատիներենից թարգմանաբար նշանակում է «թույն») ավտոնոմ գենետիկ էլեմենտ է, որը կարող է առաջանալ միայն կենդանի բջիջների մեջ։ Եվ երբ այն ներթափանցում է բջիջների մեջ՝ ծնվում է ինֆեկցիան։

Կարճ ասած՝ վիրուսն ու բակտերիան բացարձակ տարբեր ծագում ունեն։ Ու եթե բակտերիաներն ինքնամոռաց վերանում  են հակաբիոտիկների շնորհիվ, ապա վիրուսների համար նրանք  բացարձակ ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Իհարկե, որոշ դեպքերում հարբուխի բուժումը կատարվում է նաև  հակաբիոտիկների օգնությամբ, երբ այն ավելի բարդ փուլով է զարգանում։ Օրինակ, եթե ունենաք բակտերիալ վարակ և ձեր գրիպը  փոխակերպվի թոքաբորբի, որոշ դեպքերում հարկադրված կլինեք հակաբիոտիկ օգտագործել։ Իհարկե, ձեռքով շոշափելով հնարավոր չէ բացահայտել թոքաբորբի վերաճած գրիպը։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մասնագետներ, որոնց մենք «բժիշկներ» ենք անվանում և գուցե շատերը չհավատան, բայց հենց այս մասնագիտության տեր մարդիկ են իրավասու ախտորոշել ու դեղորայքային բուժում նշանակել։ Եվ որքան էլ մեր ծանոթները համոզված լինեն, որ տատիկի մեթոդներն ավելի «ուժեղ» են, չփորձեն ընդունել, որ հեղհեղուկ գիտելիքով շատ բժիշկների կողքին կան  նաև հրաշալի մասնագետներ, փաստը մնում է փաստ, որ առողջության վրա փորձեր կատարելու դեպքում ամեն անգամ չի կարող ձեր բախտը բերել ու մի օր էլ՝ կարող եք փաստի առաջ կանգնել։

Վերջին շաբաթների ընթացքում վիրուսները բավականին տարածվել են թե՛ աշխատավայրերում, թե՛ դպրոցներում ու մանկապարտեզներում։ Հասկանալի է, որ օր առաջ ուզում ենք ազատվել քթի տհաճ ֆսֆսոցից, բարձր ջերմությունից ու գլխացավից, բայց ցանկացած հիվանդություն  պետք է գրագետ բուժել՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։

Ու ցանկալի է մեկընդմիշտ հիշել, որ սովորական հարբուխի դեպքում հակաբիոտիկ խմելն անիմաստ է: Եվ հետո՝ հակաբիոտիկ խմելիս էլ պարտադիր չէ հակասնկային դեղամիջոց ընդունել, և որ այս և մնացած բոլոր հարցերը պետք է որոշի բժիշկը։

Սյունե Սևադա  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register