ՊԱՏԵՐԱԶՄՈւՄ ԿՈՐԱԾՆԵՐԸ

1

Արցախյան հակամարտությունը շարունակվում է… Շարունակվում է՝ փակուղի մտնող բանակցություններով, լոկալ բախումներով, նաև՝ անհայտությամբ: Ապշել կարելի է, թե 21-րդ դարում՝ տեղեկատվական հոսքերի գերառատության շրջանում ինչպես կարող է անհայտություն լինել, ինչպես կարող են մարդիկ զրկված լինել միմյանցից տեղեկություն ունենալու հնարավորությունից: Պարզվում է՝ հնարավոր է, որովհետև պատերազմն իր օրենքներն ու «տրամաբանությունն» ունի: Երկխոսությունից ամեն կերպ խուսանավող Բաքուն, օրինակ, առայսօր փակ ու մունջ է՝ անհայտ կորած ազատամարտիկների մասով:

Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաև` Արցախյան հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս օրն ամենևին էլ պատահական չէ ընտրված:

Հեռավոր 92-ի այս օրերին դաժան մարտեր էին մղվում Արցախի Մարտակերտի շրջանում  և «Հասան Ղայա» ադրբեջանական անվամբ, սակայն հայկական գյուղի շրջակայքում: Հենց այստեղ է եռակողմ շրջափակման մեջ հայտնվում հայկական ջոկատներից մեկը, որը չի նահանջում ու չի հանձնվում հակառակորդին: Ադրբեջանցիները կռվից հետո անգամ թույլ չեն տվել կրակի գոտուց հանել զոհված հայ տղաների մարմինները, ավելին՝ այնպես են քողարկել, որ չեզոք գոտում առայսօր էլ հնարավոր չէ գտնել այդ տարածքն ու ազատամարտիկների մասունքները:

Սա է դաժան իրականությունը, սա է պատերազմի դեմքը: Իսկ անհայտ կորածների թիվը հատկապես մեծ է քաղաքացիական անձանց, խաղաղ բնակչության շրջանում: Նույն չարաբաստիկ 92-ին ռուսական բանակի ու զինտեխնիկայի աջակցությամբ ադրբեջանական զինյալ խմբերը լայնաճակատ հարձակման անցան, կարողացան բռնազավթել Շահումյանն իր շրջակա հայկական գյուղերով ու անարգել շարժվել դեպի Մարտակերտ:

Հայկական կամավորական ուժերն ի զորու չլինելով դիմագրավել հարձակմանը, կարողացան ապահովել միայն խաղաղ բնակչության դուրսբերումը անվտանգ գոտի: Սակայն շատ գյուղերում տասնյակ մարդիկ՝ ծերեր, հիվանդներ, մնացին իրենց տներում և առայսօր նրանց ճակատագիրը մնում է անհայտ:

Խնդրով զբաղվող կառույցների մոտավոր տվյալներով արցախյան հակամարտության շրջանում անհայտ կորածների թիվը 950 է, որից 400-ը՝ զինծառայող ու ազատամարտիկ, 550-ը՝ Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ են: Անցած տասնամյակների ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով հաջողվել է ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց ազատել ադրբեջանական գերությունից:

Մի կողմից շարունակելով մերժողական կեցվածքը խնդրի խաղաղ կարգավորման դաշտում, Ադրբեջանը մյուս կողմից էլ միջազգային ամբիոններն օգտագործում է Հայաստանին ագրեսոր հռչակելու, սև քարոզչության նպատակներով:
Շարունակվող հակամարտությունն արյունաքամ անող վերքի է նման: Ցավալի է, սակայն միջազգային հանրությունն առայսօր չունի պատերազմի օջախները մարելու գործուն միջոցներ: Ահաբեկչական պատերազմը ժանտախտի պես տարածվում է աշխարհով մեկ:
Հունիսի 29-ը ևս մեկ տխուր տարելից և առիթ է՝ խոսելու պատերազմի ու նրա դառը հետևանքների մասին, խոսելու արտաքին ամբիոններից, պահանջելու, որ մարդկությունը պարզապես չնահանջի քաղաքակրթությունից և ընդունի, որ արևի տակ բոլորի համար տեղ ու զարգանալու հնարավորություն կա:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի

Սիրով` ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register