«ՓՈՂՈՑԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕՐ». ԼԻՏՎԱՅԻ ՆՎԵՐԸ ԵՐԵՎԱՆԻՆ

Մայիսի 21-ի երեկոյան Հյուսիսային պողոտան երաժշտական ամենաիսկական տոնավաճառ էր հիշեցնում: Ճեմուղու տարբեր հատվածներում տարատեսակ երաժշտական գործիքների ձայներ էին լսվում, որոնք, միախառնվելով իրար, յուրօրինակ մթնոլորտ էին ստեղծում՝ ներկաներին տեղափոխելով պողոտայով մեկ ձգվող խիստ «առաձգական» բեմահարթակ: Հյուսիսային պողոտան պարուրել էր կենդանի երաժշտությունը: Ունկնդիրների պակաս նույնպես չէր զգացվում:
Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ Լիտվայի դեսպանատան կողմից կազմակերպված «Փողոցային երաժշտության օր»-ն էր անսպասելի աժիոտաժի ու «էքսպրոմտ» տոնականության պատճառը: Ձեռնարկից անտեղյակ մարդիկ լսելով երաժշտության այնը, մոտենում էին ձայնի ուղղությամբ և ակամայից վերածվում հանդիսատեսի: Իրավ որ, փողոցում հնչող երաժշտությունն ավելի կենդանի ու գրավիչ է: Մի տեսակ ավելի անմիջական ու առինքնող: Հյուսիսային պողոտան շաբաթ երեկոյան մարդաշատ էր: Մի վայրում հնչում էր վոկալ կատարում, մեկ այլ տեղ ելույթ էին ունենում լարային գործիքները, երրորդ հատվածում դասական ստեղծագործություններ էր կատարում կվարտետը, չորրորդում հնչում էր Կոմիտաս` երաժշտական քանոնների կատարմամբ: Ի թիվս շատերի,Հյուսիսային պողոտայում ելույթ էին ունենում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ տարբեր երաժշտական գործիքներով և տարբեր կատարումներով: «Լիտվայի դեսպանատան կողմից կազմակերպված փառատոնին, որն ի դեպ, իրենց մոտ «Փողոցային երաժշտության փառատոն» է կոչվում, որոշեցինք մենք էլ մասնակցել: 16 երկրներում անցկացվող փառատոնին, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում», մեզ հետ զրույցում պարզաբանում է դպրոցի տնօրեն Ալինա Վարդանյանը:
Լիտվայի դեսպանատունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանն էլ ընդառաջելով դեսպանատան նախաձեռնությանը կազմակերպել է մնացած միջոցառումները: Փառատոնի թե երգացանկը, թե մարդացանկը ընդգրկուն է: Բացօթյա տարածքում հնչում են թե դասական, թե ժողովրդական կատարումներ: Ի դեպ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում են ուսանում նաև Լիտվայի հյուպատոս Դովիլա Սուրվելեյդայի երեխաները: Նրանք նույնպես ելույթ ունեցան Հյուսիսային պողոտայում և ֆլեյտայով և ջութակով իրենց կատարմամբ հաճույք պատճառեցին ներկաներին: Մեզ հետ զրույցում Լիտվայի հյուպատոս Դովիլա Սուրվելեյդան անդրադարձավ միջոցառման խորհրդին ու նշանակությանը: «Մենք՝ Լիտվայի բնակիչներս, շատ ենք սիրում նվագել ու երգել: Ձևավորված ավանդույթի համաձայն, ամեն տարի մայիս ամսին մենք Լիտվայում դուրս ենք գալիս փողոց՝ երգելու և նվագելու: Ու այդ ավանդույթին հետևում են ոչ միայն մայրաքաղաք Վիլնյուսում, այլև մնացած բոլոր քաղաքներում: Ու քանի որ այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Լիտվայի դեսպանատունն, ի դեմս մեր դեսպանի, որոշեց այսպես նշել այդ կարևոր տարեդարձը: Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Փողոցային երաժշտության օրվա» կյանքի կոչման հարցում մեզ աջակցեց Երևանի քաղաքապետը»:
Գագիկ Մարգարյան