ՓՈՐՁՆ Ու ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԵՆ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

1

Ամիսներ առաջ հին Հայաստանում իրավական մի դրույթ էր շրջանառվում, ըստ որի՝ պետական մարմիններում մամուլի քարտուղարները պարտադիր պետք է մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ ունենան և լինեն գոնե երեսուն տարեկան: Շատ այլ գրված ու չգրված դրույթների ու օրենքների պես այս մեկն էլ արագ հնացավ, իսկ նոր կառավարության կազմի  հաստատումը ցույց տվեց, որ գործադիր իշխանության միջին  տարիքը քառասունին մոտ է:

Քանի որ համացանցը դարձել է Հայաստանի օպերատիվ իրականությունը, հենց այստեղ էլ մարտեր ծավալվեցին երիտասարդ նախարարների շուրջ: Ընդ որում՝ թունդ հեղափոխականներն ասում են, որ հենց երիտասարդությունն է նրանց առավելությունը,  իսկ հակահեղափոխականները պնդում են, որ կառավարման փորձ չունեն՝ կտապալվեն: Զինադադարը շաքարով կտրեմ,  իսկ ինչո՞ւ ենք  մենք հակադրում փորձն ու երիտասարդությունը, գիտելիքն ու մասնագիտական կարողությունները: Այնպես,  ինչպես վերջին երկու ամսվա մեր իրականությունն ենք փորձում սև ու սպիտակի բաժանել, այդպես էլ նոր կառավարությանն ենք նայում:

Ես այս խնդրին այլ կերպ եմ նայում. նոր կառավարությանն ընդունում եմ որպես նոր իրողության տրամաբանական ծնունդ. լավ, վատ, սև, սպիտակ պիտակներն առնվազն երեք ամսով պահ եմ տվել: Հետևաբար, փորձում եմ տեսնել նախ այն դրականը, որ մեր կառավարման համակարգ կբերեն երիտասարդները: Իսկ նրանք վստահաբար թարմ, թեկուզև պակաս տեղեկացված մոտեցումներով են:

Եթե հաշվի առնենք, որ մեր պետական կառավարման համակարգը ուռճացված էր, տեղ-տեղ նաև՝ կոռումպացված և բավարար աշխատելով հանդերձ, ծանր էր շնչում, ապա թարմ օդն  իսկապես անհրաժեշտություն էր, մանավանդ որ անկախության առաջին տարիներից խորհրդային «ապարատչիկների» մի հոծ բանակ իր դրական ու բացասական հետևանքներով ձևավորեց նորանկախ երկրի կառավարման համակարգի հիմնական մասը:

Իսկ այսօր կառավարման համակարգ են եկել մարդիկ, որոնք կա՛մ անկախ Հայաստանի ծնունդ են, կա՛մ միայն վաղ մանկությամբ են  կապված երկրի խորհրդային անցյալին:

Այս մարդկանց ծանր փորձություն է սպասում իշխանության կուլիսներում. այո՛, փորձի պակասն էլ զգացնել կտա, սակայն, ըստ իս, ամենամեծ փորձությունը կլինեն ներքին բախումները կարծրատիպերի սովոր ապարատի և մոդեռն կառավարիչների միջև: Բայց հենց այստեղ էլ տեսնում եմ լավագույն լուծումները՝ մի պայմանով: Եթե երիտասարդ կառավարիչները կարողանան տեսնել իրենց կառույցների առողջ հատիկները,  հենվել  կարող մարդկանց վրա, թիմ դառնալ  նրանց հետ ու իսկապես աշխատել նվիրումով:

Իսկ եթե նրանք առաջնորդվեն միայն՝ «էս ինչ կեղտոտ պադյեզդ է» սկզբունքով և իրենց որակյալ կրթության տեսական թեզերով, ապա  կձախողեն վստահաբար: Աշխատող համակարգը ոչ թե քանդվելու, այլ լրջորեն վերափոխվելու  կարիք ունի:

Եթե երիտասարդ կառավարիչներն ուժ գտնեն  իրենց մեջ և կարողանան անաչառ լինել ու սկսեն մարդկային հարաբերությունների առողջ դաշտից, ապա  շատ արագ  կհասնեն  նաև մասնագիտական ներուժի բացահայտումներին և այդ դեպքում արդեն նախկինների դառը փորձառությունը չունենալով կշահեն միայն:

Մեկ էլ՝ մեր հարմարավետության գոտիներից դադարենք առիթ-անառիթ դափնիներ կամ հակառակ՝ լուտանքներ սփռել ասենք՝ մեկնումեկի փռշտալու կամ նույնիսկ  հազալու վերաբերյալ:

Սյունե Սևադա 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register