ՓՈՔՐԻԿՆԵՐՆ ՈՒ «ԾՈՎԸ»…

Մոտեցող ամառը պետք է բարի լինի բոլորի համար, հատկապես երեխաների՝ անկախ նրանց տարիքից, սեռից ու բնակավայրից: «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը մանկատանն ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային հանգիստն ավելի գունեղ դարձնելու նպատակով հանդես է եկել բարեգործական նախաձեռնությամբ:
«Բարի ամառ»: Այսպես է կոչվում ծրագիրը, որի շրջանակում երեխաների ձեռքերով պատրաստված կախարդական գանձատուփերը բաժանվում են բոլոր ցանկացողներին՝ անհատներին ու կազմակերպություններին: Գանձատուփերում մինչև հունիսի 10-ը հավաքվելիք գումարն էլ ծառայելու է հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային հանգստին՝ Աղվերանում և Սևանում: Խոսելով երեխաների հանգստի կազմակերպման և հասարակությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, «Բարի մամա» բարեգործական ՀԿ նախագահ Մարինա Ադուլյան-Անդրյանը նշում է.
Հայաստանի որոշ մանկատներում բացակայում են անգամ թեքահարթակները, և հաշմասայլակին գամված կամ քայլել չկարողացող երեխաները տարվա գրեթե բոլոր օրերն անցկացնում են իրենց սենյակում՝ չկարողանալով դուրս գալ այնտեղից: Մեր գլխավոր նպատակն է օգնել երեխաներին՝ հաղթահարել հոգեբանական խնդիրներն ու ընտանեկան ջերմություն ստանալ»:
«Բարի ամառ» ծրագիրն արդեն 2-րդ տարին է անցկացվում: Անցած տարի հանգանակված 1.500.000 դրամով «Բարի մամա»-ն կարողացել է 28 երեխայի ու նրանց ծնողների հանգիստը կազմակերպել Աղվերանում, 36 երեխա էլ մեկնել է Սևան: Ընտրված երեխաները Մասիսի վերականգնողական կենտրոնի, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներն են:
«Անհնար է նկարագրել երեխաների ուրախությունը, նրանց դեմքի արտահայտությունը, երբ տեսան Սևանը: Անհնար է բառերով ներկայացնել, թե ինչպես վախը հաղթահարած երեխաները, անգամ սայլակով՝ մտնում էին ջուրը»,- պատմում է Մարինան:
Երեխաների ուրախությունը երկարաձգելու, նրանց ևս մեկ անմոռանալի ամառ պարգևելու նկատառումով էլ «Բարի մամա» ՀԿ-ն որոշելէ այս տարի նույնպես նմանատիպ ակցիա նախաձեռնել: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս բարի գործում, կարող են դիմել կազմակերպությանը, վերցնել գանձատուփ և գումար հանգանակել դրա մեջ: Ցանկացողները կարող են պարզապես գումարները փոխանցել կազմակերպության հաշվեհամարին՝ 1510027478070100, ՀՀ դրամ, «Արարատ բանկ», ստացող՝ «Բարի մամա»» ՀԿ:
100 գանձատուփ արդեն գտել է իր ժամանակավոր տիրոջը: Ծրագրի ավարտից հետո «Բարի մամա»-ն պատրաստվում է հրապարակել իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: