ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

strit

Կան մարդիկ՝ արվեստագետներ, կամ էլ՝ ոչ այնքան, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքը նվիրել քաղաքին, դարձնել նրա անբաժան մասը, առանց հաշվի առնելու՝ իսկ քաղաքն այդ ուզու՞մ է:Ամեն դեպքում՝ նրանք անում են իրենց «սևագործը» կամ արվեստը, քաղաքացիներինտալով հիացմունքի, զարմանքի, զայրույթի կամ մտորելու առիթ: Յուրաքանչյուր պատ նրանց համար գայթակղություն է, ևնրանք «ինքնարտահայտվում են»՝մասնավորի և հանրայինի հանգամանքին անտարբեր: Երկար ժամանակ ստեղծագործելու ամենահարմար վայրը շենքերի բակ տանող դալաններն էին, որտեղ սիրո խոստովանությունների և թաղի տղաների ընկերության փաստագրված տողերի արանքում հաճախ հայտնվում էին իրոք հրաշալի աշխատանքներ: Այժմ դալանները զբաղված են: Երևանի քաղաքապետարանի շնորհիվ 2011-12 թվականներին վերանորոգվել և նկարազարդվել են բազմաթիվ կամարանցումներ: Մի կողմից կամարանցումները երբեմն հեքիաթային տրամադրություն են հաղորդում անցորդներին, մյուս կողմից՝ «փողոցայինները» զրկվել են փոխզիջումնային շատ հարմար տարածքից: Այժմ սկսնակ նկարիչները ազատ տարածքներ են փնտում Երևանի արվարձաններում, լքված շինություններում, քանի որ կենտրոնում և մարդաշատ վայրերում յուրաքանչյուր քառակուսի մետրը կա՛մ մասնավորին է պատկանում, որը թույլ չի տա ազատ ստեղծագործել, կա՛մ էլ հանրային տարածք է, որտեղ աշխատելու համար նույնպես  թույլտվություն է հարկավոր:

Փողոցային արվեստը իսկապես կարող է բազմիմաստ լինել. էսթետիկական, ճանաչողական, քաղաքական, գովազդային, անձնական բնույթի:

2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ ժամանակ ծագեց հայ և օտար հայտնի գրողներին քաղաքում պատկերելու գաղափարը:  Նախաձեռնողներից մեկը «BB media»-ն էր: Այդ նախագծի ամենահայտնի աշխատանքներից է Էդգար Ալան Պոյի գրաֆիտին Աբովյան փողոցի կամարանցումներից մեկում: Աշխատանքներին մասնակցած Շուշան Դանիելյանը այն կարծիքին է, որ սթրիտ-արթը ճանաչողական բնույթ կրում.

  • Աշխատանքը կատարել ենք երկուսով: Ես բարձրությունից վախենում եմ, և Պոյի վերին հատվածը Կարենն է նկարել: Այդ ժամանակ պատն ամբողջովին մաքուր էր: Քաղաքապետարանի նոր ծրագրով սակայն՝ ավելացրեցին Խաչատուր Աբովյանին ևգրքերը: Ճիշն ասած՝ չեմ կարծում, որ դրանք մեր կատարած աշխատանքի հետ համատեղելի են:

Իսկ երբ նկարում էինք Պոյին, մի տարեց կին մոտեցավ և, ոգևորված մեր գործով, նոր աշխատանք առաջարկեց՝ նամականիշների ձևավորում: Իհարկե, հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են:

Սթրիթ-արտն ինձ համար ավելի շատ ճանաչողական բնույթ ունի:  Նաև պետք է աչքին հաճելի լինի: Աբովյան փողոցով ամեն օր մարդկանց մեծ հոսք է անցնում և նրանց մի մասը գուցե կհետաքրքրվի, թե ով է Էդգար Ալան Պոն: Աշխատանքը պետք է նաև աչքին հաճելի լինի: Սայաթ-Նովա փողոցում՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, նկարել էի Աննա Ախմատովային, բայց այդքան էլ հաջող չէր ստացվել: Ի վերջո, շենքի բնակիչները ջնջեցին:

Այժմ նոր թիմով ծրագիր ենք մշակում, որ այնպիսի գործեր անենք, որոնք միայն անձրևի ժամանակ տեսանելի կլինեն»:

Երևանում փողոցային արվեստի ամենահայտնի աշխատանքներից մեկը Արտ լաբարատորիայի՝ Մյասնիկյան պողոտայում, կենդանաբանական այգու դիմաց պատկերված «Տղան և ինքնաթիռները» աշխատանքն է: Հետագայում հարևանությամբ հայտնվեցին Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի պատկերները (հեղինակ՝ Ռոբերտ Նիկողոսյան), ի դեպ՝նորից բացարձակապես անհամատեղելի «Տղան և ինքնաթիռները» գործի հետ: Հայ գրողների պատկերները լուսանկարներից արտատպված խոշոր գրաֆիտիներ են, այսինք՝ այստեղ առանձնապես ստեղծագործական աշխատանք էլ չկա, եթե համեմատենք, օրինակ՝ Պոյի դիմանկարի հետ:

Այնուամենայնիվ, սթրիտ-արտը ոչ միայն հանրային տարածքում արվող արվեստ է: Այն օրենք խախտող արվեստ է, երբ նկարիչը խնդիրներ է ունենում ոստիկանության հետ: Հայաստանում նույնպես կան քաղաքական, սոցիալական խնդիրների մասին փողոցային արվեստի աշխատանքներ, որոնք շատ կարճ կյանք են ունենում և քաղաքի պատերից ջնջվում են՝ հայտնվելով համացանցում՝ որպես փաստավավերագրական լուսանկար:

Գարեգին Ալեքսանյան

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register