ՓԱՅՏԻ ԹԱԳՈՒՀԻՆ

2

Սուսաննա Օհանյանը 20 տարուց ավելի է, ինչ զբաղվում է փայտամշակման արվեստով: Վանաձորի  հեռավոր թաղամասերից մեկում գտնվող արվեստանոցը տիկին Սուսաննան վերածել է իսկական թանգարանի՝ իր հարկի տակ ընդունելով ոչ միայն տեղաբնակ արվեստագետներին, այլև Հայաստանի տարբեր մարզերից ժամանած զբոսաշրջիկներին: Թանգարանում ներկայացված են տիկին Սուսաննայի՝ տարբեր տարիներին արված աշխատանքները՝ թումանյանական հերոսներից մինչև հայկական ավանդական զբաղմունքները խորհրդանշող քանդակներ:

1

-Թումանյանի հեքիաթների հերոսներին նվիրված շատ հարթաքանդակներ ունեմ: Ստեղծել եմ նաև հայկական զբաղմունքները պատկերող քանդակներ. այս մեկն,օրինակ, վարի տեսարանն է, մյուսում ձեթ ստանալու պրոցեսն եմ պատկերել… Մհեր Մկրտչյանին նվիրված քանդակն է՝ նրա հավերժությունը խորհրդանշող պատվանդանն ու իր հայտնի տակառիկը,- փայտե իրերի «ամենաթանկարժեք» մասն է ներկայացնում տիկին Սուսաննան: Ցուցասրահ-թանգարանի մյուս հատվածում «ընտանեկան անկյունն» է: Այստեղ ներկայացված իրերը տարբեր ժամանակներում օգտագործվել են Օհանյանների ընտանիքի անդամների կողմից: Ամենահին իրերը՝ մանկական օրորոցը, պանրի տաշտը, արդուկներն ու ճախարակները «գալիս» են դեռ 1900-ական թվականներից:

4

 -Արդուկն ու ճախարակը հորաքրոջս օժիտն են եղել, տարիներ առաջ  նա է ինձ նվիրել: Այս օրորոցում քնել են հորս հորեղբայրն ու նրա որդին: Հորս պապն է այն պատրաստել իր որդու համար: Սրանք խաղալիք տաշտեր են, որոնք 1943 թվականին հայրս է պատրաստել իր քույրերի համար: Տրեխները, ալյուրի մաղերը նույնպես հորս ձեռքի գործն են,- ասում է «Փայտի թագուհին»:

Տիկին Սուսաննան աշխատում է տանձի, ընկույզի, լորենու ու այլ փայտատեսակներով: Ամեն  ծառատեսակ իր դժվարությունն ունի՝ ասում է նա: Տասնամյակների ընթացքում, սակայն,  տիկին Սուսաննան հասցրել է ծանոթանալ բոլոր նրբություններին, և հիմա ցանկացած գերան նրա մատների տակ հեշտությամբ ընդունում է մեկ պարուհու, մեկ ծաղկամանի, մեկ այլ իրի տեսք:

5

– Մոտ 4 տարի է՝ աշխատում եմ ժողովրդական պարուհու քանդակի վրա:  1 մետր 70 սմ էր հասակը. 4 անգամ փոքրացրել եմ չափսը, որ կարողանամ մարմնի համաչափությունը ստանամ: Մի քանի դետալ է մնացել, ու կավարտեմ,- ասում է տիկին Սուսաննան ու հավելում,- սուրճ կխմե՞ք:

7

-Ոչ, շնորհակալ եմ:

-Իսկ թե՞յ:  «Самовар»-ով (ինքնաեռով):

– «Самовар»-ո՞վ: Վերջին անգամ գիտե՞ք  երբ  եմ «самовар»-ով թեյ խմել՝ 5 տարեկանում,- ժպտում եմ ես:

-Հիմա բերեմ…,- ասում է տիկին Սուսաննան ու արագ գործի անցնում: «Փայտի թագուհու»  հետ խմված« самовар»-ով թեյը բոլորովին այլ համ ունի…

Տաթևիկ Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register