ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

1

Ավստրալիական լրատվամիջոցների հրապարակումներից մեկը օրերս գրավեց ուշադրությունս: Խոստովանեմ, ընթերցանությունն ուղեկցվեց հայկական զուգորդումներով, որ ինքս  էի փորձում գտնել, ինչը սակայն, այդպես էլ չհաջողվեց: Ծանրակշիռ մի քանի պարբերականներ անդրադարձել էին երկրի առողջապահական  խնդիրներին: Վերջիններիս  կանխատեսման համաձայն, մոտ 30 տարի հետո՝ բնակչության  շրջանում իրականացվող պատվաստումների շնորհիվ Ավստրալիային կհաջողվի վերացնել արգանդի վզիկի քաղցկեղ կոչված չարիքը: Հոդվածներից մեկի վստահեցմամբ՝ առաջին արդյունքները հուսադրող ու խոստումնալից են: Սա ինձ հիշեցրեց Հայաստանում ամիսներ առաջ ակտիվորեն քննարկված պատվաստումների թեման, որը հասարակության լայն շերտերում այդպես էլ դրական  ընկալման չարժանացավ: Ի՞ նչն էր պատճառը և արդյոք այդքան վատ բան են պատվաստումները: Ես չեմ կարող պնդել, որ առաջին պատվաստումներն աշխարհում հեշտ են  ճանապարհ հարթել և միանգամից ընդունվել բնակչության  կողմից: Կտրուկ փոփոխությունները,  նորամուծությունները միշտ էլ փոքր-ինչ վախեցնում, խրտնեցնում են  մարդկանց: Սակայն  ժամանակը  ցույց տվեց դրանց օգտակարությունն ու կարևորությունը և տասնամյակներ անց մարդիկ համոզվեցին, որ շատ  հիվանդություններ ու դրանց համաճարակներ՝ շնորհիվ նույն այդ պատվաստումների պարզապես նահանջեցին ու վերացան:

Որոշ հիվանդություններ այսօր էլ  շարունակում են  մարդկության համար օրակարգային մնալ ու  սպառնալիք հանդիսանալ: Գիտական  միտքն ամբողջ աշխարհում շարունակում է գտնել դրանց լուծումները, իսկ  պատվաստումների միջոցով պայքարը գնալով ամրապնդում է դիրքերն ու տարածվում ավելի  շատ ախտերի վրա: Վերջին  տարիներին, օրինակ, մեծ տարածում են գտել  հակագրիպային պատվաստումները: Իրականում պետք չէ մոռանալ դրանց դրական ազդեցության մասին: Ես մի բան հասկացա՝ մարդիկ ավելի վստահեցին գրիպի դեմ  պատվաստմանը, քան դեռահասության տարիքից՝ պապիլոմա վիրուսի դեմ  պայքարին: Ինչո՞ւ, որովհետև գրիպն ավելի տեսանելի, տարածվա՞ծ էր և այդ մասին շատ ու երկար ժամանա՞կ էին խոսում: Այս գործոնն  իսկապես կա և  վկայաբերվող ցանկացած փաստարկի մեջ համոզվելու համար ժամանակ է անհրաժեշտ: Գարդասիլը մի տեսակ  շատ արագ  ներխուժեց մեր կյանք ու արագ էլ դիմադրության հանդիպեց: Ոմանց վախեցրեց տեղեկատվության պակասը, ոմանց անվճար պանրի, ներողություն, պատվաստման  հեռանկարը, ոմանց  էլ ընդհանրապես՝ պետության նկատմամբ  ունեցած անվստահությունը:

Մասնագետներն ասում են, որ արգանդի վզիկի քաղցկեղը սեռական կյանքի հետ այդքան էլ կապ չունի: Անգամ սեռական կյանք չվարող աղջիկների մոտ կարող է հայտնաբերվել քաղցկեղի այդ տեսակը: Այնպես որ, չի կարելի հրաժարվել պատվաստումից ինչ-որ թյուր պատկերացումների պատճառով: Պատվաստումները չարիք չեն, դրանք մասնագետ-գիտնականների տարիների,  տասնամյակների աշխատանքի պտուղն են և լայն արտադրություն են մտնում՝  արդյունավետության մեջ համոզվելուց հետո միայն:

Սա՝ որպես կանոն, իսկ իրականում ամբողջ հանրային առողջությունը կարող է տուժել, մեծ վնասներ կրել թերի տեղեկացված, կասկածամիտ և սնոտի պատմությունների  պատճառով: Վտանգը  ոչ թե պատվաստամիջոցի, այլ մութ դարերում ապրելու  և ժամանակակից բժշկության ձեռքբերումներից չօգտվելու մեջ է: Այս պատվաստանյութն առիթ է, որ հասարակությունը պահանջի ավելի սպառիչ տեղեկություններ, մասնագետները ցույց տան մյուս երկրների փորձառությունն ու անցած ճանապարհն այս հարցում: Թե չէ, մենք  նաև շատ տխուր պատմություններ գիտենք ժամանակին  բժշկի չդիմելու, արյունաբանական կամ զանազան հետազոտություններից սկզբունքորեն չօգտվելու  տխուր հետևանքների մասին: Մեզ երևի թե հիմնովին  ինքնապատվաստում է պետք՝ չիմացության դեմ, որպեսզի կարողանանք մեր չիմացածը սովորել ու տեղ տալ գիտական մտքին:

Սիրով ՝ձեր Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register