ՊԱՏՄԱԿԱՆ  ԵՐԵԿՈ «ԿԱՄՊ  ՆՈՈՒ» – ՈւՄ

barca

«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «կերավ» «Բարսելոնային» և…«չմարսեց»: 4 գնդակի առավելության  պայմաններում ՊՍԺ-ի մրցապայքարից դուրս մնալուն, թերևս խելագարները հավատային: Մարտի 8-ին տեղի ունեցած հանդիպումն իր տեսակի մեջ պատմական էր: Տարիներ շարունակ այն օրինակ է ծառայելու, ինչպես 1999 թվականին Բարսելոնում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, երբ սըր Ալեքս Ֆերգյուսոնի  գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին 2 գնդակ խփեց և  2:1 հաշվով հաղթեց «Բավարիային»:

«ՊՍԺ»-ն որդեգրել էր 2010 թվականին «Կամպ Նոու» ժամանած, տնային խաղում 3:1 հաշվով հաղթած «Ինտերի» մարտավարությունը: Այդ ժամանակ Մոուրինյոյի գլխավորած թիմին հաջողվեց գրագետ և ամուր պաշտպանության շնորհիվ պարտվել «Ինտերին» ձեռնտու 0:1  հաշվով: Ինչ էր անում «Ինտե՞րը»:  Իտալական ակումբը ցանկացած վտանգավոր և ոչ այնքան վտանգավոր իրավիճակում, երբ գնդակը հայտնվում էր իր կիսադաշտում, ուժեղ հարվածով առաջ էր ուղարկում, հույս փայփայելով որ հարձակվողներն «այնտեղ» մի բան «կմոգոնեն»: Նույնն  արեց նաև Ունայ Էմերիի «ՊՍԺ»-ն: Հենց առաջին վայրկյանից ֆրանսիական ակումբը  փակվեց իր ամրոցում: Համազգեստի պատճառով էլ տպավորություն էր ստեղծվել, թե մի խումբ տղամարդիկ սպիտակ դրոշներ են ման տալիս խաղադաշտով մեկ: Հենց այս պատճառով էլ խաղից հետո Էմերին և թիմի ֆուտբոլիստները խոստովանեցին, որ ոչ թե բախտը ժպտաց «Բարսային» կամ էլ կապտանռնագույն համազգեստով  մրցավարը նրանց օժանադակեց, այլ իրենք արժանի էին պարտության: Այո, մրցավարի գործողությունները վիճելի էին, բայց ասել, որ մրցավարը «ծախված» էր, առնվազն ծիծաղելի է: Պարզվում է, որ բազմաթիվ երկրպագուներ նույնիսկ առցանց ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով վերախաղարկել հանդիպումը:

Հավատը սարեր է շարժում: «Բարսելոնան» խաղի առաջին րոպեներից  վստահեցրեց, որ իրոք  հավատում է անիրագործելի թվացող հրաշքին: Արդեն 50-րդ րոպեին  կատալոնյան թիմը հաղթում էր 3:0 հաշվով: Մեկ գոլ էր բաժանում հավասարությունից, երբ 62-րդ րոպեին « ՊՍԺ»-ի առաջատար Էդիսոն Կավանին, սարի պես կանգնեց և ասաց՝ «ոչ»:

Ահա, այդ պահից սկսած «Բարսելոնային» հարկավոր էր ոչ թե 1 այլ երեք գնդակ խփել: Թվում էր՝ վերջ: Սպառվող ժամանակի և չխփված գոլերի հետ միասին մարում էր նաև հույսը: Հավանաբար երկրպագուների մեծ մասը չէր հավատում հրաշքին: 88-րդ րոպեին տուգանային հարվածն իրացնելու  նպատակով Նեյմարը մոտեցավ գնդակին: Այն ինչ արեց բրազիլացին պարզապես ֆուտբոլային արվեստի գլուխգործոց էր: 4:1 հաշվի ժամանակ անգամ նպատակի իրականացումն անիրատեսական էր թվում, որովհետև ժամանակը սպառվում էր: Հենց այդ ժամանակ էլ եղավ Լուիս Սուարեսի սարսափելի «խորտակումը» տուգանային հրապարակում: Հաշիվը դարձավ 5:1: Մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ կատալոնական ակումբի սան Սերժիո Ռոբերտոն հասավ Նեյմարի փոխանցմանը և… սկսվեց  կատալոնյան խելագարությունը, հուզմունքն ու  լացը: Ասում են՝ հենց այսպիսի խաղերի համար են սիրում ֆուտբոլը:

Փարիզում 0:4 հաշվով խայտառակվելուց հետո «Բարսելոնան» անընդմեջ հաղթանակների շարք գրանցեց:  Վերջին ամիսների իր լավագույն խաղը ցուցադրեց Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղից հետո, երբ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարեց, որ ամռանը հեռանալու է թիմից: Այդ հայտարարությամբ ասես բոլորի շղթաներն արձակվեցին: Խաղացողները «Սելտայի» հետ մարտի 4-ին կայացած խաղում թեթևացած և անկաշկանդ էին գործում, ինչպես իրենց լավագույն խաղերում: «Բարսելոնան» ցուցադրեց, որ ֆուտբոլում անիրական ոչինչ չկա, իսկ Ունայ Էմերին և «ՊՍԺ»-ն դեռ ճանապարհ ունեն՝ «Մեծագույնը» դառնալու …

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register