«ՊԱՏԵՐԱԶՄ ԱՆՑԱԾ ՄԵՔԵՆԱ Է, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈւՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈւՄ»

meena2

«Էս մեքենան դարձել է մեր ընտանիքի անդամը»

meqena4

« Ես որ ծնվել եմ՝ էս մեքենան մեր ընտանիքում արդեն եղել է, դարձել է մեր ընտանիքի անդամը: 1957թ-ին է արտադրվել մեր «Մոսկվիչը», հայրս է եղել առաջին տերը: Էդ թվին հայրս առել է, ու էդ օրվանից էս մեքենան մեզ է ծառայում: Մեր ընտանիքին մեր ուզած տեղը տանում-հասցնում է: Անգամ երկու անգամ Օդեսա է տարել: Գոհ ենք իրենից, ինքն էլ՝ մեզնից: Դե, ինչի՞ պետք է գոհ չլինի, լավ ենք իրեն նայում. ինչ գործ բացվում է, թերություններն արագ վերացնում ենք, մի քանի տարին մեկ գույնը թարմացնում ենք… Միշտ մարտական վիճակում է, որ եթե պետք լինի՝ մեզ տեղ հասցնի»,- ասում է ռետրո մեքենաների սիրահար Արմեն Չախմախչյանը, ում «Մոսկվիչ» մակնիշի մեքենան «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 8-ին ցուցադրվում էր «Շահումյան» հրապարակում:

Ռետրո մեքենաների ցուցադրությունը մարդաշատ էր: Երևանի հնաբնակներն ու տուրիստները, երիտասարդներն ու տարեցները եկել էին տեսնելու, լուսանկարվելու, տեսնելու հին ժամանակների մեքենաներն ու զգալու այն օրերի շունչը: Ոմանց մոտ դրանք անցյալի դրական հիշողությունների հետ էին ասոցացվում, մյուսներին՝ օգնում պատկերացում կազմել հեռավոր 50-ականների մասին:

meqena1

«Պատերազմ անցած մեքենա է, բայց հիմա հարսանիքներում է նկարահանվում»

Ցուցադրված 30 մեքենաներից ամենահինը 1934թ-ի արտադրության ավստրիական «Շտայեռն» է, որը բազմիցս նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում ու ֆիլմերում, շատ ամուսնական զույգերի էլ պսակադրության օրն ուղեկցել եկեղեցի: Սեփականատեր՝ Ժորա Պետրոսյանի վստահեցմամբ՝՝ «պատերազմ անցած մեքենա է», Հայաստան է բերվել հենց Ստալինգրադից: «Շատ վատ վիճակում է բերվել, բայց ռեստավրացիայի է ենթարկվել ու էս տեսքն է ստացել: Էս մեքենան հայտնի է որպես հարսանեկան մեքենա, տեսահոլովակների, ֆիլմերի մեջ շատ է նկարահանվել»,- ասում է Ժորա Պետրոսյանի դստեր ամուսինը՝ Կարենը: Ի դեպ, սա ընտանիքի միակ հարստությունը չէ: Տարբեր տարիների նրանց հնաոճ մեքենաների հավաքածուն համալրել են մոտ 15 ռետրո մեքենաներ: Հնաոճ մեքենաները Երևանի տոնի շրջանակներում ներկայացվում են 2009 թ-ից: Այս տարի ցուցադրությանը մասնակցում էր 30 մեքենա: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի հավաստմամբ՝ ֆեդերացիայի կազմում 100-ից ավելի մեքենա է գրանցված: « Հիմնականում 50-ականներին ԽՍՀՄ-ում արտադրված մեքենաներ են, բայց կան նաև իտալական, գերմանական, ավստրիական մեքենաներ: Հաշվի առնելով, որ այս տարի Փարիզի քաղաքապետն էլ էր Երևանում և Ֆրանսիայից բազմաթիվ հյուրեր ունեինք, ցուցադրեցինք նաև 1985թ.«Սիտրոեն» մակնիշի մեքենա»,- ասում է նա:

meena3

«Ասել եմ՝ եթե լավ չնայեցիք էս մեքենային, ուրեմն ինձ չեք սիրում»

Մխիթար Պետրոսյանը ցուցադրությանը ներկայացել էր 46 տարեկան «Գազ 22» ավտոմեքենայով: Հորից ժառանգություն ստացած մեքենայի մասին Մխիթար Պետրոսյանը յուրօրինակ սիրով է խոսում, ասում է՝ շատ են առաջարկել փոխանակել կամ վաճառել մեքենան, անգամ կլորիկ գումարի առաջարկները Մխիթարը մերժել է: «Առաջին հերթին՝ էս մեքենան ինձ համար հայրական ժառանգություն է, ձեռքս չի գնա վաճառեմ: Երեխեքս խոսք են տվել՝ ինձնից հետո իրենք են քշելու: Ասել եմ՝ եթե լավ չնայեցիք էս մեքենային, ուրեմն ինձ չեք սիրում»:

meena5

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register