ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ

karin

«Ազատության» հրապարակում հնչող երաժշտությունն ազգային էր, թևածող ոգին՝ հայկական: Այս ու այն կողմից հնչում էին ոգեշնչող, շարունակության կոչող «հե՜յ»-եր։ Քաղաքը «պարում էր հայերեն»։

Ապրիլի 29-ին նշվող պարի միջազգային օրը նշանավորվեց ազգային պարերով  ուղեկցված ու մայրաքաղաքի հենց սրտում կազմակերպված յուրօրինակ տոնախմբությամբ։ Երևանի քաղաքապետարանի և «Կարին» ավանդական պարի համույթի ղեկավարի կողմից կազմակերպված միջոցառման կողքով անտարբեր անցնելն ուղղակի անհնար էր, զբոսաշրջիկներին անգամ, այն անտարբեր չէր թողնում։ Չնայած բեմի բացակայությանը, բոլորը միասին էին պարում, սովորում էին պարել, լիցքավորվում էին էներգիայով ու  էլի ու էլի պարելու ցանկությամբ։

Ամեն պարից առաջ  համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ներկայացնում էր այս կամ պարի ծագումն ու անդրադառնում դրա նշանակությանը: Պարը միշտ էլ եղել ու մնում է հայ մարդու կյանքի մշտական ուղեկիցը։ Մեր նախնիները հնում ունեցել են ինչպես աշխատանքային, այնպես էլ ռազմական, հարսանեկան և շատ ու շատ այլ պարեր, որոնք էլ,ինչպես օրինակ Վասպուրականի «Մածուն եմ դրել վըր դարուն», Համշենի պարերից «Թրթռուկը» և «Քոչարին», Շատախի «Ռազմապարը», Ալաշկերտի «Քոչարին» և «Երեք ոտքը» դարձան «Ազատության» հրապարակում  հավաքվածների «ուսումնառության առարկան»։

Կային պարեր, որոնք «հանրային պահանջով» մի քանի անգամ էին կատարվում, ինչպես օրինակ «Յարխուշտան»։ Կռվի գնալուց առաջ՝ զարկելով ու զարկվելով, միմյանց հաղթական ոգի փոխանցելով  այս ռազմապարն են պարել մեր պապերը։ Հետաքրքիր էր նաև վերականգնված «Վանա ձկնորս» պարը: Աշխատանքային այս պարն ուղեկցվում էր ձկնորսության մասին երգով՝ «էրթանք ծովի մոտ, լե լե ջաան, քաշենք մեկ, քաշենք երկու, քաշենք վայ վայ, ուռկանի մեջը լեցուն ձուկ, հե՛յ» ։
Երեկոն  ոգեղեն էր, քանի որ հպարտության զգացում փոխանցելուց զատ պարտավորեցնում էր զգալ ազգայինի նշանակությունը, պարի միջոցով  միմյանց փոխանցվող հզոր էներգետիկան։

Արև Մախսուդյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register