ՕՏԱՐ Ու ՀԱՐԱԶԱՏ ԽԱՂԵՐ

tiknik

Հիշո՞ւմ եք, թե իննսունականներին որքան ցանկալի էին Բարբի տիկնիկները՝ երկարամազ, բարակիրան, գույնզգույն հագուստով: Մեզնից ավելի հաջողակներն անգամ Կեն՝ երեխաների լեզվով ասած՝ «տղա Բարբի» ունեին: Մենք նրանց համար փայլուն ապագա էինք ստեղծում. պատառոտված շապիկներից հագուստ էինք կարում, «դրսի» բարեկամներին խնդրում տիկնիկի սպասք ու կահույք ուղարկել մեզ, անգամ բարձ ու վերմակ էինք կարում՝ գերազանցելով բրդի հետ ճակատամարտող ու հաղթող մեր տատիկներին:

Շուտով Ամանոր է, երեխաներն  արդեն սիրելի խաղալիքներով նվերների ցուցակն են կազմում: Մենք էլ որոշեցինք Ձմեռ պապիկի ու  խանութի վաճառողների հետ պարզել՝ արդյո՞ք մեր ու այսօրվա սերնդի խաղալիքները նույնն են, ունե՞նք «մնայուն արժեքներ», ի՞նչ նորույթներ կան և ի՞նչ տեղ են գրավում հայկական խաղալիքները դրանց մեջ:

Մանկական խանութ մտնելիս անգամ մոռանում ես, որ աշխատելու ես եկել: Մինչ ես  ոգևորված ընտրում էի ինձ դուր եկած խաղալիքները, զարմացած վաճառողուհին մոտեցավ օգնելու: Պարզվեց, որ շուտ եմ ուրախանում. բացի նրանից, որ տարիքային շեմս փոքր-ինչ բարձր է 0-3 տարեկանից, դրամապանակս էլ հարմարեցված չէ խաղալիքներով ծանրաբեռնված դարակներին. շատ թանկ են: Սկսում են մոտ հինգ հազարից, հասնում երեսուն-քառասուն հազարի, երբեմն՝ ավել: Սա՝ մասնագիտացած խանութում: Բարձր գները վաճառողուհին բացատրեց խաղալիքների որակով. ալերգիկ չեն, չեն գունաթափվում, փափուկ խաղալիքները մազ չեն թողնում, ինչը կարող են կուլ տալ փոքրերն ու վնասել իրենց:

Դարակներում հայկական խաղալիքներ նույնպես կան: Ճիշտ է, համեմատաբար ավելի թանկ են, քանի որ (ըստ վաճառողի մեկնաբանության) քիչ քանակությամբ են արտադրվում:  Կան հայկական արտադրության չեբուրաշկաներ, անգամ հայերեն խոսող տիկնիկներ, որոնք փոքրերին կօգնեն հաշվել, կամ ուղղակի կզրուցեն իրենց հետ:  Աելի մեծ տարիքի երեխաների համար փայտե դետալներ, որոնցից կարողանում ես ինքնաթիռ, գնացք և այլ  խաղալիքներ հավաքել՝ էլի հայկական արտադրության, որոնք որակապես ոչնչով չեն զիջում արտասահմանյան խաղալիքներին: Էլի պահպանված են տարիքային նորմերը, որոնց խստորեն հետևում են աշխատակիցները՝ թույլ չտալով ծնողներին տարիքին անհամապատասխան խաղալիք գնել. «Բացի նրանից, որ ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, երեխաները կարող են վնասվել: Դեռ նոր-նոր քայլողներին գրավում են վառ գույները, խաղալիքներով պետք է նրանց  կամաց-կամաց տարրական ժեստեր սովորեցնել՝ արձակել-կոճկել, իրար վրա դնել, բացել-փակել: Եթե երկու տարեկան երեխային հինգ տարեկանի խաղալիք տանք, գուցե վնասի իրեն: Տեսեք, օրինակ այս արջուկի վրա մանր կոճակներ են, հինգ տարեկան երեխան  դադարում է ամեն բան կրծել, երկու տարեկան երեխան, հակառակը, ամեն բան տանում է բերանը. և հետաքրքրասիրություն է, և լնդերն են քոր գալիս: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե փոքրիկը կոճակը կուլ տա: Հայ ծնողները չոչ անող երեխայի համար մեծ, փափուկ արջուկներ են գնում, մինչդեռ սա շատ սխալ է: Տարիքային սահմանափակումը իզուր չէ նշված խաղալիքի վրա»,-նշում է աշխատակիցը:

Հայկական խաղալիքները հիմնականում ավագ երեխաների համար են, սկսում են յոթ-ութ հազարից, ավարտվում քսանհինգ-քսանվեցով: Ասում են՝ վատ չէ, վաճառվում են, բայց հայ արտադրողները շեշտը դրել են յուրօրինակ, ոչ թե՝ լայն տարածում գտած խաղալիքների վրա, հենց դրա համար նրանց խաղալիքները մեծ տարածում չունեն, բայց հուսով են, որ պատկերը հետագայում կփոխվի, որովհետև գումարը համապատասխանում է որակին:

Ոչ մասնագիտացած խանութներում խաղալիքներն անհամեմատ էժան են՝ երկու-երեք հազարով կարելի է տիկնիկներ գնել, ութ-ինը հազարով էլ՝ ինձնից փոքր-ինչ ցածրահասակ արջանման մի կենդանի: Հիմնականում թուրքական ու չինական խաղալիքներ են՝ առանց տարիքային բաժանումների: Փորձում եմ ճշտել՝ ուղղորդո՞ւմ են ծնողներին՝ կախված երեխայի տարիքից: Պատասխանում են՝ «Դե, ամեն ծնող ինքն է որոշում՝ երեխան ինչով խաղա: Վտանգավոր խաղալիքներ չունենք, տարիքային առումով առանձնացված չեն»: Երբ նշում եմ, որ, օրինակ, խորհուրդ չի տվում շատ փոքր երեխաներին փափուկ խաղալիքներով խաղալ, նշում են. դա մեր խնդիրը չէ, թող ծնողները մտածեն:

Հայկական խաղալիքներ ոչ մասնագիտացած խանութներում չկան, չորս հինգ խանութ ենք այցելել: Միայն մի տեղ տոնածառի խաղալիքների հանդիպեցինք, ասացին՝ կարծես թե հայկական են, բայց այդպես էլ չստացվեց ճշտել: Ստացվում է՝ տեղական արտադրություն պետք է փնտրել միայն մասնագիտացած խանութներում:

Գնորդն ինքն է որոշում՝ ինչ խաղալիք գնել: Ընտրությունը բավականին լայն է՝ հարմարեցրած գրպանին, ցանկացած ծնող իրեն հետաքրքրող մի բան կգտնի: Իհարկե լավ կլինի, որ խաղալիքի որակին ու տարիքային նրբություններին ուշադիր լինենք:

Իսկ տեսականին մեր ժամանակվա խաղալիքներից շատ է տարբերվում: Բարբիները փոխվել են. ունեն սմարթֆոն, ձեռքի ժամացույց: Մազերը մեր տիկնիկների պես միատոն չեն, մոդայի վերջին ճիչով են ներկել: Նրանք արդեն ունեն մեքենաներ, նոթբուքեր,  օֆիսային պարագաներ…Իսկ մենք պլաստմասե սեղան-աթոռի մասին էինք երազում:

Մեկ տասնյակից ավել խաղալիքներ էլ նույնն են մնացել: Սփայդերմենը չի զիջում առաջատարի դիրքերը, Շրեկը՝ նույնպես, Թեդդի արջուկները առավելապես բաժին են հասնում սիրահար զույգերին: Հին տեսականուն ավելացել են Դեդփուլի նմանությամբ խաղալիքները, Բեթմենի թարմացրած տարբերակը, Հալքը: Բայց, կարծես թե, սրանցից ոչ մեկը չի գերազանցի «Կուբիկ-ռուբիկին». գունավոր խորանարդը  ամեն տեսակ մրցակցությունից դուրս է:

 

Լուսանկարը՝ http://nareimane.blogspot.am/

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register