ՕՍԿԱՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

oskar

 Օսկարի աշխարհը

 Տարին մեկ աշխարհը համակվում է Միացյալ նահանգներից եկող կինոազդակներով, ընդունել-չընդունելով հանդերձ սպասում հռչակավոր պարգևի հանձնման արարողությանը, փորձելով կանխատեսումներ անել, առաջ մղել սեփական կուռքերին ու հերոսներին: Եվ այդպես արդեն՝ տասնյակ տարիներ: Իրավացիորեն կռահեցիք, խոսքը Օսկարի մասին է: Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը նույնպես այս տարի հավականում էր ֆիլմատոնի մի մասը դառնալ.  որոշվել էր այն Օսկարի սկզբնական փուլ ուղարկել, գուցե բախտը մեզ ժպտար, կամ նվազագույնը՝, մեծ փառատոնի ֆիլմաքննադատներին հիշեցնել մեր գոյության մասին:

Բայց արի ու տես, որ տեղ չհասանք. կինոակադեմիան մերժեց մեր դիմումը՝ հիմնավորելով, որ ֆիլմն ավելի շատ ռուսական է, քան հայկական՝ հաշվի առնելով ֆիլմի լեզուն, ստեղծման աշխատանքներին մասնակցած  տեխնիկական անձնակազմն ու մնացյալը: Բայց և այնպես, հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ֆիլմերը հայտնվում հայտնի կարմիր գորգի վրա: Որոշեցինք պարզել ու ձեզ էլ պատմել:

1940-ականներից հայտնի  դարձած «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը 1929 թվականին  կյանքի է կոչել  1927 թվականին հիմնադրված Ամերիկյան Կինոակադեմիան:  Նպատակը կինոարվեստի գործիչներին գնահատելն ու խրախուսելը, ինչպես նաև արժանավորների վաստակն աշխարհին ներկայացնելն էր: Արարողությունն ավանդաբար անց է կացվում Լոս-Անջելեսում, Դոլբի թատրոնում և ուղիղ եթերով հեռարձակվում մի քանի տասնյակ երկրներում: Այլալեզու անվանակարգից բացի մնացած ֆիլմերի առաջադրման պայմաններից պարտադիր է, որ ֆիլմը Լոս-Անջելեսի թեկուզև մեկ կինոթատրոնում ներկայացվի յոթ օր, մինչև դեկտեմբերի 31-ը:

Իսկ Օսկարի հավակնորդներին առաջադրում են կինոինդուստրիայի իրենց գործընկերները՝ տեսնելով, զգալով հավակնորդ աշխատանքների արժեքը:  Կինոֆիլմերի տևողությունը (բացառությամբ  կարճամետրաժների) պետք է լինի առնվազն  40 րոպե, պետք է նկարահանված լինի 35-70 մմ ժապավենի վրա և մինչ կինոթատրոններով անցնելը՝ չպետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ: Հաղթողները (բացի գլխավորից՝ «Տարվա լավագույն ֆիլմ»-ից) որոշվում են Ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկությամբ: Քվեարկության իրավունք ունեցողներից յուրաքանչյուրը պետք է քվեարկի  ըստ իր մասնագիտացման (այդպիսի 16 ուղղություն կա): Այսինքն, օպերատորը գնահատում է օպերատորական աշխատանքը, սցենարիստը՝ սցենարական, դերասանը՝ դերասանական և այլն:

Իսկ տարվա լավագույն ֆիլմի համար պետք է քվեարկեն Ակադեմիայի բոլոր անդամները, հաղթողը պետք է ստանա ձայների առնվազն հինգ տոկոսը: Ավանդաբար քվեարկությունն անցնում է երկու փուլով: Առաջին փուլում ֆիլմերի այն ցանկն է, որ իրավունք է  ստացել մասնակցել մրցանակաբաշխությանը: Այսպես կոչված կարճ ցանկից էլ ընտրվում են լավագույնները՝ երկրորդ փուլի համար: Բոլոր փուլերում հաշվարկները խստագույնս իրականացվում է հատուկ ընտրված աուդիտորական ընկերությունը: Խիստ գաղտնի՝ հաղթողների անունները հայտնվում են ծրարներում և հրապարակվում, ինչին աշխարհում միլիոնավոր մարդիկ են հետևում:

Երկրների մասնակցության սկզբունքը միայն մեկ ֆիլմով է ամրագրված:

Այլալեզու ֆիլմի ընտրությունը  փոքր-ինչ այլ կերպ է իրականացվում. նախ մի քանի հարյուր մարդուց կազմված ժյուրին նայում է ֆիլմերը, առանձնացնում հինգ ամենահաջողված ֆիլմերը, ապա երկրորդ փուլում պատահականության սկզբունքով տասը հոգանոց ժյուրի է կազմվում, որոնք էլ հինգից ընտրում են մեկին:

Ովքեր են ընտրողներն ու ընտրյալները

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացնում է 6000-ից ավելի պրոֆեսիոնալ կինոստուդիաներ: Այսօր արդեն ձայնի իրավունք ունեցողների թիվը հասնում է       6028-ի: Ակադեմիայի անդամների միջին  տարիքը  63 է,  նրանց 76 %-ը  տղամարդիկ են, 94 % -ը՝ սպիտակամորթ: Ակադեմիայի անդամ դերասանների թիվը 1176 է, ռեժիսորները 377-ն են: 2013 թվականից Ակադեմիայի նախագահը Շերիլ Բուն Այզեկսն է, Ակադեմիայի պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի կին- նախագահը:

Յուրաքանչյուր տարի Օսկարը աշխարհին է ներկայացնում դեմքեր ու ֆիլմեր, որոնք հիշարժան են դառնում իրենց ստեղծածով ու տվածով, արվեստի իրենց բաժին մեկնությամբ: Չսպասելով պրոֆեսիոնալների գնահատականին՝ հասարակությունն ինքն  է առաջադրում իր ֆիլմերն ու հերոսներին: Այս առումով  հետաքրքիր է Լեոնարդո Դի Կապրիոյի պատմությունը: Առնվազն վերջին  հինգ տարում նրա համար ժողովուրդը լավագույն դերասանի տիտղոս էր ակնկալում, սակայն բաղձալի սպասումն արդյունք տվեց միայն այս տարի և Լեոնարդոյի միլիոնավոր երկրպագուները, կարծես մի քիչ էլ արդեն հոգնած սպասումից, հանգիստ շունչ քաշեցին:

Իսկ երբ է գալու տարվա մեր Օսկարը

 Հայ կինոինդուստրիան դժվարին ժամանակներ է ապրում, սակայն երազելը դեռևս ոչ մեկին չի խանգարել: Մի կողմից կինոմշակույթը ձգտում է կենսունակությունը պահել, շնչել ու ձևավորել նոր կինոյի հիմքերը, մյուս կողմից փորձում կինոաշխարհում էլ ներկայանալի լինել: Դրսում մասնակցելով զանազան կինոմրցույթների, հայ կինոն ստեղծեց նաև սեփական մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե ծիրանը», որը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունն ու գրավչությունը: Սա Օսկարին սպասելու, ավելի ճիշտ՝ դեպի Օսկար գնալու հայկական ճանապարհն է, որն անցնելով գոնե հայ երիտասարդ կինոսերունդը փորձում է նեղ ազգայինից անցում կատարել՝ համամարդկային, համընդհանուր արժեքների:

Օսկարին տեսականորեն կարող են հավակնել բոլոր ֆիլմերը, մասնակից դառնալ ընտրյալները, հաղթել լավագույները: Տարիներ շարունակ մենք այս հարթակից հեռու ենք եղել. ունեցել ենք լավ ֆիլմեր թե ոչ, այլ հարց է: Կինոքննադատներն ու կինոդատավորները կասեն դեռ իրենց խոսքը, հավատում ենք, որ մեր հաջորդ մրցունակ ֆիլմերը միշտ սեր, ջերմություն ու հաղթանակ սփռեն:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register