ՕՆԼԱՅՆ ԿՅԱՆՔՍ ՕՖԼԱՅՆ ԿՅԱՆՔԻՍ ՎՆԱՍ Է, ԱԽ ՎՆԱՍ Է…

1

«Ճամփորդ» շաբաթաթերթը շարունակում է հոգեբանական հոդվածաշարը՝ հոգեբան և հոգեթերապևտ, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ՝ Արման Բեգոյանի հետ միասին, որոնց ընթացքում համատեղ կհուշենք՝ ինչից սկսել և ում դիմել այս կամ այն խնդրի դեպքում։ Եթե ունեք հարցեր, գրեք info@champord.am էլ․հասցեով և մենք անպայման կանդրադառնանք դրանց։  Խմբագրությունը զգուշացնում է․ տվյալ հոդվածաշարը կրում է ինֆորմացիոն-կրթական-կողմնորոշիչ բնույթ, այդ իսկ պատճառով ներկայացված է ոչ խորքային-մասնագիտական տարբերակով և չի կարող օգտագործվել  ինքնաբուժման, կամ  ինքնուրույն ախտորոշման համար։

Համացանցը մեր կյանքի անբաժանելի մի մասն է դարձել: Եվ սա՝ ոչ լավ է, ոչ՝ վատ, ուղղակի իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Լավ է, որ շնորհիվ համացանցի հասանելի են դարձել գրականությունը, ֆիլմերն ու նորությունները, ակտիվացել է օգտատերերի միջև շփումը։ Վատ է, երբ  համացանցը վերածվում է կախվածության։ Ներկա պահին համացանցային կախվածությունը՝ ծխախոտի և խմիչքի հետ միասին հայտնվել է «առաջնային դիրքերում»։ Ի տարբերություն խմիչքի և ծխախոտի, երբ հնարավոր է  վերջիններից կախվածությունը հաշվել պարպած շշերով և օգտագործված գլանակներով, շոշափելի չլինելու պատճառով համացանցային կախվածությունը ավելի դժվար է ախտորոշվում: Դրա հայտնաբերման «գործում» սկզբնական շրջանում օգնում են սեփական զգացողությունները։

Հոգեբան Արման Բեգոյանը հուշում է,թե ինչից է պետք սկսել․«Սովորաբար ընդունված է  կախվածության առկայությունը կամ բարդությունը չափել  համացանցում անցկացրած ժամանակով։ Մինչդեռ իրականում այդպես չէ: Իհարկե չափորոշիչ է, բայց՝ լրացուցիչ։ Որովհետև հիմնական չափորոշիչը համացանցին հասանելիություն չունենալու պարագայում մարդու կողմից դրսևորվող զգացողություններն են։ Անձը կարող է օրական երկու ժամ ծախսել ինտերնետում, բայց կախվածություն ունենալ, և հակառակը, ծախսի վեց ժամ, բայց կախվածություն չունենա, քանի որ համացանցը տվյալ դեպքում կարող է աշխատանքային կարևոր գործիք լինել և օգտագործվել ըստ անհրաժեշտության։ Եթե համացանցից երկարաժամկետ օգտվելը աշխատանքային կամ ուսումնական բնույթ է կրում, ապա չի կարելի դա կախվածություն համարել։ Նույնն է, թե ասես՝ գրիչից կամ թղթից կախվածություն ունեմ։ Բայց եթե համացանցում անցկացրած մեծ մասն օգտագործում ես հումորային ինչ-ինչ տեսանյութերի, անկարևոր գրառումների, լուսանկարների դիտման վրա, ապա անհանգստանալ պետք է։ Սա անգամ հատուկ անգլերեն անվանում ունի՝ «ինտերնետ սերֆինգ», երբ մարդն առանց որևէ նպատակի լող է տալիս  սոցցանցերում ու այլ կայքերում»։

Իսկ զգացողությունները տարբեր են լինում․ սոցցանցերում շատ են տեսանյութերը, որտեղ երեխաները, ինտերնետ կապը կորցնելուց հետո սկսում են ագրեսիվ վարք դրսևորել, սեղմում են էկրանին, անգամ՝ փորձում կոտրել ստեղնաշարը։ Ու սա զարմանալի չէ, քանի որ երեխաների հոգեբանական կառուցվածքն ավելի փխրուն է, դրա համար էլ նրանք շատ ավելի բուռն են արձագանքում կախվածության դրսևորումներին՝ միաժամանակ, իհարկե, արագ էլ այն ձեռք բերելով։

Ագրեսիան չի շրջանցում նաև մեծահասականերին։ Եթե համացանցից կտրվելով առանց օբյեկտիվ պատճառի դուք զգում եք լարվածություն կամ  դատարկության զգացում, եթե երկարաժամկետ օգտագործումից հետո անգամ, մեկ է՝ հագեցածության զգացողություն չեք ունենում, ապա, հավանաբար սոցցանցային կախվածություն ունեք։

Ի՞նչ է պետք անել այդ դեպքում։ Հոգեբանը խորհուրդ է տալիս սկսել փոքր քայլերից․ նախ՝ հետևել ու գրառել համացանցում անցկացրած ժամանակը, հետո որոշել, թե ինչի վրա է ծախսվում հիմնական մասը։ Ըստ սրա կկարողանաք  ինքներդ ձեզ համար հասկանալ՝ համացանցն օգնո՞ւմ, թե՞ սպանում է ձեր ժամանակը։ Ըստ դրա արդեն պետք է փորձել կառավարել  անցկացրած ժամանակն ու համացանցն օգտագործել ըստ կարևորության։ Սակայն եթե որոշ ժամանակ փորձելուց հետո նկատում եք որ չի ստացվում, ցանկալի է դիմել մասնագետի ։

Ինչ խոսք, համացանցը հետաքրքիր տարածք է, որը երբեմն թակարդ է դառնում շատերիս համար։ Պետք է հիշել, որ այն խլում է իրական կյանքի զգացողությունը, այդ իսկ պատճառով էլ այն երբեք չպետք է գերազանցի ռեալ կյանքում անցկացրած ժամանակը։ Երբեմն «օնլայն» կյանքը «օֆլայն» կյանքին իսկապես վնաս է, սահմանը խախտել հաստատ պետք չէ։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register