ՕՆԼԱՅՆ ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

girq

Հաջողակ լինելը Հայաստանում մոդայիկ է դառնում: Սա ապացուցում են երիտասարդները, որոնք այլոց ճանապարհներով քայլելու փոխարեն նախընտրում են ստեղծել սեփական ուղին:

Այդ երիտասարդներից մեկը Լևոն Ստեփանյանն է, ով 2016 թվականի հունվարի 19-ին հիմնադրեց  «Мybookstore» օնլայն գրախանութն ու մեկ տարվա ընթացքում գրավեց շուկան: Իսկ գաղափարը հանկարծակի է ծնվել, ասում է՝ անցած տարի շատ քննարկված «100 բիզնես գաղտնիքներ» գրքի մասին մտածելիս հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ որևէ գրախանութ, որտեղ կարող ես համացանցով, օրինակ, պատվիրել այդ  գիրքն ու առաքմամբ ստանալ: Պարզվել է՝ չկա: Հեղինակ Վահագն Դիլբարյանը նույնպես փաստել է՝ ոչ մեկի հետ չեն համագործակցում: Լևոնին միտքը գրավիչ է թվացել, անցել է գործի: Այսօր «Mybookstore»-ը վստահելի միջնորդ է՝ գրքասիրության ու գրքի միջև:

«Իմ օրինակն ապացուցում է, որ Հայաստանում հնարավոր է զրոյից բիզնես սկսել՝ անգամ գումար չունենալով»,- նշում է գրախանութի հիմանդիրը,- կարևորը ունենաս գաղափար, համախոհներ, և սիրով վերաբերվես աշխատանքիդ. սա է նախապայմանը: Եթե սիրով ես աշխատում, անգամ Մոզամբիկում կարող ես բիզնես սկսել ու հաջողել, քանի որ նպատակ կա, գաղափար կա, աշխատանքդ քեզ հաճելի է: Հայաստանում էլ բիզնես սկսելու համար լավ նախապայմաններ կան, ինտերնետն ամենաքիչ ներդրում պահանջող հարթակն է, այստեղից էլ կարելի է սկսել. տարածքի վճար չես տալիս, տնից կարող ես միջնորդ հանդիսանալ ու, օրինակ, որևէ ապրանք վաճառես, ներկրես, հետո արդեն սեփական գործդ հիմնես»:

Ըստ Լևոնի, բիզնեսի ու մարդու միջև հիմնական խոչընդոտը հոգեբանական է. փոքրուց մեզ սովորեցնում են, թե բիզնեսով զբաղվելը դժվար է, պետք չէ բարդ ճանապարհներ ընտրել, արժե սովորել հեռանկարային մասնագիտություն՝ անգամ եթե չես սիրում, հետո էլ ութսունից հարյուր հազար դրամով գործի անցնել ու հարմարվել այդքանին, քանի որ ստաբիլ գումար է, ռիսկերը Հայաստանում արդարացված չեն. «Շրջապատի մարդիկ մեզ քիչ են հավատում: Քչերն են, որ ոգևորում են, մեծամասնությունն ասում է՝ չես կարող, չի ստացվի, բայց  առհասարակ պետք չէ համեմատվել որևէ մեկի հետ, յուրաքանչյուրն ունի իր ունակությունները: Երբ ես դեռ ուղղակի երազում էի, ասում էին՝ ո՞վ է գժվել քեզ  գիրք պատվիրի ու գնի:  Հայաստանում հնարավոր է բիզնեսով զբաղվել, իսկ խոչընդոտներ ցանկացած ոլորտում էլ կան: Անհնարին ոչինչ չկա»:

Մյուս խոչընդոտը սկսնակ բիզնեսների՝ արտոնություններ չունենալու բացակայությունն է. «Հարկային արտոնություններ չունենք, հատկապես առանց ներդրումի բիզնես սկսելու դեպքում սա շատ է խանգարում:Եթե պետությունն ինձ տա հնարավորություն՝  առաջին երկու տարին հարկերից ազատվելու, բայց  և շրջանառությունը ցույց տալու, շատ սկսնակ բիզնեսներ կգրանցվեն ու պետությանն օգուտ կտան՝ վիճակագրության ու այլ հարցերում՝ ստվերային չմնալով»:

Իսկ հաջողության հասնելու համար գրախանութի հիմնադիրը երեք նախապայման է առանձնացնում. «Առաջինը՝ սիրել  այն, ինչ անում ես: Անգամ եթե վարորդ ես, բանվոր ես, ինչ էլ անես, պիտի հաճույքով անես,  աշխատանքդ լավ կատարելն արդեն իսկ քեզ հաջողակ է դարձնում: Երկրորդը՝  պետք է ունենաս լավ թիմ, հայտնվես ճիշտ շրջապատում: Խոսքը ոչ միայն հարուստ ու  ազդեցիկ մարդկանց մասին է, այլ մարդկանց, որոնք գաղափարակից են, հավատում են քեզ: Երրորդ նախապայմանը հենց այդ թիմի նկատմամբ վստահությունն է: Ես իմ  հաջողությունների «պատճառը» համարում եմ այն, որ աշխատանքս հաճույքով եմ արել, ընկերներս միշտ կողքիս են եղել,  թիմում մարդիկ կան, որ առաջին օրվանից կողքիս են ու ցայսօր  ինձ հավասար  կյանք են դնում մեր գործի մեջ: Դե իսկ լավագույն մոտիվացիան հաճախորդի ժպիտն է»:

2017-ի պլանները շատ են:  Արդեն հասցրել են մոտ քսան-երեսուն գիրք նվիրել հավատարիմ հաճախորդներին,  տարվա ընթացքում, ամեն շաբաթ կազմակերպելու են ֆլեշմոբեր, մրցույթներ, այլ միջոցառումներ: Ինչպես նշեց Լևոնը, ցանկանում են, որպեսզի գրքասիրությունը Հայաստանում մշակույթ դառնա ու գիրքն էլի արժեք լինի՝ չնայած նախորդող երկու տարիներին ակտիվ կարդում ենք:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register