ՕԼԻՄՊԻԱԴԱՆ «ՇԱՆԹԱՐԳԵԼԻ» ԴԵՐՈՒՄ

2

Օգոստոսի 5-ին աշխարհը վարակվեց մարզական տենդով. Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց  31-րդ ամառային օլիմպիադան: Ի դեպ՝ առաջին անգամ Հարավային Ամերիկայում: Օլիմպիական  խաղերն աննախադեպ են մասնակից երկրների և մեդալների թվաքանակով՝  207 երկիր և  վիճարկվող մեդալների 306 հավաքածու: Անտիկ շրջանից մեր օրեր հասած մարզական գլխավոր ստուգատեսը  ստիպում է ենթադրել, որ աշխարհը մի պահ շունչ կքաշի շուկայական-տնտեսական, թեժ կետերում նաև՝ ռազմական մրցավազքից ու կըմբոշխնի մարզական խաղաղ մրցակցությունը:

Հայաստանը ևս Ռիո է ժամանել մեր երկրի համար աննախադեպ՝ 33 մարզիկից բաղկացած հավաքականով: Հայրենիքում նրանց մեդալներին են սպասում: Ու մինչ մարզաշխարհը «անհաշտ» պայքարի մեջ է, մենք փոքր-ինչ ետ նայենք ու տեսնենք, թե ինչ են տալիս օլիմպիադաները աշխարհին: Օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգ գունեղ օղակները նշանավորելով հինգ մայրցամաքները՝ աշխարհի միասնությունն են խորհրդանշում: Կարծիք  կա նաև, որ ֆոնի սպիտակի հետ վեց դարձող գույները աշխարհի բոլոր երկրների ազգային գույներն են ներկայացնում:

Օլիմպոսի գագաթին սկիզբ առած խաղերը հին Հունաստանում իսկական խաղաղության մրցավազք էին. այդ օրերին դադարում էին ռազմական բոլոր գործողությունները և ժողովուրդը տրվում էր խաղաղ մրցումների վայելքին: Դարեր շարունակ այդ գաղափարը փոխանցվել է սերնդեսերունդ: Սակայն քսաներորդ դարից սկսած այդ չգրված կանոնը՝ մարզական խաղերի ընթացքում անվերապահ խաղաղությունը՝ հաճախ է խախտվում: Քսաներորդ դարասկզբին ու կեսին երկու օլիմպիական խաղեր չեն կայացել հենց համաշխարհային պատերազմների պատճառով:

1914 թվականին սկսված պատերազմը թույլ չտվեց, որ երկու տարի անց Բեռլինում կայանալիք վեցերորդ ամառային օլիմպիադան կայանա: Պատմության մեջ, համաձայն օլիմպիական խարտիայի,  օլիմպիական խաղերի հերթական թիվը մնաց որպես չկայացած օլիմպիադայի թիվ:

1919 թվականին Միջազգային օլիմպիական  կոմիտեն հավաքվեց Լոզանում՝ հաջորդ խաղերին նախապատրաստվելու համար և կանխավ Գերմանիային ու իր դաշնակիցներին զրկեց խաղերին մասնակցելու իրավունքից, ինչը բնավ չխանգարեց այս երկրին սանձազերծել հաջորդ Համաշխարհայինը:

1940-ին Հելսինկիում և  1944-ին Լոնդոնում կայանալիք խաղերը չկայացան, իսկ  1948-ի օլիմպիադան դեռևս կրում էր պատերազմի կնիքը:

21-րդ դար. Պեկինի օլիպիադայի մեկնարկի օրը՝ 2008թ. օգոստոսի 8-ին, Վրաստանը Հարավային Օսեթիայի դեմ կայծակնային պատերազմ սկսեց, որի մեջ բնականաբար ներքաշվեց նաև Ռուսաստանը: Հնգօրյա պատերազմը հազարավոր զոհերի պատճառ դարձավ, քաղաքական շրջանակներն այդպես էլ չկարողացան կանխել արյունահեղությունը՝ այն դեպքում, երբ դեռևս 1992-ին ՄՕԿ-ի կոչին դրական էին արձագանքել բոլոր երկրները: Իսկ միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորել էր  անսալ հին հույների կոչին ու գոնե օլիմպիադաների ժամանակ հրադադար հայտարարել:

Ցավոք, աշխարհում այսօր քաղաքական  կրքերն այնքան են շիկացել, որ օլիմպիական  կրակն անգամ ի զորու չէ չեզոքացնել դրանք: Մյունխենի օլիպիադայի հարթակը հենց ահաբեկիչների համար հարթակ դարձավ ու Իսրայելի մարզիկները տուժեցին: Երկու տարի առաջ Սոչիում կայացած օլիմպիադայի օրերին Սիրիայում շարունակում էր մոլեգնել ավերիչ քաղաքացիական  պատերազմը:

Չափից դուրս  պարզամիտ կլինի երազելը, որ աշխարհը կդադարեցնի զենքի շուրջ իր շրջապտույտը ու հայացքը կուղղի դեպի սպորտային խաղեր: Համենայն դեպս, մոլորակի բնակչության գերակշիռ մասի ցանկությունն է դա: Գուցե Օլիմպիական մրցաշարի ժամանակ որոշակի թեժ կետեր, այնուամենայնիվ,  խաղաղվե՞ն, հնարավորություն տալով խաղաղ հանգուցալուծումներ փնտրելո՞ւ:

Սպորտային օրերը վայելելուց բացի գուցե այս  ընթացքում ավելի լուրջ հարցե՞ր լուծվեն: Ով գիտե: Սպասենք ու հուսանք:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register