ՆՎԱԶԱԳՈւՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ  ԴԻԼԵՄԱՆ

1

Ավելի շատ գործազրկությո՞ւն, թե՞  ավելի քիչ աղքատություն

Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակված ծրագրի համաձայն՝ առաջիկա հնգամյակում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25% -ով: Ձեռնարկի հիմնական նպատակը աղքատության մակարդակի 12% -ով կրճատումն է:

Առաջին հայացքից` նվազագույն աշխատավարձի բարձրացումն ապահովում է ավելի բարձր դրամական մուտքեր, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Դիտարկենք այս քայլի հնարավոր մի քանի հետևանքները: Տարիներ շարունակ տնտեսագետներն ուսումնասիրել են նվազագույն աշխատավարձի  բարձրացման ազդեցությունը աշխատողների, բիզնեսի և տնտեսության վրա: Ուսումնասիրության արդյունքներն ու  այդ  կապակցությամբ վկայաբերվող փաստարկները տարբեր են:

Դիտարկումների համաձայն՝ աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն ավելացնում է բիզնեսի  ծախսերը: Որպես հետևանք՝ բիզնեսները սեղմում են աշխատակազմը՝ այդ կերպ նպաստելով  գործազրկության մակարդակի բարձրացմանը:

Երկրորդ՝  նվազագույնից բարձր աշխատավարձերը կրճատելով՝  գործարարները պակասեցնում են աշխատակիցների ամսական եկամուտը, կամ  էլ բարձրացնում՝ իրենց արտադրանքի և մատուցած ծառայությունների գները՝  ավելացնելով սպառողների ծախսերը: Հակառակը նույնպես հնարավոր է: Միևնույն ժամանակ  և՛ ավելի շատ եկամուտ, և՛ զբաղվածության մակարդակի բարձրացում:

Ցածր կամ միջին դրամական մուտքեր ունեցող տնային տնտեսությունների եկամուտների բարձրացումը նպաստում է նրանց  գնողունակության աճին և կարող է աշխուժություն մտցնել գործարար ոլորտում՝ մեծացնելով ապրանքների և ծառայությունների հանդեպ պահանջարկը:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի էքս վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն  օգնում է ցածր եկամուտ, ինչպես նաև ցածր որակավորում ունեցող աշխատողներին, խթանում տնտեսական աճը: Տեսակետի հակառակորդները պնդում են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը  նպաստում է գործազրկության մակարդակի բարձրացմանն ու  արտադրանքի և ծառայությունների գնաճին:

Իսկ որքա՞ն արդյունավետ կարող է լինել նվազագույն աշխատավարձի բարձրացումը Հայաստանի նման երկրների պարագայում:  Հաշվի առնելով  2016թ.-ի տնտեսական ակտիվության (0.2%) գրեթե զրոյական աճը, և արագ տեմպերով աճող միգրացիան, այս քայլը կարող է աղքատության դեմ պայքարի գործիք հանդիսանալ:

Ներկայումս Հայաստանում նվազագույն աշխատավարձը (առանց հարկերի)  կազմում է ամսական 55 հազար դրամ (մոտ 115 ԱՄՆ դոլար), ինչը ամենացածրն է տարածաշրջանում՝ Ադրբեջանից հետո: Դրան գումարած բարձր է նաև աղքատության մակարդակը աշխատանքով ապահովվածների շրջանում: Այսպիսով, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է դառնալ աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոց: Խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այնուամենայնիվ, մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս պետք է պարզ լինի, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի կարող ոչ տնտեսությունն ավիրել, ոչ էլ լինել  երկնառաք «կախարդական հաբ»: Յուրաքանչյուր քաղաքականություն վաղ թե ուշ  «ապացուցում» է իր կենսունակությունն ու ապրելու իրավունքը:Մեզ՝ սպասելուց բացի այլ բան չի մնում…

 

Գայանե  Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register