7 ՀԱՐՑ. ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

nune

Խորագրի հյուրն է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (mediainitiatives.am) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: 

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Երբ լինում եմ արտասահմանում, մասնավորապես` Եվրոպայում և Միացյալ նահանգներում, համալսարաններ և թանգարաններ այցելելուց հետո լցվում եմ իրական նախանձով ։ Երազում եմ, որպեսզի ունենանք այնպիսի հաստատություններ, որոնք և՛ իրենց տեսքով, և՛ իհարկե իրենց որակով ու բովանդակությամբ նպաստեն կրթության առաջընթացին։ Այս ասպարեզներում  առայժմ բավական հետ ենք ։ Միշտ ցանկացել եմ Միացյալ նահանգների «Նյուզեում»-ը՝  լուրերի թանգարանը թեկուզ մասամբ վերարտադրել Հայաստանում։ Վերջինս մեր «Լրատուն» նախագիծն է, որը սակայն դեռ շատ հեռու է ԱՄՆ-ի իր պրոտոտիպից։

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Կվերականգնեի  տրամվայի համակարգը և կշարունակեի մետրոյի կառուցումը։ Բայց սա երևակայության ասպարեզից է։ Իրականում ես երբեք չեմ լինի Երևանի քաղաքապետ և հանձնարարականների դասակարգման մասին չեմ մտածում։ Երեկ քայլում էինք քաղաքով, և ամենուր աչք էին զարնում ձյան տակից բացված քաղաքի վերքերը՝ աղբ, քանդած մայթեր, կիսատ շինարարություն, չմտածված կառույցներ․․․․Այս ամենը շատ դժվար է շտկել, քանի որ սխալներն արդեն արված են։ Իհարկե դա ոչ միայն քաղաքապետի, այլև մեր՝ քաղաքացիներիս մտահոգությունն է։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Այս պահին չեմ կարող չասել՝ արդար ընտություններ։ Անվտանգության ապահովում, այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտության լուծում, ինչը կբերի նաև հարակից հարցերի լուծման, օրինակ` շուկայի ընդլայնման, արդյունաբերության, բիզնեսի, զբոսաշրջության զարգացման, աշխատատեղերի ավելացման։ Եվ երրորդը՝ տնտեսության փաստացի ազատականացում և ապաքաղաքականացում, կոռուպցիայի դեմ պայքար, առկա ֆեոդալական բարքերի վերացում։

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:-Պատասխանը շատ պարզ է լինելու․ Մեսրոպ Մաշտոց, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս։ Նրանց ժառանգությունը լուսավոր է։

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Ցանկացած էջ սրբագրելով՝ կկորցնենք մեր ինքնությունը։ Չէ՞ որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, քանի որ անցել ենք մի ամբողջ ճանապարհ՝ իր բոլոր սխալներով, քիչ վերելքներով, տառապանքով, վերածնունդով։ Միգուցե կանք, քանի որ միշտ ստիպված ենք եղել պայքարել։Միգուցե մեր աստեղային ժամը դեռ առջևո՞ւմ է։ Բայց միևնույն է կա մի էջ, որը կուզենայի ոչ թե սրբագրել կամ խմբագրել, այլ ջնջել պատմությունից․դա ցեղասպանությունն է։Թող այն չլինի ինչպես իմ ժողովրդի, այնպես էլ իմ ընտանիքի պատմության էջը։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Հնդկաստանը։ Այնտեղ ամեն ինչն է զարմացրել կամ հիացրել։ Ցնցել է Աքշարդամը, Դելիում գտնվող նորագույն, աշխարհի ամենամեծ հինդուիստական տաճարը, որը երկրի հասարակության շրջանում շատ վեճերի աղբյուր է հանդիսացել։ Այնուամենայնիվ այն ցնցում է ստեղծագործական մտքով, ճարտարապետությամբ, մաքրությամբ, չափերով և ազդեցությամբ։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Ես սիրում եմ մարդկանց։ Կարծում եմ դա ամենակարևորն է ցանկացած հարցում։ Սերը միշտ հաջողություն է, նաև՝ բախտավորություն։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register