ԱՐՑԱԽԻ ՆՌԱՆ ԳՈւՅՆԸ

nur1

Արցախյան նռան մասին հիացական կարծիքներ շատերն են լսել: Հողը Արցախում խիստ բերրի է, պետությունն էլ ամեն կերպ աջակցում ու խրախուսում է մարդկանց՝ զբաղվելու նռան և այլ մշակաբույսերի աճեցմամբ: Մնում է ջանադիր գտնվել՝ և արդյունքն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Բացահայտելով նռան տեսակների տարբերությունները, խմելով դեռ անցած տարի սառեցված նռան մաքուր,անապակ անմահական հյութը, մենք ուղևորվեցինք նռան այգիներ: Այդպես մենք հասանք Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ, որտեղ Անդրանիկ Ալավերդյանն ու ընկերները 5 հեկտար նռան այգի են մշակում:

Արցախում նռան մշակության նախկին և ներկա վիճակի էլ պատմեց մեզ Բերդաշեն ուղեկցած ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:

«Այն ժամանակ (խորհրդային շրջանում-խմբ.) Արցախում կար մոտ 40 նռան տեսակ: Այժմ մնացել է դրանցից մոտ 10-ը: Մնացել են ուժեղ տեսակները, որոնք աստիճանաբար «դուրս են մղել» մյուսներին: Նռան հիմնական տեսակը այստեղ «գյուլաշն» է, որն ունի բազմաթիվ տարատեսակներ: Դրանցից մեկը կիսաքաղցր «մալասն» է: «Գյուլաշը» լինում է վարդագույն, քաղցր և թթու: Ամենատարածվածը «կարմիր» եւ «մալաս» տեսակներն են: Դրանք տալիս են բարձրակարգ հյութ, վերջիններիս տված հյութի ելքի տոկոսն է բարձր: Ուտելու համար շատ ավելի հաճելի է «մալասը», «կարմիրն» ավելի թթու է: Միայն թե հետագա ամիսներին նուռը պահպանելու խնդիր է առաջանում: Այս միրգը դժվար է երկար պահելը, միայն որոշակի պայմաններում է այն պահպանվում մինչեւ ապրիլ-մայիս:

Վարդագույն նուռն ավելի շատ սեղանին դնելու համար է, իրականում այն իր որակով զիջում է մյուսներին, նրանից անգամ հյութ չես կարող քամել: Վերջինիս գլխավոր առավելությունը ձմռանը երկար դիմացկությունն է: Շուկաներում կարողանում են մարդկանց գայթակղել քաղցր նռով, իրականում,սակայն, նռից հասկացող մարդը քաղցրը չի գնի: Իսկական նուռը փոքր-ինչ թթվաշ, յուրահատուկ համ ունի: Տարբեր աղցանների համար լավագույն ընտրությունը թերևս դա է: Օշարակ կամ նաշարաբ պատրաստելուց նույնպես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Որպես տեխնիկական տեսակներ՝ Արցախի նուռը գերազանց է, շատ բարձր որակ ունի: Բայց որպես «սեղանին դնելու» սորտեր, դրանք տեսքով զիջում են, օրինակ, Մեղրիի «Շախ» տեսակի նռանը: Մեղրիի նուռը տեսքով ավելի գեղեցիկ է , ունի նռանը բնորոշ գեղեցիկ թագ և գնահատվում է շուկայում: Նռան մշակումը ժամանակին շատ տարածված է եղել Արցախում՝ հատկապես Աղդամի եւ Մարտակերտի շրջաններում: 90- ականների պատերազմից հետո,սակայն, նռան մշակությունը գրեթե դադարել է: Կամ էլ նուռը սկսել են մշակել ոչ ճիշտ եղանակով: Մարդիկ անտեղյակ էին,չգիտեին մշակելու ձևը, բազմացման միտումներ էլ չկային: Եղածը խորհրդային տարիներից մնացած նռան այգիներն էին, որոնք տարիների ընթացքում ծերացել էին եւ պիտանի չէին արտադրական բերքի համար: Դրանք շատ ցածր բերքատվություն ուներին, իսկ դրանց մշակությունն էլ իրականացվում էր սիրողական մակարդակով: Բայց վերջին 5 տարիների ընթացքում մենք կրկնապատկել- եռապատկել ենք եղած այգիները:

Այս պահին ունենք 300-400 հեկտար հին, եւ 600-700 հեկտար նոր այգիներ, որոնց ծառերը հիմնականում 1-6 տարեկան են: Դրանք արդեն ընտրված, բարձրակարգ տնկան յութերով հիմնված այգիներ են: Մեղրիի տարածաշրջանից եւ Իրանից նոր տեսակներ են ներկրվել: Վերջիններս արդեն համարվում են «սեղանի» նուռ: Մեկ հեկտարի վրա հնարավոր է տնկել 800-1000 ծառ  և ստանալ 20 տոննա որակյալ բերք, որը շուկայում կվաճառվի ոչ թե 200, այլ 1000 դրամով: Այսինքն՝ մեկ հեկտար բերքից ստացվող10-20 մլն. դրամ եկամուտը ես համարում եմ լուրջ բիզնես: Ընդ որում, նռան այգի հիմնողները չեն բավարարվում 1 հեկտարով: Կան 5, 10, անգամ100 հեկտար զբաղեցնող այգիներ: Մշակումը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է բերք ստանալ արդեն 3-րդ տարում: 10-րդ տարուց սկսած՝ նռան ծառը հասնում է իր լավագույն բերքատվությանը: 15 տարեկանից հետո ծառը սկսում է նվազեցնել բերքատվությունը: 25-30 տարեկան այգին համարվում է ծեր: Ժամանակին Արցախն աչքի էր ընկնում խաղողագործությամբ: Արցախի հարթավայրային տարածքներում՝ ծովի մակարդակից 400-500 մետր բարձրության վրա նուռը համարվում է ամենահարմար մշակաբույսը, քանի որ տարածաշրջանն աչքի է ընկում բարենպաստ չոր կլիմայով եւ ձմեռը խիստ չէ: Մարտակերտի, Ակնայի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու շրջաններում նպաստավոր են պայմանները ոչ միայն նռան, այլեւ թզի, արքայախնձորի, նշի և որոշ ցիտրուսային մրգերի համար, որոնք դիմանում են մինչեւ -5 աստիճան ջերմաստիճանին: Օրինակ՝ կիվին: Շատ հարմար է ձիթենու մշակությունը, այժմ տարածված սորտեր կան, որոնք դիմանում են ընդհուպ մինչեւ -14 աստիճան ցրտին»: Բերդաշենում արդեն Անդրանիկ Ալավերդյանը մեզ ցուցադրում է վերջին տարիներին իրենց մշակած նռան այգիները: «Մշակում ենք 5 հեկտար մակերես ընդգրկող նռան այգիներ: Ղարաբաղի իսկական «Գյուլաշ» տեսակի նուռն ենք աճեցնում: Այս տեսակը կիսաթթվաշ համ ունի և շատ օգտակար է: Ստացվում է հրաշալի հյութ:Ծառերը միաժամանակ ենք տնկել 5 տարի առաջ: Իրարից 4 մետր հեռավորության վրա են գտնվում: 1 հեկտարի վրա ունենք 620 ծառ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեկ ծառից ստանում ենք 40-50 կգ բերք, այսինքն՝ 1 հեկտարից 20-30 տոննա բերք: Եվ եթե լավ պահպանես նուռը, կարելի է մինչև մարտ-ապրիլ ամիսը պահել: Նորմալ ջերմաստիճանում՝ մինչև մարտ ամիսը մնում է: Դաշտում բացի ինձանից աշխատում են ևս 4 հոգի: Դեռևս հին եղանակով ենք ոռոգում, բայց ուզում ենք անցնել կաթիլային համակարգի, որի շնորհիվ խոնավությունը երկար կպահպանվի: Այստեղի հողը շատ նպաստավոր է նռան մշակության համար: Տարվա ընթացքում 4 անգամ ծաղկում է, մայիսից սկսվում է մինչև օգոստոսի 1-ը ծաղկում է: Առաջին ուտելու նուռը հնարավոր է քաղել արդեն սեպտեմբերի վերջին: Երբեմն ունենում ենք 1 կիլոգրամանոց նուռ»:

Նռան այգիներով հիացավ ու տեսածը գրի առավ
Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register