ՆՈՐՄԱԼ Է ՉԻՄԱՆԱԼԸ  ԹԵ ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ  ԿԱՄ  ԻՆՉՊԵՍ  ՍՈՎՈՐԵԼ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

arixarabax

Դպրոցական վերջին զանգն  օրեր առաջ աշակերտներից  շատերի համար սովորականից  ավելի զիլ ղողանջեց: Պատանիները կյանքի նոր փուլ են մտնում՝ լի երջանկության սպասումով, հավատով ու հույսով, որ կարող են ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում ինչ-որ բան փոխել: Նրանց մի մասն էլ համալսարանն է ավարտում ու հայտնվում տարաբնույթ ուղիների ընտրության խաչմերուկում. ո՞րն ընտրել, ո՞ւր գնալ:

Մեզ պաշարող վախերը, շատ հաճախ փորձում են իրենց փոքր, բայց թվացյալ մեծ ձեռքերով փակել ապագայի լուսավորությունը: Երիտասարդ տարիքում իսկապես բարդ է հասկանալը՝ ո՞վ ես դու, ո՞ւր ես գնում, ի՞նչ ես ուզում և ո՞ւր կհասնես ի վերջո: Սրան գումարվում են նաև հասարակության գործոնն ու մասնագիտության հարցում  ծնողների և ծանոթների  ձեռքով գծված «անվրեպ»պլանները:

Բնական, անգամ՝ ճիշտ ճանապարհ է: Ճիշտ, քանի որ մեր կյանքի անբաժանելի մասը հանդիսացող վախերը  մեր կյանք են գալիս՝ մեզ ինչ-որ բան սովորեցնելու, ցույց տալու ու ի վերջո հաղթահարվելու համար: Բացեք ձեր սիրտն ու ուղեղը՝ գալիք փոփոխությունների համար, դադար մի՛ վերցրեք, քայլեք առաջ՝ նույնիսկ եթե դեռ չեք հասկանում, թե ուր է տանում ճանապարհը: Սա՝ սկզբի համար:

Հնարավոր է, որ դուք չիմանաք էլ, թե ինչ եք ուզում: Էլի բնական է, ես ինքս հաճախ եմ այս հարցն ինձ տալիս ու երբեմն պատասխանը չեմ գտնում: Ձեր ներանձնային աճի հետ մեկտեղ, պատասխանները կգան կրթվելու, առաջ շարժվելու ընթացքում: Փոփոխությունների կենթարկվեն, ճիշտ ու սխալ կդառնան, բայց կգան:

Շնորհավորում եմ, դուք կյանքի այն փուլում եք, երբ պետք է ռիսկի գնալ ու սխալներ անել: Մի՛ վախեցեք անհաջողություններից ու ձախողումներից: Սա երեսունից ցածր տարիքում երիտասարդների կողմից թույլ տրվող մեծագույն սխալն է: Կարևոր է մշտապես հիշել, որ ոչ մեկը չի ծնվում այս կամ այն ոլորտում արդեն իսկ մասնագիտացած: Մենք բոլորս էլ առաջին անգամ ենք աշխարհ եկել, սխալների հիման վրա սովորելը  մեր միակ տարբերակն է, այնպես որ շատ խիստ մի վերաբերվեք դրան՝ իհարկե չմոռանալով, որ պետք է երբևիցե ուղղել դրանք: Երբեմն ցավոտ, անգամ անտանելի է թվում, բայց սխալները մեզ ավելի ուժեղ են դարձնում: Եթե դուք ռիսկի եք դիմում ու տեսնում եք ձեր վերջնական նպատակը, ապա ձախողումներն  ու կանգառները ճիշտ ուղուց ձեզ չեն շեղի: Հիշե՛ք, եթե ճանապարհը դժվար է թվում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դուք սար եք բարձրանում, իսկ սարերի գագաթները նվաճվելու համար են, ձեր սարը սպասում է ձեզ: Ձեզ մնում է փորձել, փորձել ու փորձել:

Փորձեք տեսնել բաժակի միջի ջուրը: Կարևոր չէ՝ բաժակը կիսով չափ լիքն է, թե՝ դատարկ, կարևոր է, որ դուք տեսնեք ջուրը, այսինքն՝ կենտրոնանաք կարևորի վրա: Հիմա դուք պետք է շնորհակալ լինեք, որ ունեք «տարածք»՝ աճելու ու ստեղծելու համար ու ուշադիր  նայեք բաժակի ազատ հատվածին ու մտածեք՝ ինչպե՞ս կարող եմ սա օգտագործել, ինչպե՞ս լցնեմ իմ բաժակը:

Կրթությունը մի հարց է, կյանքում այն  կիրառելը՝ մեկ այլ: Հատկապես տնտեսագիտական կամ ֆինանսական ուղղվածության մասնագիտությունները հիմա մոդայիկ են: Ավարտելուց հետո երիտասարդներից շատերը մտածում են, որ շատ խելացի են ու պետք է արագ ու հեշտ հասնեն իրենց երազած աշխատանքին՝ միանգամից կառավարելով լուրջ ծրագրեր, մարդկանց խմբեր և այլն: Սա ոչ միայն անձի, այլև համալսարանի խնդիրն է, որը երիտասարդներին չի նախապատրաստում լսարանների պատերից դուրս կյանքին:

Իսկ իրական կյանքը շատ ավելի բարդ է: Երազած աշխատանքին հասնելու համար  որոշ ժամանակ պետք է  նաև «սևագործ» լինել, կրկնակի աշխատել, գուցե երբեմն՝ նաև կրկնակի քիչ վաստակել: Մի մտածեք այն մասին, որ ոսկե սկուտեղով է ձեզ մատուցվելու  ձեր փափագած հրաշալի աշխատանքը: Անտեղի հավակնոտությունը կխանգարի կյանքի ուղին ճիշտ գծել: Մեր սերունդը պետք է սովորի, որ քրտնաջան սովորելուց հետո քրտնաջան աշխատել է պետք: Մնում է լինել աշխատասեր, պրոֆեսիոնալ ու թիմային խաղացող, մարդ, որն իր գործատուին ու թիմին իր հետ վերև կբարձրացնի:

Մոռացեք այն պնդումը, թե Հայաստանում աճի հնարավորություն չկա: Կա, որովհետև աճը նախ ձեր մեջ է, իսկ եթե մարդ ցանկանում է աճել, միշտ էլ կգտնի լավ տարբերակ ու առիթ դրա  իրականացման համար: Ես շատ եմ զրուցել հայաստանյան գործատուների, կառավարիչների հետ ու մի հարցում համակարծիք ենք. եթե մարդ որևէ բան է ցանկանում, ցանկանում է հասնել որևէ բարձունքի, ուրեմն կհասնի ու կանի: Միշտ ճանապարհ ու լուծում կա: Գուցե հեշտ ճանապարհ չէ, բայց հնարավորություններն առկա են: Օդի նման ցանկացեք հասնել ձեր նպատակին, ու  անպայման կհասնեք:

Ցավոք, երիտասարդության գեղեցկությունը մենք գիտակցում ենք ավելի հասուն տարիքում միայն: Մի՛ անտեսեք ձեր ներսի երեխային, շարունակեք ուսումնասիրել ու սովորել: Սովորել հմտություններ, որոնք կօգնեն զգալ կյանքի իրական հաճույքը: Ինչո՞ւ: Երբ մենք մեր զգացողությունները կիսում ենք ուրիշների հետ, իրական երջանկություն ենք զգում: Դերասանական ու երաժշտական նրբություններ, սիրելու, զգալու, տեսնելու, գրելու ու հաշվարկելու,  խոսելու ու երգելու. սրանք բոլորը հմտություններ են: Մարդկանց դժբախտությունը նաև  կյանքի համապատասխան հմտություններ չունենալու մեջ է, նրանք չեն գիտակցում դրա կարևորությունն ու նպատակը: Այսպիսով իմ վերջին խորհուրդն է, որ սիրեք  կարգապահությունը: Սիրեք առավոտյան արթնանալը և ինչ որ բան սովորելը, ձեզ սիրելի ինչ որ բանի վրա աշխատելը: Եթե ինչ որ հմտություն ձեզ գրավում է, ապա  այն յուրացնելու համար կարգուկանոն է անհրաժեշտ: Նման մոտեցման դեպքում դուք կյուրացնենք ցանկացած գիտելիք  ու հմտություն, որքան էլ այն առաջին հայացքից  շատ բարդ թվա:

Մաղթում եմ, որպեսզի հնարավորինս շուտ գտնեք ձեր կյանքի հիմնական գիծը, ուղին: Եթե նոր եք ավարտել դպրոցն ու համալսարանը ու դեռ չեք ընկալում ինչն ինչոց է՝ մի՛ ընկճվեք, փորձարկեք, սխալվեք, ռիսկի գնացեք, ու երբ գտնեք ձեր իրական նպատակը, կենտրոնացեք նրա վրա, սիրեք կարգապահությունն ու գտեք ձեզ դրանում: Այստեղից է գալիս իրական երջանկությունն ու հաճույքը, որը կախված չէ դիմացինից: Այն միմիայն ձեր ձեռքերում է: Ընտրեք երջանիկ ու հաջողակ լինելը ու դուք ամեն բանի կարող եք հասնել: Բարի գալուստ կյանքի նոր փուլ:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register