ԺԱՊԱՎԵՆՈՎ ՆԿԱՐՈՂ ՏՂԱՆԵՐԸ

3

 Համակարգիչը, հեռախոսը կամ լուսանկարչական խցիկի չիպը՝ ֆայլեր պահելու հսկայածավալ հնարավորություն են ընձեռում: Դրանք երբեմն հարյուրավոր գիգաբայթերի և անգամ տերաբայթերի են հասնում: Անհատակ հորի նմանվող այդ տարածությունն անընդհատ լցվում է, ու մենք հաճախ կորցնում ենք չափի զգացողությունը: Թվային ֆոտոապարատով կամ հեռախոսով մեկ օրվա ընթացքում մենք հարյուրավոր լուսանկարներ են անում, հետո միայն ընտրում դրանցից 1-2-ը:

Լավ լուսանկար ստանալու համար մենք ջանք չենք թափում: Այնինչ, նման կերպ վարվելով` հսկայական ժամանակ (գուցեև նյարդեր) ենք վատնում: Միանգամայն այլ է իրավիճակը՝ ժապավենով ֆոտոապարատի դեպքում, երբ ունես խիստ սահմանափակ քանակությամբ լուսանկարներ անելու հնարավորություն, երբ չկա փոքր էկրան, որի վրա հնարավոր լինի միանգամից տեսնել լուսանկարը: Այս դեպքում յուրաքանչյուր «չխկոցից» առաջ մենք դառնում ենք տնտեսող ու հաշվենկատ: Նախ և առաջ աչքերով ենք լուսանկարում, մտովի պատկերացնում մեր լուսանկարը:

Շատերն են երևի մոռացել ժապավենով խցիկների մասին, իսկ նոր հազարամյակում ծնվածները հավանաբար դրանք չեն էլ տեսել: Բայց վերջին շրջանում ողջ աշխարհում ժապավենի վերադառնալու միտում է նկատվում: Որոշ մարդիկ հետևում են «թրենդին», իսկ լուսանկարչությամբ լրջորեն հետաքրքրվողները վստահեցնում են` ժապավենով այլ որակ է ստացվում ու նաև ժապավենի հետ հետագա աշխատանքն է շատ հետաքրքիր: Ֆոտոժապավենի վերածննդի հետքերով գնալով, «Ճամփորդը» հանդիպել է Երևանում լուսանկարչական լաբորատորիա հիմնած երկու երիտասարդի` Վիկտոր Զատիկյանին և Թորոս Խաչատրյանին:

Վիկտորը և Թորոսը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում են սովորում, մեկն ապագա ռեժիսոր է, մյուսն` օպերատոր: Երկուսն էլ ժապավենի վրա փողոցային, վավերագրական լուսանկարներ են անում: Միմյանց էլ ծանոթացել են հենց ժապավենի շնորհիվ.«Ինստիտուտի միջանցքով քայլում էի, ձեռքիս սովետական «Զենիթ» ֆոտոապարատ կար: Ընդառաջ եկավ Թորոսը` «Սալյուտ» ֆոտոապարատով, որն իր չափերի պատճառով աչք է ծակում: Ակնհայտ էր, որ երկուսս էլ ժապավենով ենք լուսանկարում: Այդպես ծանոթացանք, նոր էինք անցել ժապավենով լուսանկարելուն և միմյանցից անկախ բախվել բազմաթիվ դժվարությունների. սկսած նրանից, որ սև-սպիտակ ժապավեն գրեթե չի ճարվում, քաղաքում երևակելու (проявка), տպելու տեղ կա՛մ չկա, կա՛մ անորակ են աշխատում, կա՛մ էլ շատ թանկ է: Մտածեցինք, որ եթե ուզում ենք որակյալ լուսանկարներ ստանալ, պետք է մենք պայմաններ ստեղծենք: Այսպես առաջացավ լուսանկարչական լաբորատորիա ստեղծելու գաղափարը»,- նշում է Վիկտոր Զատիկյանը:

2

Թե՛ Վիկտորը, թե՛ Թորոսը, նախկինում կիրառել են թվային ֆոտոխցիկներ, սակայն վստահ են, որ ժապավենի շնորհիվ միանգամայն այլ որակ է ստացվում: Բացի այդ ժապավենը մի շարք առավելություններ է տալիս: «Ամենակարևոր բանը, որ քեզ ժապավենը սովորեցնում է, մտածելն է: Հիմա մարդիկ հնարավորություն ունեն իրենց գրպանի հեռախոսով 1000 նկար անել, բայց որքան շատ է քանակը, այնքան արժեքը կորչում է: Ինչքան շատ ենք ինչ-որ պատկերներ ֆիքսում, այդքան այդ պատկերներն արժեզրկվում են: Մինչդեռ ընդամենը 36 կամ 12 կադր ունեցող մարդը, հաստատ չի սկսի դրանք զուր վատնել: Այսինքն` մարդը դառնում է մտածող, հաշվենկատ, խնայող»,- իր դիտարկումներն է ներկայացնում Վիկտորը:

Լաբորատորիան գտնվում է Սախարովի հրապարակի մոտակայքում` հանրահայտ «բոքսի հայաթում»: Տեղակայման վայրը կանխորոշել է նաև լաբորատորիայի՝ «Box Photo Laboratory Yerevan»անվանումը: Առայժմ լաբորատորիայի հիմնական գործունեությունը` սև-սպիտակ` 35 մմ և 120 մմ ժապավենների երևակումը, սքանավորումն (թվայանացումը) ու տպագրությունն է: Հետագայում տղաները մտադիր են նաև գունավոր ժապավենի երևակմամբ զբաղվել:

1

Ահա թե ինչ է իրենից ներկայացնում երևակման գործընթացը.«Ժապավենը շատ լուսազգայուն է և հարկավոր է շատ զգույշ վարվել` չփչացնելու համար: Երբ հանում ենք խցիկից ու տեղադրում «բաչոկի» մեջ, աշխատում ենք բացարձակ մթության պայմաններում: Երևակման առաջին փուլում ժապավենը մշակվում է երևակող նյութի միջոցով: Երկրորդ փուլում մաքրվում է ժապավենը: Երրորդ փուլում` ժապավենն անցնում է ամրաջրով (ֆիքսաժ), որից հետո նույնիսկ արևի լույս տակ պահելուց ժապավենը չի փչանա: Ֆիքսելուց հետո թորած ջրով մաքրման պրոցեսն է ընթանում, որպեսզի բոլոր քիմիական նյութերը ժապավենի վրայից մաքրվեն: Յուրաքանչյուր ժապավեն երևակման իր ժամանակն ունի, բայց ամբողջ պրոցեսը սովորաբար 30 րոպեն չի գերազանցում: Իհարկե, այս ամենն արվում է նաև սարքով, բայց ամենաարդյունավետը հենց ձեռքի աշխատանքն է, քանի որ դեֆեկտներից խուսափում ես: Երևակելուց հետո ժապավենի վրա տեսնում ենք լուսանկարների փոքր տարբերակները, յուրաքանչյուր կադր համարակալված է: Ընտրում ենք մեր ուզած պատկերները և անցնում տպագրման կամ սքանավորման»,-պատմում են տղաները: Ըստ Թորոսի՝ ժապավենի վերածնունդը մի քանի պատճառ կարող է ունենալ: Ամենաէականն, իհարկե, լուսանկարի վերաարժևորումն է, մտածողության փոփոխությունը, որակը: Բայց սրանցից բացի, կան այլ պատճառներ ևս.«Մի տեսակ արկած է: Կարող ես երկրից երկիր տեղափոխել խցիկը, անել լուսանկարներ և միայն երկար ժամանակ անց, երևակելուց հետո վերադառնաս դրանց, պարզես` ինչպես են ստացվել: Կարծում եմ, որ հետաքրքիր ու հաճելի աշխատանք է նաև երևակելու գործընթացը, որ նախկինում շատերն իրենց ձեռքով էին անում: Մեկ ուրիշ պատճառ էլ կա.թվային խցկիները շատ թանկ արժեն: Եթե ինչ-որ մեկն ուզում է լուսանկարչությամբ զբաղվել, կարող է այդ արժեքի շատ չնչին մասով հրաշալի ճապոնական խցիկներ ու ժապավեններ գնել»:

Տղաները վստահ են, որ ժամանակի ընթացքում ժապավենի անցնողների թիվը կավելանա, եթե իրենց «լաբն» արդյունավետ աշխատի: Երևանում մինչ այժմ իրավիճակն այնպիսին էր, որ նույնիսկ թանկարժեք ժապավեն գնելու դեպքում անորակ լուսանկարներից դժվար թե հնարավոր լիներ խուսափել, եթե անբարեխիղճ մարդ զբաղեր երևակմամբ: «Լինում է, որ մարդն իր ժապավենը երևակելու, տպելու համար ֆոտոստուդիա է հանձնել: Տպելուց հետո պարզվել է, որ լուսանկարների վրա, օրինակ, սպիտակ կետիկներ կան: Անփորձ մարդը կարող է մտածել, որ խցիկը կամ ժապավենն է վատը եղել (ինչը ևս չի բացառվում), բայց ավելի հավանական է, որ վատ են երևակել: Ինչպե՞ս: Օրինակ` ոչ թե ձեռքով են աշխատել, այլ սարքով, որի քիմիական նյութերը տևական ժամանակ չեն փոխել: Մենք վստահեցնում ենք, որ ցանկացած ժապավենի վերաբերվելու ենք ինչպես մեր ժապավենի»,- խոստանում է Թորոսը: Լաբի հիմնադիրները վստահ են, որ առաջիկայում ոչ միայն ժապավենով լուսանկարողների հետ են աշխատելու, այլև տներից չերևակված կամ երևակված, բայց չթվայնացված ժապավեններ գտած մարդկանց հետ: Լաբորատորիան ունի Box Photo Laboratory Yerevan անվանմամբ ֆեյսբուքյան էջ: Հետաքրքրվողները կարող են կապ հաստատել նաև «toros.kh@gmail.com»էլեկտրոնային փոստի կամ էլ՝ (055145426 և 077762537) հեռախոսահամարների միջոցով:

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register