ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ Եւ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ

4

Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ անգամ միջազգային ամենահայտնի փորձագետների, քաղաքական վերլուծաբանների և քաղաքագետների համար դեռ երկար տարիներ կլինի խորը ուսումնասիրության առարկա և վերլուծական հետաքրքրության անսպառ աղբյուր: Ներքաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունն ունեն նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորների և աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

Արդեն իսկ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան կարճատև հանդիպումն ուրվագծեց որոշ շեշտադրումներ, որ աստիճանաբար արվում են Փաշինյանի կողմից հայ-ռուսական հարաբերությունների և ինստիտուցիոնալ համագործակցության մասով: Խոսքը մասնավորապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում Հայաստանի՝ ավելի պահանջկոտ դիրքավորման և այդ կառույցների կողմից գործընկերային պարտավորությունների կատարման մասին է: Փաշինյանը հարացույց է փոխում ներքաղաքական դինամիկայի մեջ, իսկ արտաքին քաղաքականության մասով դեռևս շատ զգուշավոր է, և հասկանալի է, թե՝ ինչու:

Նորընտիր վարչապետը հաշվի է առնում տարածաշրջանում Հայաստանի խոցելիության աստիճանը, գործոնի վերածվելու դեմ պատնեշի պես դրված օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները, Ռուսաստանի գործողությունների և քայլերի անկանխատեսելիության աստիճանը, վերջինիս ամենատարբեր լծակները Հայաստանի վրա, նրա կենսական շահերը, որոնցից Ռուսաստանը գոնե այս փուլում չի պատրաստվում հրաժարվել, և թերևս ամենակարևորը՝ Արցախյան հիմնահարցը, և սահմանային հնարավոր էսկալացիան:

Ձևավորվել է աշխարհաքաղաքական այնպիսի մի իրավիճակ, որտեղ գլոբալ և տարածաշրջանային դերակատարները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՌԴ-ը, Իրանը և (շատ ավելի քիչ) Թուրքիան, դեռևս հստակորեն իրենց համար չեն ուրվագծել, թե ինչ սխեմաներով կամ հայեցակարգերով են աշխատելու Հայաստանի հետ, թեև նրանք բոլորն արդեն հասցրել են այս կամ այն կերպ արձագանքել Հայաստանի ներքաղաքական դինամիկային, իսկ ոմանք էլ նաև՝ շնորհավորել նորընտիր վարչապետին:

Մայիսի 9-ին Արցախի մայրաքաղաքում արված Փաշինյանի հայտարարությունը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության և Հայաստանի նոր դիրքավորման մասով է՛լ ավելի բարդացրեց մի շարք խաղացողների հաշվարկները, և մասնավորապես՝ Ադրբեջանի, ում համար նախ անսպասելի էր տեսնել Սերժ Սարգսյանի հրաժարականը (հետևաբար և՝ հին ռեժիմի հեռացումը, որին համապատասխան էլ ձևավորվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական modus-operandi-ին) և Արցախի հիմնահարցը՝ որպես իշխանությունը պահելու “ավանդական” լծակը չօգտագործելու հանգամանքը, և երկրորդ՝ ռուսների հարաբերական չեզոքությունը կամ դեռևս սպասողական՝ stand by վիճակը:

Ոմանք գտնում են, որ թավշյա հեղափոխությունը ոչ միայն հարացուցային փոփոխություն բերեց և փոխեց ներքաղաքական իրողությունների տրամաբանությունը՝ դրա ընթացքը դարձնելով անդառնալի՝ հօգուտ ժողովրդավարացման , այլև՝ մեծապես բարձրացրեց Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական դիմադրողականությունը: Սրան էլ գումարվում է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար նշանակելու հանգամանքը: Տոնոյանն առաջին պաշտոնյան էր, որ դեռևս 2016թ. փետրվարին որպես ՊՆ առաջին տեղակալ, Վիեննայում մասնակցելով «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին՝ խոսեց «Սանձահարման/Զսպման համակարգի» (Deterrence system) նոր ռազմավարության ներդրման անհրաժեշտության մասին, ինչը ենթադրում է նաև ուժի դիրքից խոսելու և նախահարձակ լինելու հավանականության մասին և ներառում է նաև pre-emptive strike-ի որոշ բաղադրիչներ:

Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունները և Տոնոյանի նշանակումը ստիպեցին Բաքվին լրջորեն անհանգստանալ: Չստանալով բավարար երաշխիքներ Մոսկվայից՝ Բաքուն սկսեց մտավախություն ունենալ, որ Հայաստանի նոր իշխանությունը, կաշկանդված չլինելով նախորդի ժառանգությամբ և պայմանավորվածություններով, կարող է դիմել պրո-ակտիվ և կանխարգելիչ քայլերի: Փաշինյանը անկանխանտեսելի է Ադրբեջանի համար, ինչը վերջինիս համար բարձրացնում է անվտանգային ռիսկերը բոլոր ուղղություններով: Թերևս դրանով են պայմանավորված Նախիջևանում մայիսի 16-ին սկսած հրթիռա-հրետանային ստորաբաժանումների զորավարժությունները և Ալիևի այն հայտարարությունը, որ Նախիջևանում կան զինատեսակներ, որոնք կարող են ոչնչացնել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ:

Այո՛, Ադրբեջանն իր սպառնալիքներն ուղղում է Հայաստանին, ոչ թե՝ Արցախին: Սա արդեն նշանակում է, որ Երևանը և ՀԱՊԿ-ը պետք է կտրուկ արձագանքեն և գործի դնեն կազմակերպության հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոդված 4-ը և «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» դրույթներն անդամ պետության դեմ հնչած սպառնալիքների մասով: Բայց, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, և սա է արդյո՞ք այն ամենը, ինչ Հայաստանի նոր ղեկավարությունն ակնկալում է ՀԱՊԿ-ի իր գործընկերներից: Եւ նաև՝ արդյո՞ք նույն գործընկերները, այդ թվում և հատկապես՝ ՌԴ-ն, իրենք էլ իրենց նախապայմանները չեն դնի Երևանի առջև:

Ամիսներ անց Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում Փաշինյանին արդեն կդիմավորի ոչ թե հիացական բացականչություններ արձակող հայ համայնքը, ինչպես Սոչիում, այլ նա կհանդիպի Նազարբաևի սառը ընդունելությանը:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register