ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՆ

uoren

Գիտությունը զոհեր է պահանջում ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերում, այլև իրական կյանքում: Երբեմն գիտնականները ստիպված են լինում սեփական կյանքի կամ առողջության գնով ապացուցել իրենց ճշմարտացիությունը: Աշխարհահռչակ գիտնական Ջոն Ռոբին Ուորենը նրանցից մեկն է: Նա ծնվել է 1937-ի հունիսի 11-ին՝ Ադելաիդայում: Ազգությամբ ավստրալացի գիտնականը հայտնի է որպես Հելիկոբակտեր պիլորի բակտերիայի հայտնաբերող:

Ուորենը բժիշկ է, Նոբելյան մրցանակի դափնեկիր և հետազոտող, ով 1979 թվականին կրկնաբացահայտել է Հելիկոբակտեր պիլորին Բերի Մարշալի հետ միասին: Նրանք ապացուցեցին բժշկական հանրությանը, որ Հելիկոբակտեր պիլորի բակտերիան մարսողական խոցերի պատճառ է դառնում:

1967-ին Ուորենը ընտրվում է Փըրթի թագավորական հիվանդանոցի գլխավոր պաթոլոգ, որտեղ էլ անցկացնում է իր կարիերայի մեծ մասը: Արևմտյան Ավստրալիայի համալսարանում իր գործընկերոջ՝ Բերի Մարշալի հետ միասին Ուորենն ապացուցում է, որ բակտերիան ստամոքսի խոցերի պատճառն է: Նա օգնում է մշակել դիագնոստիկ թեստ, որը պետք է ախտորոշեր Հելիկոբակտեր պիլորին մարսողական խոցեր ունեցող հիվանդների մոտ:

2005թ. Ուորենն ու Մարշալը արժանացան բժշկության ոլորտում նոբելյան մրցանակի՝ֆիզիոլոգիայի բնագավառում «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար»:

Երբ գիտնականը սկսեց իր մրցանակակիր հետազոտությունը, բժիշկները հավատացած էին, որ խոցերը առաջանում են ստամոքսի թթվայնության բարձրացման հետևանքով, որը սովորաբար սթրեսների կամ անառողջ սննդակարգերի արդյունք է:

1979 թվականին հիվանդի ստամոքսի բիոպտատում նա առաջին անգամ նկատեց պարուրաձև բակտերիա: Դա հակառակ էր ընդունված այն մտքին, որ բակտերիաները չեն կարող գոյատևել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող միջավայրում և շատ գիտնականներ չընդունեցին նրա զեկույցը: Հետգա երկու տարիների ընթացքում նրա հետազոտությունը ցույց տվեց, որ այնուամենայնիվ բակտերիան, որը ստամոքսի հյուսվածքում էր, գրեթե միշտ կապված է գաստրիտների (ստամոքսի պատի բորբոքում) հետ: 1980-ականների սկզբին բակտերայի կլինիկական նշանակությունը հասկանալու համար Ուորրենը սկսեց աշխատել Մարշալի հետ: Նրանք ուսումնասիրեցին ստամոքսի 100 բիոպտատներ և հայտնաբերեցին բակտերիային գաստրիտներ ստամոքսի և աղիքային խոց ունեցող բոլոր հիվանդների մոտ: Վկայակոչելով այդ արդյունքները, Ուորրենն ու Մարշալը ենթադրեցին, որ հենց այդ բակտերիան է հարուցում հիվանդությունները: Նրանց աշխատանքը մարսողական խոցերի համար նոր բուժման միջոցներ (ռեժիմային հակաբիոտիկներ և թթվի արտազատման ինհիբիտորներ) առաջարկեց:

Ուորենը այս տարի առաջին անգամ էր Հայաստանում՝ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում: Նրան, ևս 4 նոբելյան մրցանակակիրների հետ, հյուրընկալել էր Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը: Հյուրերը ապրիլի 12-ից 16-ը դասախոսություններով հանդես եկան կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության, ինչպես նաև աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:

Գիտնականի կարծիքով Հայաստանում շատ չեն ճարպակալում ունեցող մարդիկ, ի տարբերություն ԱՄՆ-ի ու եվրոպական շատ երկրների: Դրանում որոշակի դեր է խաղում այն հանգամանքը, որ այստեղ այնքան էլ տարված չեն ֆասթ-ֆուդով, իսկ Մակդոնալդսներ ընդհանրապես չկան:

Ես ձեզ խորհուրդ կտայի Հայաստանում երբեք Մակդոնալդս չբացել: Քանի դեռ ինքներդ եք պատրաստում ձեր հիասքանչ տոլման և նախապատվությունը տալիս եք տնական կերակրատեսակներին, դուք խնդիր չեք ունենա»,- ասաց նոբելյան մրցանակակիրը՝ Հայաստանից մեկնելիս:

Հյուրասեր, սակայն առանց արագ սնունդի, սիրալիր, նպատակասլաց և գիտության հանդեպ կայուն սիրով: Այսպիսին տեսավ նոբելյան մրցանակակիրը Հայաստանը և խորհուրդ տվեց հենց այսպիսին էլ պահել մեր երկիրը, քանի որ հենց այս ճանապարհին են սպասվում մեծ հաջողությունները:

 

Սպարտակ Գրիշյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register