ՆԻՀԱԹ ՕԶԴԱԼ

DSCF1598

Նիհաթ Օզդալը ծագումով հայ բանաստեղծ է, ով ժամանակակից թուրքական պոեզիան հարստացնում է հայկական երանգներով: Ապրում է Եփրատ գետի ափին՝ իր անձնական գրադարանում, որը պոեզիայի ամենահարուստ գրադարաններից մեկն է Թուրքիայում:

Առաջին գիրքը՝ «Google-ից առաջ» (Google’den Önce) վերնագրով տպագրվել է 2010 թ., որի համար բանաստեղծն արժանացել է երկու հեղինակավոր մրցանակի: Դրան հաջորդել են «Թևի հետագծերը» (Kanat İzleri, 2011), «Կոճակներ» (Düğmeler, 2015) և «Մաշկ» (Deri, 2017) ժողովածուները: Վերջին երկուսը դեռևս անտիպ «Կորդինատներ» (Koordinatlar) ժողովածուի հետ միասին կազմելու են եռապատում:

Բնագրից թարգմանաբար ներակայացվող ստեղծագործություններն ընտրված են «Թևի հետագծերը» ժողովածուից, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, բուլղարերեն, քրդերեն և այլն)՝ մեծ ճանաչում բերելով հեղինակին Թուրքիայում և նրա սահմաններից դուրս:

2017 թ. Նիհաթ Օզդալն արժանացել է «Ոսկե դափնի» գրական մրցանակին:

 

Kanat İzleri

Թևի հետագծերը

/1/

Հեռո՜ւն:

(Քեզ

առուները գերող ջրաղացների տաղը

երգելու եկա):

/2/

Հեռանալուս համար երկնագույն մի ստով

դո՛ւ

թևիդ կիրքը մշտապես մեջդ պահեցիր:

 

/3/

Արևածագին մի ծիտ շարժվեց

գետի երկայնքով.

նվաղել էր կամքը:

Ա՜խ, թե ծիտ դառնամ, թռչեմ…

/4/

Ջրում մեծացած մի ծիտ էր գալիս

մամռոտ ճամփեքով…

Ա՜խ, թե ծիտ դառնամ, առ ճերմակ հոսեմ:

/5/

Քանի գիշեր է՝

ծտերը

հույսի՝  խորացող տագնապն են պատմում…

«Մշտապես ծնկող երեկոյի մեջ կապրեք:

Մեկընդմեջ փայլատակումներ կարող են լինել, անշուշտ, բայց երեկոն,

խավարը շատ չանցած, նորեն կծնկի:

Մի անգամ մարմին սողոսկած ու այլևս այն չլքող, ժամանակ առ  ժամանակ գլուխ բարձրացնող տենդագին մի հիվանդության նման է սա: Հարձակվելու համար սպասում է մարմնի թուլանալուն: Տխրահարույցն էլ այն է, որ սա իրականությունից այնքան էլ շատ չի տարբերվում: Հույսն, ըստ էության, լավատեսական մի ենթադրությունից զատ այլ բան չէ»[1]:

/6/

Ձագո՜ւկ,

ծտերից հետո սկսվածը

խավարն էր…

Գիշերվա երեքին մաղել սկսեց

ծիտը:

/7/

Թևեր ունեմ, որոնց

անզոր էի

թռչել սովորեցնել:

/9/

Եթե չասեի,

միայնակ կմնային

թևի հետագծերը

Թարգմանությունը՝ Կարոլինա Սահակյանի

   [1]Հղում թուրք գրող Ալի Թեոմանի (1962-2011) հայտնի «Անհուսություն» (“Umutsuzluk”) ստեղծագործությանը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register