ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈւՄ ԾԽԱԽՈՏ ՉԵՆ ՎԱՃԱՌԻ. ԳՆՈՂ ՉԿԱ

cxaxot

Արդեն մի քանի օր է ակտիվ քննարկվում է Արսեն Թորոսյանի  առաջարկած օրինագիծը, որի երկար անվանումը՝ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին»< նպատակ ունի կարճաժամկետ սահմաններում Հայաստանում ծխողների թիվը կրճատել տասը տոկոսով: Սա բարձր ցուցանիշ է, և հրաշալի կլինի, եթե ստացվի։ Առողջապահության նախարարն իր օրինագծում առաջարկել է շատ մեծ գումարային տուգանքներ սահմանել ծխախոտի գովազդի համար՝ 800 հազար դրամ, իսկ  ղեկին ծխելու համար՝ տասից տասնհինգ հազար։ Բացի դրանից, առաջարկվում է խանութներից վերացնել ծխախոտի սթենդները, դրանք կվաճառվեն միայն «չերևացող» կերպով․ կլինի ծխախոտի տեսականու  ցուցակ, որը  կներկայացնեն չափահաս գնորդին՝ իր իսկ խնդրանքով, նա ցուցակից կընտրի-կգնի։ Կարգելվի ծխել նաև հանրային վայրերում՝ փակ ու կիսափակ, շքամուտքերում, աշխատանքային տարածքներում, բուժհաստատություններում, խաղահրապարակներում և խաղային պուրակներում․․․ Մի խոսքով, ծխողների կյանքը ցանկանում են մի լավ բարդացնել՝ իրենց իսկ առողջության համար։

Շատերը բողոքում են՝  մեթոդները դաժան են, հետո էլ խոսքը նախարարին ուղղում՝ հազար ու մի խնդիր կա բժշկական ոլորտում՝ ստուգումների շատ բարձր գները, պետպատվերների անարդար բաշխումը, սպասարկման որակը, մի՞թե ծխելու հարցն էր առաջնահերթ, գուցե «ավելի լուրջ» հարցերո՞վ զբաղվեին։

Ծխելն, իրականում, ևս լուրջ հարց է, և լավ է, որ փոփոխությունները ինչ-որ կետից արդեն իսկ սկսել են։ Օրինագիծը դեռ կներկայացվի ԱԺ, կքննարկվի, և ըստ դրա կընդունվի, կամ ոչ։ Համենայն դեպս աշխարհն արդեն իսկ  հասկացել է ծխելու վնասները, և շատ մարդիկ ինքնակամ հրաժարվում են դրանից։ Եվ հրաժարվում են ոչ միայն մարդիկ, այլ նաև՝ երկրները։

Օրինակ, Նիդերլանդներում, որտեղ, ի դեպ, սկսել են բանտեր փակվել, որովհետև ուղղակի հանցագործներ չկան, արդեն սկսել են ծխախոտներ չվաճառել՝ նույն հոգեբանությամբ․ գնորդ չկա։

Հոլանդիայի՝ գերմանական Lidl խանութների ցանցի կետերը 2022 թվականին ամբողջովին կհրաժարվեն ծխախոտի վաճառքից։ Վերջին տարիներին դրանց վաճառքը շոշափելիորեն նվազել է, ինչի արդյունքում խանութները սկսել են գումար կորցնել ու «վնասով» աշխատել։ Կառավարության անդամները շատ դրականորեն են  արձագանքել տվյալ լուրին՝ նշելով, որ այն ֆանտաստիկ է, և հուսով են, որ մնացած խանութների ցանցերը ևս կմիանան իրենց։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդներում օրական ծխում է բնակչության քսան տոկոսը։ 2000-ից 2015 թվականներին ծխողների թիվը գրեթե մեկ երրորդով կրճատվել է։

Ստացվում է, որ ցանկության դեպքում կարելի է հասնել նման արդյունքների։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը ևս չլինի ծխախոտից հրաժարված երկրների ցուցակում։ Անհվանական է թվում, բայց գուցե ճիշտ քարոզի արդյունքում ստացվի՞ մարդկանց համոզել, որ պետք չէ թունավորել սեփական օրգանիզմն ու ազդել կյանքի որակի ու երկարակեցության վրա։ Գուցե ճանապարհը հենց՝ առողջապահության նախարարի առաջարկած օրինագի՞ծն է, գուցե դա՞ է առաջին քայլը՝ դեպի ավելի առողջ Հայաստան։

Ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան ակնհայտ է՝ ծխախոտը չարիք է, և դրանից օր առաջ հրաժարվել է պետք։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register