ՅՈւՍՈւՖ ՔԱՐՇԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ

01

Հոկտեմբերի 18-25-ը Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում բացվեց կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրության է ներկայացված դիմանկարային լուսանկարչության մեծագույն վարպետի 31 աշխատանք:

Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվականին՝ Թուրքիայի Մարդին  քաղաքում, հայկական ընտանիքում: Ցեղասպանության ժամանակ հալածանքներից փախչելով` Քարշի ընտանիքը տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաք: 1924 թվականին, 16-ամյա Քարշին ծնողներն ուղարկել են Կանադա` Օտտավա, մասնագիտությամբ լուսանկարիչ հորեղբոր մոտ: Հենց այդտեղից էլ սկսվում է Քարշի անհավանական ուղին լուսանկարչության ասպարեզում: Արդեն 1932 թվականին նա սեփական ստուդիան է հիմնադրում Օտտավայում, իսկ 1936 թվականին «Շատո Լորիե» հյուրանոցում կայանում է նրա առաջին ցուցահանդեսը: Քարշը տասնամյակների ընթացքում լուսանկարել է նշանավոր բազմաթիվ մարդկանց:

Այդուհանդերձ, նրա ամենահայտնի աշխատանքը համարվում է 1941 թվականին Օտտավայում արված Ունիսթոն Չերչիլի լուսանկարը: Ինչպես Քարշն է հետագայում խոստովանել` այդ լուսանկարը հիմնիվեր փոխել է նրա կյանքը: Լուսանկարը  հետաքրքիր պատմություն ունի: Չերչիլի ծրագրում լուսանկարվելու արարողություն չի նախատեսվել և Կանադայի վարչապետի կողմից հրավիրված Քարշը ուղղակի անակնկալի է բերել Չերչիլին: Վերջինս դժկամությամբ համաձայնվել է լուսանկարվել` վառելով  նոր սիգար: Քարշը մոխրաման է մեկնել Չերչիլին, սակայն վերջինս չի արձագանքել դրան: Լուսանկարիչը սպասել է մեկ րոպե և, տեսնելով, որ Չերչիլը չի պատրաստվում ազատվել սիգարից, անհավանական քայլի է դիմել: Մոտեցել է 67-ամյա Չերչիլին, «Ներեցեք ինձ, սը՛ր» ասելով, հանել է սիգարը նրա բերանից: «Երբ ես վերադարձա խցիկի մոտ, նա այնպիսի փրփրած ու ռազմաշունչ տեսք ուներ՝ ասես պատրաստ էր ինձ ողջ-ողջ հոշոտել: Հենց այդ պահին էլ ես լուսանկարեցի»,- հարցազրույցներից մեկում պատմել է Քարշը:

Յուսուֆ Քարշի աշխատանքներին նվիրված պաշտոնական կայքում (http://karsh.org/photographs/) կարող եք գտնել նրա ամենաուշագրավ աշխատանքները: Որոշ լուսանկարների հետ միասին տրված են նաև Քարշի մեկնաբանությունները: Օրինակ` թե ինչ տպավորություն է թողել Ալբերտ Այնշտայնը իրենց առաջին հանդիպման ժամանակ կամ ինչ պայմանով է Լեոնիդ Բրեժնևը համաձայնվել լուսանկարվել(Բրեժնեևը պահանջել է, որ Քարշը նրան պատկերի Օդրի Հեփբերնի նման գեղեցիկ):

Երևանում  կազմակերպված ցուցահանդեսի նախաձեռնությունը թարգմանիչ Արտաշես Էմինինն է: «Ճամփորդի» հետ զրույցում Արտաշես Էմինը վերհիշեց, թե ինչպես է 20 տարի առաջ հանդիպել Յուսուֆ Քարշին:

0

1997 թվականին Օտավայում էի: Չէի էլ երազում, որ բախտ կվիճակվի հանդիպել Յուսուֆ Քարշին: Աշխարհահռչակ լուսանկարչին պատահաբար հանդիպեցի «Շատո Լորիե» հյուրանոցում: Աչքերիս չհավատացի, մոտեցա նրան և հարցրի՝ «Ներեցեք, Դուք Յուսուֆ Քարշն ե՞ք»: Նշեցի, որ մանկությանս տարիներից գիտեմ նրան որպես հայ լուսանկարիչ: Սրճարանում երկար զրուցեցինք: Հարցրեցի` ինչո՞ւ Հայաստան չի այցելում, միթե՞ երբևէ նման ցանկություն չի առաջացել: Ասաց, որ ցանկություն միշտ էլ եղել է, ուղղակի հրավեր չի ստացել: Ես էլ նշեցի, որ ահա ես պաշտոնապես հրավիրում եմ (ժպտում է,-խմբ.):

Աչքերը փայլեցին, պայմանավորվեցինք նամակագրական կապ պահպանել: Այդ պահին կինը եկավ, խիստ նայեց, կարծես` չարություն արած երեխան լիներ: Հավանաբար կինը չէր ուզում,որ Քարշը հայության հետ կապ ունենա: Փորձում էի Հայաստանի իշխանությունների միջոցով կազմակերպել նրա այցը, սակայն չստացեց: Ի վերջո կինը լավ աշխատանքի առաջարկ ստացավ Բոստոնում և շատ դաժան կերպով համարյա հարուրամյա ծերունուն բնից պոկեց, տարավ Բոստոն: Դրանից հետո Քարշը երկար չապրեց, մահացավ 2002 թվականին, այդպես էլ չայցելելով Հայաստան:

Այս տարի լրանում է հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Կանադայի Համադաշնության 150-ամյակը: Ինչպես ընդունված է նման դեպքերում` դրան ուղեկցում է մշակութային որևէ միջոցառում: Կանադայի կառավարությունում շատ մարդ չգիտի, որ Քարշը հայ է: Նրան դիտարկում են իբրև կանադական մեծագույն արժեք: Այդ պատճառով ինչ-որ համերգ էին ուզում կազմակերպել: Օգտագործելով Օտտավայի կառավարական խողովակաները, պաշտոնական թույլտվություն ստացանք Կանադայի պետական արխիվից` լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես անցկացնելու համար: Նրանք ուղարկեցին պաշտոնական ֆայլերը: Հենց այդպես էլ Քարշի 31 նշանավոր լուսանկարները հայտնվեցին Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում»,- նշեց Արտաշես Էմինը:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register