ՓԱՌՔ ԱՍՏԾՈ՝ ՆԱՎԹ ՉՈՒՆԵՆՔ

navt

Ազգային զինանշանի, օրհներգի և դրոշի հետ մեկտեղ ազգային արժույթը նույնպես կարելի է համարել պետական խորհրդանիշ, որը մերօրյա տնտեսական աշխարհում արտացոլում է պետության ուժը, կայունությունը, հավասարակշռությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո, 1993-ի նոյեմբերի 22-ին մենք ստեղծեցինք մեր ազգային արժույթը՝ ԱՊՀ երկրների արժույթների մեջ ամենակայուններից մեկը:

2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը մարդկանց անհանգստությունների տեղիք տվեց, երբեմն արժույթների տատանումների պատճառով որոշակի խուճապ առաջացրեց: Հիմա էլ շատերս չգիտենք ինչպես վարվել և ինչ սպասումներ ունենալ:

Այս տեսանկյունից հետաքրքրական են մեր տարածաշրջանային արժույթների տատանումների դիտարկումները վերջին 10 տարիների ընթացքում:

Անկասկած, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունները արմատապես տարբերվում են, բայց միևնույն ժամանակ դրանք ընդհանուր եզրեր ևս ունեն: Համեմատելով 3 պետությունների պաշտոնական դրամական միավորների փոփոխությունները, կարելի է եզրակացնել, որ հայկական դրամը կայուն նվազող է, մինչդեռ վրացական լարին և ադրբեջանական մանաթն առավել փոփոխական են՝ առավել զգայուն լինելով ներքին և արտաքին մի շարք գործոնների նկատմամբ:

Ադրբեջանական մանաթի վրա ազդող գլխավոր գործոնը նավթի գներն են: Երկրի բյուջեի շուրջ 50%-ը ձևավորվում է նավթի վաճառքից ստացվող միջոցների հաշվին: Այդ իսկ պատճառով նավթի գների մերօրյա տատանումները ուղղակի պատուհաս են այդ երկրի տնտեսության համար: Մանաթի վերջին տասնամյակում գրանցված նվազագույն արժեքը դիտվել է 2015 թվականին: Մինչ օրս այն ազատ անկման մեջ է:

3

Վրացական լարիի արժեքը նույնպես նվազել է: Սակայն ինչպես կարող եք տեսնել գծապատկերից՝ վրացիները շարժվում են իրենց հարևաններին հակառակ կուրսով: Լարին և մանաթը հակադարձ համեմատական են, պայմանավորված Վրաստանի՝ գազի տարանցիկ երկիր լինելու հանգամանքով: Վրաստանի եկամուտների մի մասը պայմանավորված է իրենց երկրով անցնող գազի ծավալով: Գծապատկերը փաստում է, որ նավթի և գազի գների այս մակարդակը, նշված գործոնի շրջանակում, նրանց օգտին է աշխատում: 2015 թվականի տվյալներով 3 ազգային արժույթներից միակը, որը աճ է գրանցել՝ լարին է: Մյուս կողմից էլ Վրաստանը բավական մեծ խնդիրներ ունի արտահանման ծավալների զգալի կրճատման հետ կապված: Քաղաքական և տնտեսական պատճառներով ռուսական շուկայի կորուստը և նոր՝ եվրոպական, շուկայում  հիմնավորվելու խնդիրները, միջազգային ներդրումների սղությունը մեծ հարված հասցրին այս երկրի տնտեսությանը: Լարիի նվազագույն արժեքը վերջին տասը տարիների ընթացքում գրանվել է 2013 թվականին:

Հայկական դրամը վերջին տասը տարիների ընթացքում գրանցել է տևական, աստիճանական նվազում: Ընդհանուր առմամբ ազգային արժույթի կտրուկ տատանումներ չեն դիտվել: Իսկ վերջին 2 տարիների ընթացքում մեր ազգային դրամը ԱՊՀ բոլոր երկրների ազգային արժույթների ցանկում գրավում է երկրորդ պատվավոր տեղը իր կայունությամբ, զիջելով միայն Թուրքմենստանի մանաթին: Դրամի առավելագույն արժեզրկում գրանցվել է հեռավոր  2007-ին:

Մեր ազգային արժույթի նվազման վրա մեծ ազդեցություն գործեցին միջազգային՝ հատկապես Ռուսաստանից եկող ներդրումների, դրամական փոխանցումների ծավալի նվազումը: Նավթի գների տատանումները ուղղակի ազդեցություն չեն թողնում հայկական տնտեսության վրա: Դրա մասին է վկայում մեր արժույթի համեմատական կայունությունը, որը պայմանավորված է նաև Հայաստանի ԿԲ որդեգրած դրամական քաղաքականությամբ:

Ամփոփելով պետք է ասել, որ այո՛, մեր դրամը նույնպես նվազման միտումներ ունի, սակայն նավթի և գազի բացակայությունը մեզ զերծ է պահում միջազգային շուկայում վառելիքի գնի տատանումների ազդեցությունից: Կարևոր է իմանալ, որ չափավոր ցածրացող արժույթը դրական կողմեր նույնպես ունի. այն նոր հնարավորություններ է ընձեռում՝ խթանելով արտահանումը:

 

Լիլիթ Պապիկյան

Արարատ Սահակյան

ԱԿՐՈՆ ՔՆՍՈԼԹԻՆԳ

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register