«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 13 ՏԱՐԵԿԱՆ Է

narkaci

«Վերնիսաժի» հարևանությամբ` Վարդանանց 16/1 հասցեում է գտնվում «Նարեկացի» արվեստի միությունը: Արտաքինից աչքի չընկնող միությունն իր ներսում է ամբարում ու պրոպագանդում մշակութային արժեքները։ Սա մի վայր է, որն իրավամբ կարելի է մշակութային  օազիս համարել:

Միությունն իր առջև հայկական մշակույթը պահպանելու և ներկայացնելու խնդիր է դրել։ Հիմնադրվել է 2004թ.: 2006 թվականին Շուշում հիմնադրվել է նրա մասնաճյուղը: Սուրբ Գրիգոր  Նարեկացու անունը կրող  արվեստի  միությունն  իր 13-ամյա գոյության ընթացքում հսկայածավալ աշխատանք է իրականացրել։ Միությունը հայկական մշակույթը  ներկայացնում  է աշխարհին  և հյուրընկալում  արվեստագետների`  աշխարհի  զանազան  անկյուններից։ Տարեկան  մոտ 300 միջոցառում, այդ  թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի  դիտումներ,  դասախոսություններ, վարպետության  դասեր և տարաբնույթ այլ միջոցառումներ: Ի  դեպ, ցանկացողների համար բոլոր միջոցառումների մուտքն ազատ է լինում։

«Նարեկացի» արվեստի միությունն իր տարեդարձն ամեն տարի նշում է մեծ միջոցառումով, որն ամեն անգամ նվիրվում է մի արվեստագետի։ 13 ամյակի միջոցառումը նվիրված էր անվանի  կոմպոզիտոր,ՀՀ  ժողովրդական  արտիստ  Խաչատուր  Ավետիսյանին։  Միջոցառմանը ներկա  էր մեծանուն կոմպոզիտորի որդին` Միքայել  Ավետիսյանը, ով Գլենդելի (ԱՄՆ)  ֆիլհարմոնիկ  նվագախմբի գեղարվեստական  ղեկավարն ու  գլխավոր դիրիժորը,  ինչպես  նաև «Բելֆրի»  նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենն է։

Ջերմ մթնոլորտում անցած միջոցառման ընթացքում հանդիսատեսն ըմբոշխնում էր Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։  Երեկոյի  ընթացքում  ելույթ  ունեցան ծրագրի  ղեկավար և մենակատար  Լուսինե  Ազարյանը, «Փարոս» կամերային  երգչախումբը,  «Նարեկացի»  ժողովրդական  նվագարանների նվագախումբը, «Նովա»  ազգային  նվագարանների համույթը, իսկ  վերջում այդ  կենդանի  երաժշտության ներքո երեկոն  ամբողջացրեց  «Նարեկացի» արվեստի միության «Նժդեհ» ազգագրական պարի խումբը։

Շնորհավորենք «Նարեկացի»արվեստի  միությանը տարեդարձի կապակցությամբ  և շնորհակալություն հայտնենք հայրենանվեր գործունեության համար։

Արև Մախսուդյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register