ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՄՈՒՍԸ  ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԱՇԽԱՐՀՈՒՄ

1

Մայրաքաղաքում գործող «Հոդված 3» ակումբում օրերս տեղի ունեցավ՝ «Նամուսի տիրույթը․ սեռ, բարոյականություն և հասարակական ընկալումներ» թեմայով բանավեճ: Ակումբում հավաքված շուրջ 30 երիտասարդները «մարտական գործողություններից» առաջ ծանոթացան բանավեճի բրիտանական կանոններին: 3-ից 4 մասնակցից բաղկացած երկու թիմի ձևավորումից հետո՝ վիճակահանությամբ որոշվում է, թե որ թիմն է լինելու «կողմ» և  որը` «դեմ»:

Այսինքն, եթե մասնակիցն, օրինակ, ուղն ու ծուծով պահպանողական է, բայց «հանգամանքների բերումով» հայտնվել է «դեմ» թիմում, ապա նա պետք է համապատասխան փաստարկներ բերի, թե ինչու է անհրաժեշտ վերացնել կանանց և տղամարդկանց համար սահմանված բարոյականության տարբեր ստանդարտները: Եվ հակառակը: Թիմերը կազմելուց հետո, բանավիճող կողմերին նախապատրաստվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Բանավեճի յուրաքանչյուր մասնակցի արտահայտման համար տրվում է 7 րոպե ժամանակ, ընդ որում`առաջին և վերջին րոպեին խոսում է միայն բանախոսը, այդ ընթացքում լսարանը չի կարող հարցեր ուղղել նրան: Դեբատը վարում էր հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, որպես փորձագետ հանդիպմանը ներկա էր ազգագրագետ Գայանե Շագոյանը:

2

Բանավեճի հիմնական «մեխը», որին երկու կողմն էլ փորձում էին «հարվածել», հիմնական թեման՝ համայնքի, կամ այսպես կոչված «ձայն բազմաց»-ի վարքին էր վերաբերում: Դրսևորում, որը  կարելի է ամբողջացնել` «Կտոր մը երկինք» ֆիլմից  բոլորիս քաջածանոթ՝ «համայնքը զորավոր է» արտահայտությամբ: Երբ մարդը (հիմնականում կինը) որոշում է ապրել սոցիումի չգրված օրենքներից անդին, նույն սոցիումը նրան տարբեր ձևերով հիշեցնում է այդ մասին` առաջացնելով ամոթի զգացում:«Դեմ» թիմի ներկայացուցիչներից ոմանք շեշտում էին, որ իրենք դեմ չեն այս կամ այն արժեքին և այն համոզմանն են, հասարակակական կյանքում կոնկրետ մեկ արժեքի գերակայությունն ու  ապրելու իրավունքը անընդունելի է: «Կողմ» թիմն ավելի անձնականացված ռազմավարություն էր ընտրել, օրինակ` այսպիսի հարց հնչեց. արդյոք ձեզ դուր կգա՞ր, որ ձեր մայրը մինչ ձեր հայրիկին հանդիպելը ազատ սեռական հարբերություններ  ունեցած լիներ ուրիշի հետ: Դրան ի պատասխան լսարանից  էլ հակադարձեցին, որ նույն այդ տրամաբանությամբ` ինչ-որ մեկին էլ դուր չէր գա, որ իր հայրը մինչ մորը հանդիպելը ազատ սեռական հարաբերություններ ունեցած լիներ ինչ-որ մեկի հետ: Ուրեմն հարկ չկա տարբերություն դնել սեռերի միջև:

3

 

Բանավեճի ավարտից հետո ազգագրագետ Գայանե Շագոյանը որպես համընդհանուր արժեք կարևորեց օրենքի գերակայությունը, ընդսմին նկատելով, որ ամոթանքը` որպես պատիժ, այժմ չունի այն ուժը, ինչ ուներ 19-րդ դարում:Կարծես թե կա համընդհանուր հասկացություն, թե ինչ է պետք հասկանալ «ընտանիք», «ավանդական ընտանիք» ասելով, ազգապահպանության խնդիր դնելով: Սակայն շատ կարևոր է գիտակցելը, որ սրանք պայմանական հասկացություններ են, երբեք քարացած չեն և մշտապես փոփոխվում են»:Կողմ» թիմը հիշատակեց հասարակական կարծիքի գերակայության մասին, սակայն բանավեճի ընթացքում չքննարկվեց, թե իրականում մարդուն «սանձելու» համար ինչ «սանկցիաներ» են գործում: Մասնակիցների դիտարկման համաձայն՝ ավանդապաշտ հասարակություններում գործող, հիմք ընդունվող ամոթը՝ Ժամանակակից աշխարհում  տեղը զիջել է իրավունքին:

Հարաբերությունները հարկ է կառուցել իրավունքի դիրքերից, այլ ոչ թե ամոթի մասին պատկերացումներից: Օրենքի խախտումը ենթադրում է պատիժ, մինչդեռ ամոթի խախտումը կարող է արժանանալ հասարակական պարսավանքի, որի ազդեցությունը կախված կլինի անհատից, որը որոշ դեպքերում կարող է նաև բացարձակապես անտեսվել:19-րդ դարում ամոթի սանկցիաներին ենթարկվելը հավասարազոր էր մահապատժի, քանի որ մարդը վտարվում էր հասարակությունից, զրկվում էր աշխատելու և սնվելու հնարավորությունից: Մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք արագորեն փոփոխվող աշխարհում և մեր առավելությունը կլինի ոչ թե գնալ 19-րդ դար և այնտեղ փորձել գտնել ինչ-որ անկյունաքարային հիմք մեզ համար` քիչ թե շատ կայուն իրավիճակ ստեղծելով, այլ լինել առաջադեմ և ինքներս կարողանալ ոչ միայն ընկալել, այլ` թելադրել ինչ-որ կանոններ»,- նշեց Գայանե Շագոյանը:

Ազգագրագետը նաև հավելեց, որ հասարակությունները  պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի. «Առաջին դեպքում երեխաները սովորում են ծնողներից, երկրորդ դեպքում` երեխաներն արժեհամակարգը կամ կողմնորոշիչ հիմնադրույթները ստանում են իրենց սերնդակիցներից, և երրորդ դեպքը, երբ ծնողներն են սովորում իրենց երեխաներից: Այսօրվա հասարակությունում երեք տարբերկաներից էլ ունենք, բայց «trend»-ը` զարգացման ուղղությունը, գնում է, որպես կանոն, առաջինից դեպի երրորդ, այլ ոչ թե հակառակը: Մեր որոշումն է` մաս կազմել այդ միտմանը կամ փորձել դրան հակառակ ուղղությամբ ինչ-որ փորձեր անել»,- ամփոփեց ազգագրագետը :

«Մարտին» հետևեց՝

Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register