ՄՇԱԿՈւՅԹԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈւՄ

elections-armenian-parliament

Մինչ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը՝ երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: «Ճամփորդը» շարունակում է անդրադառնալ ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ներառված ուշագրավ կետերին: Այս անգամ առանձնացրել ենք մշակույթին վերաբերող հատվածը:

Նախընտրական ծրագրերում ներառված՝  տնտեսությանը, պետական կառավարմանը, զինված ուժերին, արտաքին քաղաքականությանը, Արցախին, սփյուռքին, արտագաղթին, դատաիրավական համակարգին  վերաբերող կարևորագույն կետերի «հորձանուտում» մշակույթին վերաբերող  խնդիրները հայտնվել են ստվերում: Որոշ քաղաքական ուժեր էլ նույնիսկ չեն անդրադարձել կամ  դրանք չեն ներառել իրենց կողմից իրականացվելիք առաջնահերթ քայլերի շարքում:

Ամիսներ շարունակ մեր թերթի «7 հարց» խորագրի 2-րդ և 3-րդ հարցերին  ի պատասխան (տե՛ս էջ 8)՝ մշակույթին վերաբերող բազմաթիվ խնդիրներ են հիշատակվել: Շատերն արձանագրում են, որ Երևանը՝ հին շենքերը անդադար նորերով փոխարինելու հիվանդագին մոլուցքի  պատճառով անդառնալիորեն կորցնում է իր պատմամշակութային դեմքը: Մշակութաբանները հավաստում են, որ մայրաքաղաքում մշակութային կյանքը կենտրոնացված է և վարչական շրջանները խիստ անհավասար հնարավորություններ ունեն: Արվեստագետները նշում են, որ շատ քիչ տարածք է հատկացվում ժամանակակից արվեստի գործերին: Որպես հայրենադարձության նպաստող քայլ նշվում է մշակութային կյանքի զարգացումը. չէ՞ որ արտերկրից ժամանած մարդը, կոպիտ ասած, չպետք է ձանձրանա այստեղ:

Հենց մշակույթի միջոցով ենք մենք աշխարհին ներկայանում: «Ճամփորդի» հետ զրույցում «Dogma» ռոք խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը շեշտում էր, որ Հայաստանում պետք է անցկացվեն հզոր փառատոներ, որոնք իրենց արժանի տեղը պիտի գտնեն աշխարհի մշակութային քարտեզի վրա: Օրինակ` «Ոսկե Ծիրանն» իր հետևողական աշխատանքի միջոցով դարձել է աշխարհում ճանաչած ու հեղինակություն վայելող փառատոն:

Թեև քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այնքան էլ մեծ տեղ չեն հատկացրել մշակույթին, անկասկած նրա դերը հանրային քաղաքականության, մարդկանց տրամադրությունների, կողմնորոշման հարցում հսկայական է: Ավելին, Հայաստանում կա հստակ տիրապետող մշակույթ, որն աջակցվում և զարգանում է:

Այսպես, ընտրություններին առաջին համարով մասնակցող «ԵԼՔ» դաշինքը մշակույթին վերաբերող երկու կետ է առանձնացրել.

Առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը, աջակցություն կցուցաբերվի հայոց լեզվի զարգացմանը. մշակութային քաղաքականության հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը:

Գյուղական համայնքներում դպրոցները կդառնան կրթամշակութային կենտրոններ, որտեղ գործում են մարզական, արվեստի, արհեստի, ինտելեկտուալ խաղերի խմբակներ»:

Ազատ Դեմոկրատներն» ընտրություններին մասնակցող ուժերից թերևս ամենաշատն են անդրադարձել մշակույթին:

Նրանք ներկայացրել են Հայաստանն արժանապատիվ ներկայացնող մշակույթ և արվեստ ունենալու 10 կետ: Ահա ուշագրավ այդ կետերից մի քանիսը:

Մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը: Անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար:

Աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող ու մատաղ սերնդի և երիտասարդության մշակութային կրթության կենտրոններ:

Բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսական զարգացման տեմպերին համընթաց, նրանց կատարած հայրենանվեր աշխատանքի արժանավույնս գնահատմամբ»:

Երրորդ համարով հանդես եկող «Հայկական Վերածնունդ» կուսակցության ծրագրային 30 դրույթներից միայն մեկն է վերաբերում մշակույթին: Այստեղ մշակույթը և սպորտը որպես «տանդեմ» են հանդես գալիս.

Մշակույթի և սպորտի ոլորտներին հատկացվելիք պետական աջակցության մեծացում: Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետևողական զարգացում: Երևանում և մարզերում մշակութային օջախների և սպորտային հաստատությունների պայմանների բարելավում և ժամանակակից ցանցի ձևավորում: Մշակույթի և սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

Չորրորդ համարի տակ հանդես եկող «Ծառուկյան դաշինք»-ի 15 առաջնահերթ քայլերում մշակույթին վերաբերող  հստակ առաջարկներ չկան:

Հաջորդ` հինգերորդ համարով հանդես եկող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առաջարկում է հրաժարվել տիտղոսներ և կոչումներ շնորհելուց:

Մշակութային նախաձեռնություններին պետական աջակցությունն իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով։ Բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։

Պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:

«Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից»:

Վեցերորդ համարով ներկայացված «Հանրապետական» կուսակցությունն առաջարկում է մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման համար իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը, ինչպես նաև նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին:

Յոթերորդ համարով հանդես է գալիս Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որի նախընտրական ծրագիրը գտնել այդպես էլ չհաջողվեց:

Նախավերջին` 8-րդ համարով առաջադրված է «ՕՐՕ» («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան») դաշինքն առաջարկում է պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ԱԱՀ-ից:

«Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի և գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպես նաև Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:

«Վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ և ապահովել դրանց լիարժեք գործունեությունը»:

Վերջին` 9-րդ համարով ցուցակում է «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»:

ՀՅԴ ծրագրում մշակույթի վերաբերյալ հատուկ կետեր չկան: Միայն տողերի արանքում նշվում է, որ աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը, մշակութային և հոգևոր արժեքների հետ հաղորդակցվելու իրավունքը:

 

Ծաղկաքաղը՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register