ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ Է ՆԱԽԱՏԵՍՎՈւՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

5

Երևանում գործող Ժամանակակից արվեստի ինստիտուտը մտադիր է նախաձեռնել մշակութային համաժողովով: Բոլոր կազմակերպությունները, խմբերը, անհատներն ու կոլեկտիվները, որոնք կարող են ներդրում ունենալ համաժողովի կազմակերպման գործում, կարող են արձագանքել մինչև մայիսի 28-ը: Ստորև ներկայացնում ենք Ժամանակակից արվեստի ինստիտուտի տարածած հաղորդագրությունը.

«Հայաստանում Թավշյա հեղափոխության ստեղծած իրողությունները մեզ՝ քաղաքացիներիս հնարավորություն են ընձեռում վերաձևավորել և առաջարկել Հայաստանում մշակութային նոր քաղաքականության համապարփակ ծրագիր։ Ուստի մենք ցանկանում ենք հանդես գալ մշակութային համաժողով նախապատրաստելու և անցկացնելու նախաձեռնությամբ։

Մշակութային համաժողովի կազմակերպչական խումբ ձևավորելու այս հրավերը տարածելով՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի վարչական խորհրդի անդամներս՝ Ռուբեն Արևշատյան, Նորա Գալֆայան, Աննա Գարգարյան, Անուշ Զեյնալյան, Նազարեթ Կարոյան, ակնկալում ենք, որ բոլոր կազմակերպությունները, խմբերը, անհատներն ու կոլեկտիվները, որոնք կարող են ներդրում ունենալ համաժողովի կազմակերպման գործում, կարձագանքեն մինչև մայիսի 28-ը (forum@ica.am):

Համաժողովի նախապատրաստական աշխատանքների համար մենք բոլորս կարող ենք ներդնել մեր մասնագիտական կարողություններն ու ժամանակը, սակայն քաղաքացիական այս նախաձեռնությունը և սպասվող համաժողովը որևէ ֆինանսավորում չունի: Յուրաքանչյուր մշակութային/արվեստի կառույց ու մշակույթի ռազմավարական փոփոխություններով մտահոգ անհատ կարող է իր կարողությունների սահմանում աջակցել համաժողովին:

Մշակութային համաժողովի օրակարգում Հայաստանի մշակութային ռազմավարությունը ձևավորող քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բաղադրիչների ներկայացմամբ համապարփակ ծրագրի ստեղծումն է։ Համաժողովին անմիջականորեն կարող են մասնակցել արդեն իսկ մշակված ծրագրեր ունեցող ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հաստատություններն ու կազմակերպությունները, անհատ գործարարները, քաղաքական ու մշակութային գործիչները, օրենսդիրները, ամենատարբեր ոլորտների փորձագետները:

Համաժողովի կազմակերպչական խումբը կձևավորվի մայիսի 28-ին: Խմբի ձևավորումից հետո կտարածվի նաև համաժողովում քննարկվող հարցերի հղացական շրջանակը և ժամանակացույցը»:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register