ՄՆԱՑ… ՕԴԸ ԹԱՆԿԱՆԱ…

2

Միամիտ մեկին ասում են՝ գիտես՝ միսը թանկացել է: Ասում է՝ էհ, ինչ անենք, ես էլ մի կիլոյի փոխարեն կեսը կառնեմ: Մեր կենցաղում և իրականության մեջ վաղուց արդեն սա ծիծաղ  չի հարուցում, ավելին՝ գործող կենսապայման է դարձել, որովհետև ակտիվ գնաճին հակազդելու ուրիշ միջոց շարքային քաղաքացին պարզապես չունի:

Ակամայից հիշեցի ծանոթներիցս մեկի՝ «հին ու երանելի» խորհրդային տարիներին վերագրվող՝ մեր օրերում արդիական դարձող ու ժամանակները բնորոշող՝ «Կարաք՝ կարագ կերե՛ք, չեք կարա՝ «չեկ» կերեք խորիմաստ շուտասելուկը: Իսկ թանկացողը միայն միսը չէ, այլ պահանջարկ ունեցող, առաջին անհրաժեշտության ցանկացած ապրանք: Մի քանի օր առաջ մամուլն արդեն կանխատեսում էր առաջնային կարևորության մթերքների թանկացման մասին:

Օրեր անց արդեն՝ մռայլ կանխատեսումը իրականություն դարձավ: Խանութներում կտրուկ թանկացան կարագը, միսը, ծխախոտը: 3000 դրամին մոտ կարագի կիլոգրամը թռիչքաձև հասավ հինգ հազարի մատույցներին, խոզի միսն էլ սկսեց  արագորեն թանկանալ, տավարի միսը թանկացավ ավելի զուսպ չափերով: Մեր քաղաքացիները դիտորդի կարգավիճակով հետևում են թանկացումներին ու դառը փորձից ելնելով թերևս մտածում՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Ճիշտ և ճիշտ՝ Վարդան Այգեկցու «Իշխանն ու այրի կինը» հանրահայտ առակի նման: Պատասխանատու մարմինները շտապեցին օր առաջ պարզաբանել, որ թանկացման պատճառը դրսում  է, որ արտադրողն է գին բարձրացնում:

Հետո նաև «խորքային» բացատրություններ հնչեցին՝ ԵԱՏՄ-ի, եվրոպական շուկայի և այլ հարաբերությունների ու բարդությունների մասին, որոնք, մեղմ ասած, շարքային քաղաքացուն ոչ միայն չեն հուզում, այլև նրանց մատից փուշ չեն  հանում: Որովհետև երբ քաղաքացու աչքն են խոթում Եվրոպայում կամ Ռուսաստանում թանկացած ապրանքը, քաղաքացին առնվազն ուզում է նույն կերպ հիշեցնել եվրոպական կամ թեկուզ ռուսաստանյան աշխատավարձերի ու թոշակների, ինչպես նաև «ինդեքսացիա» կոչվող, իբրև կոմպենսացիա կիրառվող, վաղուց մոռացված ձեռնարկի մասին:

Դրա պատասխանն էլ ունեն չինովնիկները. «Դե, մենք՝ աղքատ, բնական ռեսուրսներ չունեցող, նոր անկախացած, նոր զարգացող երկիր ենք»: Սա  թերևս կարող է մեղմացուցիչ հանգամանք լինել, սակայն սրանից մարդկանց կյանքը չի թեթևանում, և վերջ: Մանավանդ, որ նույն եվրոպաներից հաճախ նաև էժանացող ապրանքն է շարունակում հայաստանյան սպառողին հասնել հին՝ բարձր գներով: Ու այստեղ էլ ժողովուրդն իր դառը փորձից գիտի՝ շուկայի հիմնական խաղացողներն են, գերշահույթ քերելու,պատեհ առիթից օգտվելու հարմար նրանց «խելքն» իրենցը չէ:   Այդպես բազմիցս եղել է ձեթի, շաքարավազի, հնդկաձավարի և այլ մթերքների դեպքում:   Ստացվում է, որ գների բարձրացումից էլ, նվազեցումից էլ տուժողը մեկ է՝ քաղաքացին է,   որի հաշվին էլ ներմուծողը, արտադրողն ու վաճառողը միշտ բազմակի ապահովագրում են իրենց հնարավոր ռիսկերից և գերշահույթներ ստանում:

Իսկ քաղաքացին բառի բուն իմաստով թանկագին կյանքով է ապրում: Օր-օրի նրա համար կյանքի գինը բարձրանում է ու ապրուստն էլ դժվարանում, ինչպես մեր սերիալներն են հուշում: Այն, որ իսկապես բնական գնաճից ապահովագրված չէ և ոչ մի երկիր, պարզ է, սակայն մեր դեպքում խնդիրը չարաշահումների մեջ է: Իրականում կարող էինք շատ ավելի լավ վիճակում լինել, եթե երկրում այսքան մեծ չլիներ սոցիալական բևեռացվածությունը և տնտեսությունն էլ զարգանար, այլ ոչ թե դոփեր տեղում, մարդիկ էլ աշխատանք ու վաստակ ունենային և ոչ թե սպասեին ռուսաստանների կամ ամերիկաների բարեկամների բարեհաճությանը: Էլ չեմ ասում արտագնա աշխատանքի մեկնած հարազատների վաստակին: Սպառնացող գնաճի դառնությունը բարեբախտաբար ոսկե աշունն է մեղմում՝ մատչելի միրգ-բանջարեղենով, որոնք ավելի  էժան են, ավելի օգտակար ու «մարդակենտրոն»: Գուցե այսպես դիմագրավենք կյանքի թանկությանն ու իրոք առժամանակ ամենաշատ թանկացած ապրանքը  բոյկոտելով ստիպենք դրանց տերերին ախորժակները չափավորել:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register