«ՄԻՍԻՈՆԵՐ» ՀՈԳԵԲԱՆԸ ՄՐԳԱՍՏԱՆՈւՄ

1

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի դպրոցի պատին՝ ուսուցիչներից  մեկի ձեռքով գծված  տարհանման գծագիրն է: Աստված մի արասցե, բայց նրա կարևորությունը զգացվելու է արտակարգ իրավիճակների ժամանակ:

– Ինչ էլ հավասար է գծված, Գա՛ր,- ասում եմ գործընկերոջս ու ենթադրում,- էստեղ երևի բոլորը նկարիչներ են…

8

 Պարզվում է՝ այո, այստեղ, իսկապես, բոլորը նկարիչներ են։ Մրգաստանի դպրոցում անգամ հատուկ՝ նկարաթերապիայի դասաժամեր են նախատեսել՝ ոչ միայն նկարչական կարողությունները զարգացնելու, այլև ինքնաճանաչողության, սեփական հմտությունների գնահատման և  նոր կարողությունների բացահայտման համար։Նախաձեռնության հեղինակը հատուկ մանկավարժ Շուշան Կարախանյանն է։ Շուշանը «Teach for Armenia»  ծրագրի կամավորներից է: Շուրջ մեկ տարի առաջ  ծննդավայր Կողբից տեղափոխվելով Մրգաստան, նա գյուղն «իրենով է արել», անունն էլ «մեր գյուղ» դրել։

«Մասնագիտությամբ հոգեբան եմ: Մինչ այս, որպես մանկավարժ չէի աշխատել։ «Teach for Armenia»-ի վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ինձ գործուղեցին Մրգաստան։ Սկզբում շատ էի անհանգստանում, մտածում էի, թե ինչ պետք է անել, որ աշակերտները ցանկանան մասնակցել մեր խմբակների դասերին, որովհետև դրանք հիմնական դասերից հետո էին լինելու։ Բայց ի ուրախություն ինձ, երեխաները հավանեցին ու սկսեցին դասերին սիրով մասնակցել»,- ասում է Շուշանը։

Երիտասարդ մանկավարժը դպրոցում միանգամից մի քանի խմբակ է նախաձեռնել՝ կրտսեր դպրոցականների համար՝ հեքիաթաթերապիայի, բարձր տարիքի աշակերտների համար՝ նկարաթերապիայի ու առաջնորդության զարգացման… Կարճ ժամանակում հասցրել են նաև մի քանի ներհամայնքային ու միջհամայնքային ծրագրեր իրականացնել։ «Ճամփորդի» թիմը Մրգաստանում է, նկարաթերապիայի հերթական դասաժամը նվիրվում է մեզ։ Աշակերտները գյուղը բնորոշող նկարներ նկարելու առաջադրանք են ստանում։ Նրանցում գերիշխողը վառ գույներն են ու գյուղը խորհրդանշող «պատմական» վայրերը՝ ազատամարտիկներին նվիրված պուրակը, եկեղեցին, ֆուտբոլի դաշտը… Աշակերտներից մեկը գյուղը պատկերել է կիսաբաց շրջանի ձևով։

«Մեր գյուղում միայն լավ մարդիկ են ապրում, դրա համար էլ ներսում սպիտակ է։ Իսկ շրջանը բաց է, որովհետև մենք հյուրասեր ժողովուրդ ենք, բոլորը կարող են գալ ու ապրել Մրգաստանում»,- ասում է փոքրիկ նկարիչը։

2

Վերջին կարկտահարությունը գյուղին նոր դիմագիծ է ավելացրել, բնավորության նոր գիծ բացահայտել՝ հյուրասեր լինելուց բացի մրգաստանցիներն «ընդդիմադիր» են դարձել։ Աշակերտները հուսով են՝ կարկուտի վնասները փոխհատուցելուց հետո գյուղը կվերագտնի նախկին խաղաղությունը։  Բարձր դասարանցիների ու Շուշանի տարիքային տարբերությունը մեծ չէ, սա է պատճառը, որ աշակերտներից շատերը նրան  որպես ավագ քույր են ընկալում, դիմում ամենատարբեր հարցերով։

«Ցածր դասարանների աշակերտները հիմնականում դասարանում առաջացած խնդիրներով են դիմում, ավելի մեծերը՝ առաջին սեր, սիրահարվածություն․․․ Գյուղացիներն էլ հաճախ կարող են գալ ու հանդիպել ինձ՝ զրուցելու, խորհուրդ հարցնելու համար»,- ասում է Շուշանը։

9

Մրգաստանում դասավանդման փորձը Շուշանի կյանքում շատ բան է փոխել: Ասում է՝ ծրագրի ավարտից հետո էլ շարունակելու է հոգեբան-մանկավարժի գործունեությունը։ Նրա երազանքները ձգվում են մինչև սեփական կենտրոնի հիմնում։ Իսկ մինչ այդ Շուշան Կարախանյանը Մրգաստանի աշակերտներին օգնում է գտնել իրենց երազանքներին հասնելու ամենակարճ ճանապարհը։

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register