ՄԻԱԿ ԼՈւՍԱՆԿԱՐԸ ԶԵՆՔՈՎ

Վարդենիս քաղաքի՝ դեպի եկեղեցի տանող փողոցում հնարավոր չէ ավտոմեքենա կայանել: Բոլոր տեղերը զբաղված են: Փոքր մարդատարների ստեղծած միջանցքով անցում են զինվորական մեծերը, որոնցով սովորաբար գնում են զորավարժությունների կամ դիրքեր: Այս անգամ նրանք գնում են երդվելու՝ ծառայակիցների, հարազատների, այն մարդանց առջև, ում պաշտպանելու են առաջիկա 23 ամիսների ընթացքում:
Դեռ մեքենաներից չիջած, նրանց շրջափակում են ընկերներն ու հարազատները՝ լուսանկարչական խցիկներն ու հեռախոսները ձեռքերին. երդման օրը բացառիկ հնարավորություն կա լուսանկարվել զենքի հետ, քանի որ զորամասում կամ զորավարժությունների ընթացքում լուսանկարվելու իրավունք չկա:
Երդման արարողությունը տևում է մի քանի ժամ: Զինվորները շարքով կանգնած են եկեղեցու բակում, լսում են հրամանատարների շնորհավորանքն ու միաժամանակ տեսնում իրենց հարազատներին: Եղանակն կոշտ ընդունելություն է մատուցել. ձմռան ամենացուրտ օրերն են, և սա էլ յուրատեսակ մի փորձություն է:
Հանդիսավոր երդումից հետո զինվորը միանում է հարազատներին, ծառայության ընթացքում առաջին անգամ ստանալով «ազատ արձակումը»՝ մի քանի ժամով զորամասից դուրս գալու թույլտվությունը: Եվ իհարկե, ոչ ոք տուն չի գնալու՝ տրված ժամանակը քիչ է, ուրեմն հավաքվելու են մի տաք անկյունում, նոր երանգներ են որսալու իրենց որդու կամ եղբոր հայացքում, նորովի բացահայտելու են միմյանց:
Կարևոր, պատասխանատու, ծանր օրվա ավարտին սկսվում է արդեն «երդում կերած», կարանտինից դուրս եկած զինվորի ծառայության նոր փուլը:
Տեքստ և ֆոտո՝
Գարեգին Ալեքսանյան