ՄԻ՛ ԽՈՒՍԱՓեՔ  ՇԱՀՈՒՅԹԻՑ

17

Հայաստանի տնտեսությունը հար և նման է անորոշ հիվանդությամբ տառապող հիվանդի, երբ  բժիշկներն  ինչ-որ  բան են ախտորոշում, ապա բուժում նշանակում, որից, սակայն, հիվանդի  վիճակը  ոչ մի կերպ չի բարելավվում: Հիմա՝ ամենակարևորի մասին: Շատերին թվում է, թե բժշկի սուրբ  պարտականությունը՝ անվճար բուժելն է: Հաճախ էլ, գրեթե նույն մտայնությամբ   լուրջ-լուրջ կարծիքներ  են հնչում առ այն, որ ով ուզում է Հայաստանին ու նրա տնտեսությանն օգնել,  ապա պետք է փող տա, նվիրատվություն ու բարեգործություն անի:

Ակնկալիքն առավել  առարկայական է դառնում, երբ պարզվում է ,որ բարի կամքի տեր մարդը հարուստ է, մանավանդ՝ Սփյուռքից: Մի կողմ թողնենք բարին ու բարեգործությունը, քանի որ անգետին էլ հայտնի է, որ միայն սրանցով տնտեսություն զարգացնել հնարավոր չէ, քանի որ  տնտեսության շարժիչ ուժը՝  ներդրումների վրա հիմնված շահույթի ակնկալիքն  է: Որևէ բիզնես, ծրագիր կամ  նախաձեռնություն կհաջողի,եթե կարողանա  կայուն շահույթ ապահովել: Սա տնտեսագիտական այբուբենի, տառաճանաչության պարտադիր նորմերից է: Հետևաբար խեթ նայել  մարդկանց, ովքեր Հայաստանում ոչ թե վայ-բարեգործությամբ  զբաղվելու, այլ շահույթով բիզնես հիմնելու մտադրություն ունեն, պարզապես անհասկանալի է: Շահույթի ակնկալիքն ամենևին էլ վատ բան  չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ավելին, լավ է ու ճիշտ՝ դրական արդյունքի հասնելու, հաջողելու, տնտեսությունն ու երկիրը զարգացնելու դիտանկյունից: Քանի որ միայն   շահույթով աշխատող  բիզնեսը կարող է աշխատատեղեր ստեղծել:

Մինչդեռ այս հարցում  ևս խորհրդային նստվածքն իր  սև գործն անում է: Այդ տրամաբանությամբ՝ մեր երկրում ամեն  ինչի մեղավորն ու   պատասխանատուն կառավարությունն է և շատերը հենց կառավարությունից   են ակնկալում  նոր աշխատատեղեր: Իրականում կառավարության  «առաքելությունը»՝  երկրում բարեհաճ  բիզնես-մթնոլորտի  ապահովումն է, որպեսզի մասնավոր  հատվածն էլ  կարողանա   շահութաբեր բիզնեսներ   հիմնել ու  աշխատատեղեր  ստեղծել: Այլ ճանապարհ՝ ուղղակի չկա:

Իհարկե, պետությունն էլ է աշխատատեղեր ստեղծում (օրինակ՝ կառավարման համակարգում), բայց  որտեղի՞ց, ինչ միջոցների հաշվին է  աշխատավարձ վճարում: Իհարկե,  բիզնեսի վճարած հարկերից: Իսկ որոնք են այսօր Հայաստանում հեռանկարային և  շահութաբեր դիտարկվող  ճյուղերը: Վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին երկրում խոշոր  ներդրումներ ապահովող, բազմաթիվ  աշխատատեղեր ստեղծող  ու հսկայածավալ արտահանում ապահովող ոլորտը՝ հանքարդյունաբերությունն է: Սակայն այս  ոլորտը առաջին հերթին ի դեմս բնապահպանների՝ ունի իր ընդդիմախոսները: Հարկավ, անչափ հաճելի կլիներ,եթե բնությունն ընդհանրապես անաղարտ մնար, ոչ մի ծառ ու անգամ թուփ չհատվեր: Սակայն, ինչպես  մյուս  ոլորտներում, այստեղ ևս  առանց կորուստների չի  լինում.   մարդն  իր գործունեությունը  հազարամյակներ շարունակ բնության մեջ է   ծավալում,  օգտվում բնության բարիքներից, այո, ցավոք, նաև վնասում: Եթե այդպես չլիներ, ապա աշխարհում այդքան  քաղաքներ, ճանապարհներ ու շատ արտադրություններ պարզապես  գոյություն չէին ունենա: Խոսքն, իհարկե,   բնությունից  խելամիտ  օգտվելու և բնապահպանական  չափորոշիչների   խստագույն  պահպանման մասին է:

Հանքարդյունաբերությունն  ինքնին   վնասում  է բնությանը, սակայն հնարավորինս  անվնաս տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունն էլ է առկա: Ենթադրաբար՝ ոլորտին կատեգորիկ ոչ ասելու փոխարեն,ըստ իս, ավելի ճիշտ  կլինի ներդրողից պահանջել , որ   կիրառվեն արդյունահանման   ժամանակակից,  բնապահպանության   տեսանկյունից անխոցելի տեխնոլոգիաներ, որոնք գուցե և ավելի թանկ արժեն, սակայն առավել ապահով են: Հանքարդյունաբերությունը  և  տեխնոլոգիական  առաջընթացն ընդհանրապես  արդարացված  կլինեն, եթե մշտապես ներդաշնակ  լինեն բնությանն ու չհակասեն  նրա  սահմանած  օրենքներին:   Այս  դեպքում  արդեն խոշորագույն ներդրումներ կարվեն,  որոնք   ոչ  միայն  կարդարացնեն  իրենց,  այլև տրանսազգային  հարթությունում կապահովեն  բիզնեսի ու շահույթի առկայություն, որոնք իրենց հերթին շղթայական  ռեակցիայով  աշխատատեղեր  կավելացնեն և  միջազգային կորպորացիաների հիմք  կհանդիսանան:

Ամուր  տնտեսության  հիմքը՝ ներսի ու դրսի ներդրումներն են:  Խոշոր ներդրումն իր շուրջը  ստեղծում է բազմաթիվ  փոքր  ու  միջին  բիզնեսներ և զարգացնում ենթակառուցվածքներ:  Հաճախ  ընդդիմախոսներն  ասում  են,  թե Հայաստանի   զարգացման   ապագան   վերապահված է գյուղատնտեսությանը, սակայն  ներկա դրությամբ մենք դեռևս մղոններով հեռու ենք արդյունաբերական  գյուղատնտեսությունից: Եթե Հայաստանի  ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսն ապահովում է գյուղատնտեսությունը, ապա  դա ամենևին  էլ չի նշանակում, թե այս ճյուղը երկրում  հզոր է: Իրականում դա՝ թույլ տնտեսության վկայությունն է, քանի որ նմանատիպ իրավիճակում են նաև     աղքատիկ շատուշատ երկրներ: Զարգացած  գյուղատնտեսությամբ   երկրներում անգամ՝ նման համամասնություն  լինել չի կարող: Իհարկե,  կարևոր  է գյուղատնտեսությունը  զարգացնել,  գյուղմթերքի  արտահանումն՝  առավել ևս,սակայն  միայն   գյուղատնտեսության  վրա  հիմնված  տնտեսությունը  չի  կարող զարգանալ, երկիրը  չի  կարող միայն  պրո-ագրարային  լինել, քանի  որ տնտեսության  իրական  զարգացումը,  միայն  դիվերսիֆիկացիան  կարող է ապահովել,  երբ աճում,  զարգանում  են   բազմաթիվ  փոխկապակցված  ճյուղեր:

Տնտեսությունն   ընդհանրապես չի կարող կախված լինել  մեկ ճյուղից, քանի  որ համաշխարհային  շուկան  էլ  փոփոխական  է,  և այն, ինչ  այսօր  թանկ  է վաճառվում, վաղը  կարող  է  արժեզրկվել՝ կախված  տարբեր  պատճառահետևանքային գործոններից: Գյուղատնտեսության  դեպքում  կարող  են ազդել  կլիմայական փոփոխությունները,  բերքի սակավ  կամ անգամ  չափազանց  առատ  լինելը, վերամշակող  ձեռնարկությունների  սահմանափակումները  և  այլն:

Այսքանով  հանդերձ, ո՞րն է մեր զարգացման  ճանապարհը:  Իմ համոզմամբ՝ միանշանակ չընկրկելն ու առաջ  գնալը, երկրի վաղվա  օրը  հուսալի ու   հաստատուն հիմնաքարերով  կառուցելը, շահութաբեր բիզնեսներին  ճանապարհ  տալով՝ բազմաճյուղ  տնտեսություն  զարգացնելը:

Հիշենք, որ մարդկային ուղեղը լավագույն  լուծումների   անսպառ   պաշար   ունի: Հուսանք, որ 2018-ին  նոր տեխնոլոգիաների թևերով մեր իրականությունում դրանք կբազմապատկվեն :

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register