ՄԻ՛  ԲՌՆԱՑԻՐ…

brnacir

Մոդեռնի, նորարարության ու առաջադիմության դար հռչակված մեր ժամանակաշրջանում մարդկությունն իրականում դեռևս չի ձերբազատվել քարանձավից իր հետ տեղ հասցրած որոշ անմարդկային գծերից: Եվ մինչ աստվածաշնչյան պատվիրանները մեզ հատիկ-հատիկ կոչ են անում զերծ մնալ դրանցից, մեկի մասին ուղիղ չի խոսվում, երևի թե այն շատ այլ արատների ածանցյալն է մնում: Խոսքը բռնության մասին է, մարդկային բռնության, որ առավել հաճախ դրսևորվում է ֆիզիկապես ուժեղ սեռի կողմից՝ հոգեպես ուժեղ սեռի նկատմամբ:

21-րդ դարում դեռևս օրակարգում է մնում կանանց նկատմամբ բռնության հարցը, այն դեպքում, երբ թվում է, թե  ամբողջ աշխարհում գեղեցիկ սեռը վաղուց արդեն պիտի հաղթահարած լիներ սեռերի իրավահավասարության խնդիրը: Տարբեր երկրներում՝ տարբեր չափով, սակայն, խնդիրը կա: Դրա հիմքում շատերը սոցիալական հոգսերն են դնում, սակայն իրականում ոչ ոք ու ոչինչ չի կարող արդարացնել կնոջ նկատմամբ ուժի կիրառումը: Խնդրին նայենք մեր իրականությունից: Հայաստանը ընտանիքի վրա հիմնված պետություն է, պետություն, որտեղ ընտանեկան կապերն ամենաամուրն ու հուսալին են, որտեղ մարդ մեծացնելու ամենալավ պայմաններն առկա են: Մեր ընտանիքներում կնոջ ու տղամարդու միությունը, ավանդական սիրո ու հարգանքի հետ, հիմնված է նաև հադուրժողականության մեծ չափաբաժնի վրա, որի հիմնական կրողն, ավաղ,կինն է:

Մեր ժողովրդական իմաստությունն ասում է, որ հայ օջախի պահապանը կինն է, ճշմարիտ են ասում, սակայն դրա գինը երբեմն կնոջ ինքնազոհողությունն է լինում՝ բռնության դիմաց: Բռնության մասին խոսելիս հաճախ ֆիզիկականն ենք պատկերացում, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Մեր ոստիկանական լրահոսում քիչ չեն նման պատմությունները, երբ կինը, երեխաները ընտանիքի գլխավորի բռունցքի տակ են հայտնվում, լավագույն դեպքում ՝ ազատվում կապտուկներով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ  կանայք կյանքով են հատուցում իրենց հանդուրժողականության համար:

Օրեր առաջ նման մի դեպք ալեկոծեց մեր հասարակությանը. ամուսնալուծված տղամարդը, երեխային տեսնելու պատճառաբանությամբ, կացնով տուն էր ներխուժել ու նույն մանկան աչքի առաջ հարձակվել մոր,ապա նաև տատ ու պապի վրա: Նախկին տնփեսայի կատաղության զոհ է դառնում զոքանչը, կինն ու աները հայտնվում են հիվանդանոցում: Երբ հասարակական հարթակներում բուռն քննարկվում էր դեպքը, գտնվեցին մարդիկ, որոնք փորձեցին ինչ-ինչ բացատրություն տալ նման գազանությանը: Անգամ ասում էին՝ կինն է դրդել, տղամարդը մեղավոր չէ…Սա ավելի ցավալի էր և հիշեցնում էր այն դեպքերը, երբ նախորդ օրը ամուսնու բռունցքները ճաշակած կինը հաջորդ օրը ծաղիկներ է ընդունում նրանից…մինչ հաջորդ բռնություն՝ ինչպես ծաղրանկարում է պատկերված:

Իրականում բռնությունը երբեք եզակի չի լինում: Առավել ևս՝ այն միայն ֆիզիկական չի լինում: Դժվար է գծել սահմանը, թե երբ է հոգեբանական, բարոյական բռնությունը վերաճում ֆիզիկականի: Եվ պետք էլ չի գծել, բռնությունը պետք է կանխվի ի սկզբանե՝ արժանապատվության դիրքերից:

Բռնակալ տղամարդն ընտանիքը դարձնում է այն միջավայրը, որտեղ իր վրեժն է լուծում սեփական եսի չկայանալու, ոտքերի վրա ամուր չկանգնելու և այլնի համար: Ինչպես  ասում են՝ դրսում կատու, ներսում՝ առյուծ… Նրանք սկզբում կնոջ վրա ինչ-ինչ սահմանափակումներ են դնում. սա մի՛ հագիր, այս շրթներկը մի՛ օգտագործիր, տնից դուրս մի՛ արի: Այս անմեղ, խանդի արգասիք հանդիսացող սահմանափակումները իրականում տոտիկ-տոտիկ իսկական բռնության են տանում: Իսկ միթե բռնություն չէ նաև այն , երբ տղամարդը բազմոցն իր գահն է հռչակում և ընտանիքը սկսում կառավարել իր թվացյալ բարձունքից՝ մեծահոգաբար կնոջն ազատ թողնելով դրսում աշխատելու-վաստակելու, ընտանիքի ապրուստը հոգալու, իսկ տանը կենցաղի ողջ ծանրությունը նույնպես միայնակ քաշելու հոգսը: Նման տղամարդիկ ժամանակին սնունդ ու հագուստ են պահանջում կնոջից, անընդհատ հիշեցնելով, որ երկիրը երկիր չի, իրենք էլ կարգին գործ չեն կարողանում գտել: Նրանք սեփական արժաապատվությունից ցածր են համարում ցածր աշխատավարձով  զբաղվածությունը կամ բանվորությունը, այնինչ գոնե սեփական սննդի ու ծխախոտի հոգսը կարող էին չթողնել կնոջ ուսերին, այն դեպքում, երբ կրթություն ու մասնագիտություն չունեն:

Մինչդեռ մի բան անքննելի է: Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը դասական ու ամենահասարակ փալաս է: Այնպես որ լավ մտածեք՝ առյուծանալուց առաջ, դուք ընդամենը ապացուցում եք, որ ոչնչություն եք, և ոչ ավելին:

 

Ծաղրանկարը՝ medialab.am-ի:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register