«ՄԵՏ­ՐՈ». ՎԵՐ­ՋԻՆ ԿԱ­ՅԱ­ՐԱ­ՆԻ ՆՈՐ ԳՐԱ­ԽԱ­ՆՈՒ­ԹԸ

1

Հագուստ, շաուրմա, հոտ-դոգ, տուրիստական գործակալություն, մերսում․․․ այսպիսի գրություններով սրահներն անընդհատ բացվում և փակվում, սնկի պես շատանում ու շրջապատում են Երևանի շենքերի առաջին հարկերը՝ զարկ տալով սպառողական հասարակության անվերջանալի հակումներին։ Այս եռացող կաթսայում գրախանութները փոքրամասնություն են կազնում:

«Բուն TV»-ն երկու տարի առաջ սկսեց «+1 ԳԻՐՔ» նախագիծը՝ փնտրելով Երևանի նախկին գրախանութները։ Մայրաքաղաքում նախկինում գործել է մոտ 67 գրախանութ, իսկ այժմ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ «Բուն TV»-ն նախկին գրախանութների, ներկայումս կոշիկի վաճառքի խանութում, փաբերի, մանկական զարգացման կենտրոնի կամ այլ սրահներում(կամ սրահների դիմաց) հանդիպում էր գրողների, գրականագետների, խնդրում ներկայացնել որևէ ուշագրավ գիրք։ Այս շարքը դիտելուց հետո քաղաքով զբոսնելիս ակամայից աչքերով փնտրում էի գոնե մեկ նոր գրախանութ։ Անցած տարեվրջին վերջապես համարձակ մի ձեռներց, արձակագիր Սարգիս Հովսեփյանը, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հիմնադրեց «Մետրո» գրախանութը: Գրքերի մի նոր հավաքատեղի գտնվում է Երևանի մեծ կենտրոնում, մետրոյի վերջին՝ «Բարեկամություն» կայարանի մոտակայքում, Կիևյան և Կասյան փողոցների խաչմերուկում:

Սարգիսը նշում է, որ երկար է մտածել գրախանութի տեղի մասին։ Որոշել է, որ պետք է նոր գրախանութը անպայման հիմնել Փոքր կենտրոնից դուրս՝ կոտրելով նաև այն պատերացումը, որ միայն մայրաքաղաքի ամենասրտում է հնարավոր գտնել նախընտրելի գրականությունը:

Գրքերն ինձ համար միշտ հարազատ են եղել: Վերջին 10 տարում էլ աշխատել եմ գրքի շուկայում: Միտք կար սեփական փոքր գրախանութն ունենալ, և անցած տարվա նոյեմբերին սկեցինք «Մետրոյի» գործարկումը:

Չեմ ուզում վատատեսական բաներ ասել: Եկամուտ չեմ ստանում: Այս պահին գլխավոր նպատակն այն է, որ նոր սկսած գործն իրեն պահի՝ հաշվի առնելով, որ գիրքը առաջնային նշանակության ապրանք չէ:

Համաշխարհային տենդենցները Հայաստան ուշ են հասնում: Էլեկտրոնային գրքերը կամ աուդիոգրքերը մեզ մոտ չեն կարող «հաղթել» տպագիր գրքին, որը դժվար թե երբևէ վերանա: Տպագիր գիրքը ապրանք է, որ կարող են նվիրել, շոշափել: Հնարավոր է, որ տպագրության քանակը քչանա, որին զուգընթաց աճի գրքի գինը: Իսկ իրականում ամենամեծ ազդեցությունը գրքի վաճառքի վրա թողնում է պետության տնտեսական վիճակը:

Փոքր շուկայով է պայմանավորված գրքերի գնաճը: 500 տպաքանակ ունեցող և 5000 տպաքանակ ունեցող գրքի ինքնարժեքը տարբեր է: Մյուս կողմից տպագրության թղթի որակը նույնպես լավացել է:

«Մետրոյում» իմ հաճախորդները մեծ մասը գնում են գեղարվեստական գրականություն: Լավ են վաճառվում նաև մանկական գրքերը: Վիճակագրություն չեմ կազմել, թե կոնկրետ որ գրքեր են ամենաշատ վաճառվողը: Աչքաչափով եթե ասեմ՝ «Փոքրիկ Իշխանը» և «Փիթր Փենն» ամենապահանջվածներից են:

Չեմ կարծում, թե ԽՍՀՄ տարիների համեմատ անկախության շրջանում մարդիկ սկսել են քիչ կարդալ: Գուցե այն ժամանակ շատ էին գնում գրքեր: Մարդիկ բաժանորդագրվում էին, գիրք ստանում: Հասարակարգերի տարբերություն կա: Բացի այդ, ԽՍՀՄ տարիներին գիրք կարդալը ժամանցի հիմնական ձևերից էր, իսկ այժմ այլընտրանքները շատ են:

Սկզբունքորեն պատրաստ եմ գրախանութում վաճառել բոլոր տեսակի գրքեր: Եթե ակնհայտ բռնություն քարոզող գրքեր լինեն, գուցե չվերցնեմ: Ի  վերջո, գրախանութը վայր է, որտեղ ընթերցողը պետք է գտնի այն, ինչ ուզում է: Իհարկե, պատվերներ ընդունում ենք, որովհետև շուկան փոքր է, փորձում ենք հաճախորդների հետ անհատապես աշխատել:

Գրքի վաճառքը ևս ունի նպաստավոր և աննպաստ ամիսներ: Օրինակ՝ հիմա, աննպաստ շրջան է՝ ամառ է, մարդիկ հանգստանում են: Նաև ամանորյա տոներից հետո:

Մտածում են նաև առանձին առցանց գրախանութ գործարկել: Կախված է գործը կայուն կլինի, թե չէ: Առայժմ «Մետրոյի» գրքերի որոշ մասը կարելի է պատվիրել buy.am կայքի միջոցով:

Վերջերս կարդացի, որ նախորդ 6 ամիսների ընթացքում մանրածախ առևտուրը Հայաստանում նվազել է 10 տոկոսով: Պատկերացրեք, որ գիրքն էլ առաջնային նշանակության ապրանք չէ: Այսօր դժվար է Հայաստանում ասել, որ ամեն գնով կհետապնդես նպատակներդ:

 

Գա­րե­գին Ա­լեք­սան­յան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register