ՄԵՐԻ ՊՈՊԻՆՍ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

1.jpg

Հայկական ընտանիքներում օրեցօր ավելի ու ավելի է կարևորվում դայակների առկայությունը: Ժամանակակից հայ ծնողները, փորձելով համատեղել ընտանեկան կյանքն ու մասնագիտական աճը, հաճախ են դիմում դայակների օգնությանը: Վերջիններս ոչ միայն կերակրում, հագցնում, հոգ են տանում փոքրիկների մասին, այլև ուղեկցում են նրանց զբոսանքի, միասին կատարում տնային առաջադրանքները և այլն: Գտնել վստահելի դայակ, որը կտիրապետի երեխայի հետ շփման հմտություններին, կկարողանա, ասենք, առաջին օգնություն ցուցաբերել մինչ  շտապօգնության ժամանումը, կիմանա՝ ինչպես գրկել կամ լողացնել նորածին փոքրիկին, այնքան էլ դյուրին չէ: Այս իսկ պատճառով էլ 2017թ.-ի նոյեմբերին Լիանա Մանուսաջյանը որոշում է հիմնել «Nanny Center Armenia»-ն՝ նպատակ ունենալով մասնագիտական մակարդակի հասցնել դայակների ինստիտուտն ու հայ ծնողներին առաջարկել համապատասխան հմտություններ ունեցող դայակներ: «Ճամփորդը» զրուցել է Լիանայի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի դայակներ են նախընտրում հայ ծնողները և ինչ ծրագրեր է առաջարկում «Nanny Center»-ը դայակների համար:

Հիմա երիտասարդ զույգերը նախընտրում են առանձին ապրել և աշխատել: Նրանց բացակայության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում, որ ինչոր մեկը հոգ տանի իրենց երեխաների մասին: Մեծահասակ մարդկանց դայակների պահանջարկը նույնպես ավելանում է, քանի որ երեխաները չեն ցանկանում աշխատանքային ժամերին մենակ թողնել իրենց տարեց ծնողներին: Հայաստանում մեծ է նաև կենդանասերների թիվը, որոնք կատու կամ շուն են պահում: Այս դեպքում էլ կարիք է լինում, որ ինչոր մեկը զբոսնի կենդանու հետ, կամ կերակրի նրան: Ուսումնասիրելով ԱՄՆում դայակների փորձը՝ որոշեցինք այն կիրառել նաև Հայաստանում»,- ասում է Լիանա Մանուսաջյանը:

Առաջին փուլում «Nanny Center»-ը մեկամսյա արագացված դասընթացներ է կազմակերպում դայակների համար: Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանն ու հատուկ հոգեբան Արթուր Գևորգյանը՝ մանուկների խնամքի, հոգեբանության և առաջին բուժօգնության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիք են փոխանցում ապագա դայակներին: Դասընթացը հաջողությամբ ավարտածները քննություն են հանձնում, ստանում սերտիֆիկատ, ապա նաև տեղավորվում աշխատանքի: «Nanny Center»-ն աջակցում է նաև առաջին երեխան  ունեցած մայրիկներին և նորածիններին խնամելու համար վերապատրաստում դայակների:

Հարևանը՝ հարևան, մոտիկը՝ մոտիկ, բայց երեխայի խնամքն աշխատանքի ձև է և հատուկ մոտեցում է պահանջում: Միայն տվյալ մարդուն ճանաչելը բավարար չէ, որ մտածես՝ նա լավ կխնամի երեխային: Եթե երեխայի հետ, օրինակ, որևէ արտակարգ դեպք պատահի, ձեռքը հոսանքին տանի, կամ սնվելիս խեղդվի, դայակը պետք է կարողանա մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել: Ուստի վերապատրաստված դայակների առկայությունը շատ կարևոր է, նշում է Լիանան:

Հայաստանում դայակ աշխատելու մեծ ցանկություն ունեն երիտասարդ աղջիկները, որոնք փորձում են աշխատանքը համատեղել կրթության հետ: Հայ ծնողները, սակայն, նախընտրում են ավելի փորձառու, 35-40 տարեկան դայակների:

Հայերը մտածում են, որ եթե երիտասարդը երեխա չունի,ապա չի կարող լավ երեխա խնամել: Սակայն դա այդպես չէ: Ընդհակառակը, եթե երեխան ակտիվ է, սիրում է վազվզել, մուլտֆիլմ նայել, զբոսնել, ապա առավել նախընտրելի է, որ դայակը երիտասարդ լինի,– ասում է «Nanny Center»-ի հիմնադիրը: Վերապատրաստված դայակների պահանջարկը Հայաստանում գնալով մեծանում է: Սա է վկայում «Nanny Center»-ին դիմող ծնողների թվաքանակը: Ավելացող պահանջարկին կենտրոնում պատրաստ են. շուտով այստեղ մեկնարկելու է դայակների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը:

Զրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register