ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

1

Կան  ազգեր ու  ժողովուրդներ, որոնք անուղղելի լավատեսի ու կենսուրախի  տպավորություն  են թողնում, թեթև են ապրում, վաղվա օրն էլ նրանց  թեթև է տրվում: Ազգեր էլ կան, որոնք  չեն կարող  չպատճառաբանված լավատես լինել, պարզապես ի վիճակի  չեն, որովհետև  իրենց  բազմադարյա  պատմության ընթացքում  ստիպված  են  եղել  կյանքից  «ճանկռել» իրենց  ապրելու  ու զարգանալու իրավունքը: Մենք  հենց այդ ճանկռողների թվին  ենք պատկանում…

Ստացվել է այնպես, որ մենք բնականոն ենք  համարում  վատը, ձախողումն ու  պարտությունը  և ուշադրություն  չենք դարձնում  լավի ու դրականի վրա:  Բայց  լավը  կա, իսկապես  կա:  Այն  մեր  կողքին  է, ամեն քայլափոխի… Պարզապես պետք է սովորենք  նկատել այն:

Լինելով փոքր երկիր, Հայաստանը երբեմն աշխարհին նաև մեծ դասեր է տալիս: Դրա վառ օրինակը «Ավրորա»  մրցանակաբաշխությունն է,  որը  մեկ տարում մեզ մի ուրիշ  մակարդակի հանեց,  մարդասիրության դաս տվեց աշխարհին: Շնորհիվ նրա՝ Հայաստանը հումանիզմ «արտահանող» երկիր դարձավ: Սոցիալական տեսանկյունից այս ծրագիրը դրական ու մեծ ազդեցություն ունեցավ: Մեր երկիրն  աշխարհում  ճանաչելի դարձնելու  գործում,  այն  հետևողական արդյունք կապահովի:

Ի դեպ, թեկուզև  շատ ավելի  փոքր  մասշտաբով, բայց  «Ճամփորդ»  շաբաթաթերթը նույն այդ  շարքից է: Երկրի  ներսում  ձեռքից- ձեռք  անցնելով՝ մեր թերթը  մարդասիրություն   ու հանդուրժողականություն, ամենօրյա  ջանք ու  աշխատանք է  քարոզում, տեղաբնակ ամենօրյա հերոսների  գործունեությունը   լուսաբանում:

Տնտեսական տեսանկյունից  դրական նորություններ է ապահովում նաև  IT ոլորտը,որ մեծ քայլերով է զարգանում: Սակայն, պետք չէ այստեղ էլ անհամբերություն դրսևորել   և   սպասել, որ Հայաստանը  կարճ ժամանակահատվածում  կհասնի   ԱՄՆ-ին, Հնդկաստանին ու Իսրայելին: Անհրաժեշտ է գտնել մրցակցային առավելություն և շեշտը դնել հենց դրա վրա:

Անհրաժեշտ է սովորել տեսնել դրականը, բարին, լավը: Տեսնել մեր կողքին ապրող այն սովորական մարդկանց, որոնք ամեն օր հող են մշակում, երեխա կրթում, հաց թխում, ծրագրեր գրում: Մարդկանց, որոնք կարողանում են ուրախանալ արևին ու կյանքին: Մեր ամենօրյա հերոսներին:

Կարևորն այն  է, որ հայերը  ստեղծարար ժողովուրդ  են:  Հավատը   վաղվա  օրվա ու սեփական ուժերի հանդեպ առաջ կտանի երկիրը. մենք առաջ ենք  գնում և մեր ձեռքբերումները կայուն են. մնացածը ուղղակի՝ ժամանակի հարց է:

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register