ՄԵՐՆ ԱՆՈւՇ Է, ԲԱՅՑ՝ ՈւՐԻՇ Է. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

ggg

Հաճախ ենք լսում՝ «սա հայ չի, չի կարող հայ լինել» միտքը, քանի որ միամտաբար կարծում ենք, թե միայն ոչ-հայերը կարող են որևէ վատ արարք գործել։ Արի ու տես, որ սա չի համապատասխանում իրականությանը՝ որքան էլ փորձենք արդարացումներ փնտրել մեզ համար։ Արդարացումները բնական են, ցանկացած ազգի հարող մարդն էլ փորձում է իր ազգը բացառիկ ներկայացնել,  բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Եվ թվում է, թե մենք ուղղակի արտահայտում ենք մեր զայրույթը՝ հայերին «ոչ հայեր» կոչելով, բայց իրականում փորձում ենք մեր վրայից պատասխանատվությունը գցել՝ դիմացինին ուրիշ ազգի տակ քողարկելով։

Մերն անուշ է, բայց՝ ուրիշ չէ, որովհետև աշխարհում շատ ազգեր կան, մենք էլ մի ազգ ենք՝ նաև թերություններով՝ որքան էլ մեզ շատ սիրենք։ Հայը կարող է լինել վատ մարդ, կարող է լինել ստոր, պոռնիկ, գող-ավազակ, կարող է սպանել ու աչք չթարթել, կարող է դանակահարել, պղծել և անգամ ուտել տան վերջին կոնֆետը։ Մենք ազգ ենք, անուններս՝ «հայեր», և մեզ հաճախ խանգարում է սեփական երկրի սեփական մարդկանց նկատմամբ ինքնաքննադատական պահվածքի բացակայությունն ու մեր՝ ոչ ադեկվատ ինքնահմայքը։

Մենք կատարյալ չենք, ամենակարող չենք։ Հայ վատ մարդիկ «թուրք» չեն, թշնամի չեն։ Իմաստ չունի ստորին ու վատին «թուրք» անվանել, էդպես էլի պատասխանատվությունը գցում ենք մեր վրայից, իբր՝ օտար է, մերը չի, մերոնք էդպիսի բաներ չեն անում, ուրեմն՝ փոխելու ոչինչ չկա։

Չէ, մերոնք էդպիսի բաներ անում են, բռնաբարում էլ են, խեղդում էլ են, կորցնում էլ են։ Անգամ փախնում են դասից ու ստում, թե տանը մարդ չկա։ Հայ մարդը կարող է վատը լինել, գիտե՞ք ինչու, որովհետև բնավորությունը ու հոգեկառուցվածը ազգություն չունի, ի դեպ՝ գենը նույնպես։ Չկա ոչ մի «հայու գեն», կան ուղղակի նույն խառնվածքով, գանգուղեղի կառուցվածքի և այլ նմանությամբ մարդիկ, որոնք ապրում են որոշակի աշխարհագրական դիրքում։ «Հայու գենին» բացառիկ կոդ տալը ևս շատ է մեզ խանգարում, սկսում ենք ներշնչել մեզ, որ բացառիկ ենք՝ մոռանալով, որ աշխարհում այլ ազգեր ևս կան։ Եվ այո, մենք պետք է սիրենք մեր ազգը՝ բացառիկ լինելու չափ, բայց մնացած ազգություններին չթերագնահատելով մեզնից ու հասկանալով, որ չենք կարող իդեալական լիել, ինչը բնական է։ Իհարկե, բոլորս էլ կուզեինք մեր շարքերում տականքներ չունենալ, բայց նրանք կան։ Նրանց լինելը փաստ է, ու պետք է դրան որպես փաստ էլ վերաբերվենք։

Իրավիճակներին սթափ նայեք, սա չափահաս երկիր է, մեզ մեծավարի պահելու ժամանակն է՝ արդեն շատ վաղուց։ Պիտի դադարեցնենք «մանկապարտեզային» պիտակավորումը, թե՝ սա թուրք է, դրա համար է նման բաներ անում, այս մեկի հայկական գենն էլ պղծված չէ։ Չէ, հայ է, ուղղակի՝ վատ հայ է, այդպես պատահում է։

Սիրեք հայրենիքը հասարակ գենով ու սեփական տականքով, դա ավելի բարդ է, բայց՝ ավելի ազնիվ։ Եվ հասարակ գենով ու սեփական տականքով սիրած հայրենիքն ավելի մեծ շանս ունի ոտքի կանգնելու ու արագ աճելու, որովհետև դրանով մենք պատասխանատվություն կվերցնենք մեզ վրա՝ այլ երկրների նման աճելու ու զարգանալու, և մեր ներսի բացասական կողմերն ու մարդկանց հղկելու ու փոխելու, ի վերջո՝ վերացնելու համար։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register