7 ՀԱՐՑ. ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխկոնցերտմայստեր Մերի Մարգարյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Մեծապես տպավորվել եմ Արցախում գտնվող, «Զոնտիկներ» անվամբ հայտնի մամռոտ քարե ջրվեժից: Պարզ չէր, թե որտեղից էին այդ ջրերն իջնում, միայն տեսում էիր, թե ինչպես էին թափվում ներքև: Իսկապես, շատ հետաքրքիր տեղ է:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Հավանաբար կրկնվող պատասխան կտամ, բայց ինձ հիմնականում նյարդայնացնում է մեքենաների անչափ մեծ քանակը: Վարորդների անհանդուրժողականությունը, ջղային մթնոլորտը փողոցում:

 Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Շատ եմ ուզում, որ մեր մշակույթը լինի այցեքարտ: Մշակույթի ներկայացվածությունը աշխարհում՝ պետական մակարդակով, ոչ թե միայն անհատների ջանքերով: Իհարկե, երազում եմ, շատ եմ ուզում որ այդպիսի այցեքարտ դառնա մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այնքան բարձր անուն ունենա աշխարհի երաժշտական կյանքում, որ նաև դրանով ճանաչեն Հայաստանի Հանրապետությունը:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել: Վաղ հասակում տպավորել է Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը»: Պատանեկության տարիներին շատ էի սիրում Իվան Տուրգենևի պատմվածքները: Վերջին շրջանում կարդացած գրքերից կառանձնացնեի Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը» վեպը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։

– Դժվարանում եմ նշել որևէ մեկին, ում կուզեի ընդօրինակել: Շատ մարդիկ կան, ում առջև խոնարհվում եմ, սակայն ընդօրինակելն իմ բնույթին հակառակ է:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Ունենք մանկատներ և ծերանոցներ: Գտնում եմ, որ թե՛ մանուկները, թե՛ ծերերը ուշադրության պակաս ունեն: Կուզեի լիներ մի մեծ, հետաքրքիր նախագծված կենտրոն, որտեղ բոլորը կհավաքվեին, կշփվեին, կկարողանային փոխել իրենց տխուր առօրյան: Կուզեի, որ այդ կենտրոնում հավաքվեին շփման կարիք ունեցող մարդիկ:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Մեր պետականությունը: Տեսել եմ անկախության սկիզբը, շատ փոքր չէի: Շատ լավ հիշում եմ զգացողությունը` ինչ մեծ ուրախություն էր, երևի ծնողներիցս էր անցել ինձ: Միշտ վախենում եմ, որ անկախության զգացողությունը կկորցնենք:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register