ՄԵՐ ՄՀԵՐԸ

mher

Հանգստյան օրերին՝ Մհերի մահվանից ժամեր առաջ, մենք նրա հետ զվարթ տրամադրությամբ քննարկում էինք հաջորդ համարի խմբագրականի իմ թեման: Նա հիվանդանոցում էր, ինչպես հաճախ էր պատահում վերջին ամիսներին՝ ապրելու համար իր պայքարով: Հասարակ օր էր թվում: Կարծում էի՝ պիտի հանդիպենք կիրակի, որպեսզի հստակեցնենք՝ ինչ եմ գրելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ու զրուցենք ամռանը խաշ ուտելու հնարավոր լինելու-չլինելու մասին (մեր հումորի տեսակը շատ նման է իրար):

«Ճամփորդի» շատ սիրելի խմբագրի ցավոտ կորստի մեջ ինձ ամենաշատը վախեցնում է այն, որ մենք չենք կարողանա գտնե լ Մհերի պես ոչ միայն խմբագրի, այլև՝ մարդու, հայի: Նա ուներ բոլոր այն գծերը, որոնք թերթին հիմնաքարի պես անհրաժեշտ են. պրոֆեսիոնալիզմ, գրելու անկաղապար ձիրք, բազմակողմանի խորը գիտելիքներ՝ հատկապես հայոց պատմության վերաբերյալ, լավատեսություն ու գրպանում մշտապես պահած մի բաժին լուսավոր հույս՝ ապագայի նկատմամբ: Ավելացրեք այս ամենին իր մեծ սիրտն ու անափ հոգին, նրբաճաշակ ու մեխող հումորի զգացումը: Նա ամուր ու ինքն իր ասածի էր, բայց հայացքի փափկությունը ստիպում էր հավատալ ամեն մի բառին, հենց դրա շնորհիվ ես հավատացի ինձ ու «Ճամփորդին»:

Ես հանդիպեցի Մհերին անցած տարի, երբ մենք դեռ խմբագիր էինք փնտրում ապագա թերթի համար: Նրա առաջին բառերն էին. «Արիանա, սա անվճար թերթ է: Եթե դու չես ուզում, որպեսզի այն դառնա թերթոն, պետք է «ստիպես» մարդկանց սիրահարվել էջերին: Նրանք պետք է կարոտեն ու սպասեն մեզ»: Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է կենտրոնանամ նախ հենց որակի, հետո նոր՝ պարբերականության, դիզայնի ու այլ տեխնիկական հարցերի վրա: Սա ամենակարևոր որոշումն էր՝ «Ճամփորդը» ստեղծելուց առաջ:

Մհերը հենց այն գլխավոր խմբագիրն էր, ում ես փնտրում էի «Ճամփորդի» համար, քանի որ ես և նա կիսում էինք միևնույն տեսլականը:

Առաջին էջի խմբագրականների վրա նույնպես միասին էինք աշխատում: Նրան դուր էր գալիս իմ գրելաոճը,  բայց հաճախ էր նշում.«Դու պետք է ավելի զգայական լինես: Ցույց ես տալիս միայն քո  «սառը», կոնկրետ դատողություններ անող ու վերլուծող կողմը, բայց ներքուստ դու ամենանրբազգաց մարդն ես, որին ես երբևէ հանդիպել եմ: Թույլ տուր մարդկանց տեսնել քո ներսը»:

Մեր ներաշխարհները հեշտ էին իրար հետ լեզու գտնում՝ չնայած որ աշխատանքից դուրս չի ստացվել հաճախ շփվել: Բայց հոգեղեն այդ կապը հատկապես լավ է զգացվում իմ՝ Արցախին նվիրված համարի խմբագրականում, որովհետև այն գրելիս ես բարձրաձայնում էի միտքս, իսկ Մհերը շարունակում էր այն՝ կարծես սարերի պես արձագանքելով:

Մենք՝ ես ու մեր թիմը,  շատ բան ենք սովորել Մհերից: Նա հղկել է մեր մտքերն ու գաղափարները, խմբագրել ոչ միայն հոդվածները, այլև՝ մտածելակերպը, առօրյան:

Իր փաստերով բանավիճելու ու քննարկելու բնավորությունն էր հենց նրան հրաշալի ընկեր ու խմբագիր դարձնում: Քննարկման մեջ են ծնվում լավագույն գաղափարները, և հենց քննարկումն ու անընդհատ փնտրտուքն է դարձնում մեզ ավելի կիրթ ու զարգացած: Եվ այս հարցում նույնպես մենք համակարծիք էինք. ուզում էինք, որ մեր ընթերցողը պրակտիկ մտածի, կաղապարներից դուրս զգա, և մենք այդ գործում փոքրիկ օգնություն լինենք նրա համար:

Մեր թիմի մեջ նա արմատավորեց նաև անկեղծությունը, աշխատասիրությունը, քննարկելու սովորությունը՝ արմատներ, որոնք ես շատ եմ կարևորում: Իր մահից 24 ժամ անց անգամ ես չեմ կարողանում հավատալ դրան, չեմ պատկերացնում «Ճամփորդն» առանց նրա: Ես կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Մհերի հյուսած արմատները ծաղկեն մեր թիմում ու էլ ավելի ամրանան:

Խնդրեցի Մհերից ինձ ճշմարտությունը պատմել, երբ նա վերջերս Գերմանիայում բժշկական ստուգումներ էր անցնում: Նա միշտ հորդորում էր ինձ չանհանգստանալ: Պետք է ծիծաղել մահվան երեսին, քանի որ այլընտրանք չունենք: Այս շաբաթ էլ զանգեցի և կրկին հարցրեցի. «Ինչպե՞ս ես», «Կարո՞ղ եմ օգնել»: Նրա վերջին խոսքերն էին. «Արիաննա ջան, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»: Նա միշտ այդպես էր ասում, այդպիսի մարդ էր Մհերը՝ նվիրված մարդ, ով սիրում էր իր գործը:

Կարող եմ անվերջ պատմել իմ ու Մհերի հանդիպումների մասին, սակայն թերթի սահմանները խեղդում են ինձ այնպես, ինչպես արցունքներս են խեղդում կոկորդս հիմա: Ես այնքան շատ բաների համար եմ շնորհակալ: Անչափ կկարոտեմ մեր մի քանի ժամ տևող զրույցները, քննարկումները, անգամ աշխատանքային անհամաձայնությունները:

Նա այն եզակի մարդկանցից էր, որը աչքերով միայն բացատրում էր իր սրտի ասելիքը այնքան լավ, որ երբեմն բառեր էլ հարկավոր չէին:  Կրկնվեմ.  նա ստիպեց ինձ ու «Ճամփորդին» հավատալ մեզ: Մեր թիմը շատ է կարոտելու քեզ, Մհեր ջան:

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 1-ին, ժամը 12-ին, նույն վայրից:

 

Արիանա

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register