ՄԵՆԶԻԼ. ՄԶԿԻԹՈւՄ ԳՈՌԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ

cover

Դիարբեքիրի ճանապարհին մեր քուրդ ուղեկցորդն անսպասելիորեն կանգնեցրեց մեքենան և մոտ մի քանի րոպե ոչինչ չէր ասում: Վերջապես ցույց տվեց աջ տանող ճանապարհն և ցուցանակը, որի վրա գրված էր՝ Մենզիլ: Ասում է՝ գուցե մի քանի ժամով շեղվենք մեր ճանապարհից ու գնանք Թուրքիայի ամենահայտնի սրբավայրերից մեկը: Ինչո՞ւ չէ, գնանք:

3

Մենզիլը Թուրքիայում (և ոչ միայն) համարվում է մուսուլմանների ուխտագնացությունների հիմնական վայրերից մեկը: Մենք գիտենք, որ քրիստոնյաների մուտքը Մեքքա արգելված է, և բնականաբար մեր առաջին հարցը քուրդ ուղեկցորդին՝ Սաֆեթին՝ արդյո՞ք անվտանգ է մեզ համար Մենզիլ գնալը: Ասում է՝ իհարկե, միայն թե պետք է բոլորս կարճ տաբատները փոխենք երկարներով, ֆոտո չանենք և չասենք որ հայ ենք: Եթե ասենք էլ, խնդիր չի լինի, բայց մարդիկ մեզնից մի փոքր հեռու կմնան, որովհետև քրիստոնյա ենք:

2

Ըստ Սաֆեթի՝ Մենզիլը, Թուրքիայի ամենաանվտանգ տեղերից մեկն է: Ըստ նրա՝ կարող ես միլիոն դոլար թողնել մեքենայի մեջ և վստահ լինել, որ որևէ մեկը ձեռք չի տա: Այս սրբավայրում երկար տարիներ ապրել է ամենահայտնի Շահերից մեկը, իսկ այժմ նրա որդին է Շահը:

4

Քանի դեռ չէինք կանգնել, մեքենայից մի քանի ֆոտո արեցի: Արիանայի հեծանիվը դրեցինք մեքենայի մեջ, նա հագավ իմ վերնաշապիկը, գլուխը ծածկեց սպիտակ շալով և գլխարկ դրեց, որպեսզի հնարավորինս քողարկվի: Այնքան նմանվեց տղայի, որ մզկիթ գնալու ճանապարհի ոչ բոլորն էին ֆիքսում, որ մեր հետ քայլողը կին է: Նույնիսկ մեկին, ում ուզում էինք ֆոտոյի համար հարցնել, բոլորիս ձեռքով բարևեց, հետո ձեռքը մեկնեց Արիանային, մի պահ նայեց աչքերի մեջ… ասում է՝ «բայա՞ն» (թարգ.՝ կին), ասում ենք «էվետ»(այո), ձեռքը հետ քաշեց: (Ընդհանրապես մուսուլմանների համար այլ կնոջը կպնելն ընդունված չէ):

7

Ամեն դեպքում վերցրել էի ֆոտոխցիկը՝ հույսով, որ եթե հնարավոր լինի, անպայման լուսանկարեմ: Բայց Թուրքիայում գտնվելու առաջին իսկ պահից որպես ֆոտոլրագրող մտածել եմ հնարավորինս լինել հարգալից տեղացիների սովորական և կրոնական ավանդույթների հանդեպ, այդ պատճառով, սպասում էի, որ Սաֆեթը վերջնական ճշտի՝ արդյո՞ք կարող եմ մզկիթի ներսում լուսանկարել: Պարզվեց՝ չեմ կարող: Նույնիսկ մուտքի մոտ տեղացիներից մեկը լուսանկարվում էր հեռախոսով և շուրջբոլորը թարս-թարս էին նայում նրան: Սաֆեթն ասում է՝ այստեղ այնքան էլ չեն սիրում նոր տեխնոլոգիաները: Ավելի ուշ ես փողոցից կարողացա մարդկանց և մզկիթի մի քանի լուսանկար անել:

5

Մեր քուրդ ուղեկցորդը նախապես զգուշացրեց, որ ներսում կարող է բղավոցներ լսենք և հարկավոր է ուշադրություն չդարձնել, չվախենալ: Բայց ի՞նչ գոռոցներ են. պարզվեց՝ մզկիթի ներսում ամեն օր մեդիտացիայի նման արարողություն է տեղի ունենում, երբ մի խումբ տղամարդիկ աչքերը փակ, կիսածալապատիկ նստած իրար կողք, մի քանի ժամ շարունակ լսում են հատվածներ Ղուրանից և անկախ իրենցից գոռում են (առանձնապես չեն կարող բացատրել՝ ինչո՞ւ, Սաֆեթը նշում է, որ այս մզկիթում տարիներ առաջ մասնակցել է այդ մեդիտացիային և նույնպես գոռացել է):

8

Ինչպես բոլոր մզկիթներում, այստեղ էլ կանանց և տղամարդկանց մուտքերը տարբեր էին: Արիանան հետևեց սևազգեստ կանանցից մեկին, ես գնացի Սաֆեթի հետ: Հենց ներսում կար լվացվելու, նույնիսկ լոգանք ընդունելու բոլոր հարմարությունները, երկար ճանապարհ կտրածքների համար՝ հանգստի վայրեր: Լվացինք մեր ոտքերն և ձեռքերը, որից հետո Սաֆեթն ասեց, որ պետք է մզկիթում ճաշ ուտենք:

9

Ուրեմն՝ մեծ սրահներից մեկում հարյուրավոր մարմարե վեցանկյունանիստ քարե աթոռներ էին՝ առանց հենակի, ամեն 7 աթոռի մեջտեղում նմանատիպ, մի քիչ մեծ աթոռ կար, որ սեղանի տեղ էր ծառայում: Յուրաքաչյուր տղամարդ վերցնում էր հացի երեք կտոր: Մենք նաև մեծ ամանով ճաշ և գդալներ վերցրեցինք, նստեցինք: Պարզվեց՝ ափսեներ չի նախատեսվում. սեղանիկի շուրջ նստածները պետք է ուտեն միևնույն մեծ ճաշամանից: Շուտով տարբեր մարդիկ եկան և մեր կողքը նստան, սկսեցին ուտել նույն ամանից: Ճաշը շատ համով էր, մենք՝ քաղցած: Հավանաբար 12 հոգի եկան և գնացին մեր ուտելու ընթացքում: Բնականբար ես մի ձեռքս դրել էի ֆոտոխցկիկ պայուսակին և ուղղակի վառվում էի լուսանկարելու ցանկությունից, սակայն, եթե չի կարելի, ի՞նչ կարող ես անել:

12

Հետո մզկիթի գլխավոր սրահ գնացինք, հանեցինք կոշիկները և սկսեցինք քայլել փափուկ գորգի վրայով: Անչափ գեղեցիկ էր ամեն ինչ, բայց նաև՝ վերահսկվող տեսախցիկների և հատուկ մարդկանց միջոցով: Սրահի եզրում տեղի էր ունենում մեդիտացիայի գործընթացը: Մոտ 50 մարդ 5-6 շարքով իրար կողք կիպ նստած էին: Սաֆֆթի հետ գնացինք մոտ՝ մասնակցելու համար: Որպես լրագրող՝ ես այս ամենն անում էի անչափ հետաքրքրված, հետագայում ձեր հետ կիսվելու համար. չէ՞ որ հավանբար շատ քիչ հայեր են եղել Մենզիլի այս մզկիթում: Բայց հենց մոտեցանք մարդկանց, նրանցից մեկը հարցրեց՝ արդյո՞ք խոստում տվել ենք, որ ուզում ենք մասնակցել մեդիատացիային: Սաֆեթը բացասական պատասխանեց, նրանք էլ նշեցին, որ մինչ այդ հատուկ խոստումը (հետո պարզվեց, որ մեկ այլ տեղ հարկավոր էր անցնել նախապատրաստական փուլ) չտանք, չենք կարող մասնակցել:

10

Դուրս եկանք մզկիթից և հանդիպեցինք Արիանային: Որոշեցինք մի փոքր քայլել, բոլորը թարս-թարս էին նայում Արիանային, պարզվեց, որ հենց այս փողոցով կանանց քայլելն արգելվում է: Որոշեցինք վերադառնալ մեքենայի մոտ, սակայն ճանապարհին ինձ և Սաֆեթին կանչեցին զրույցի (Սաֆեթն էլ նշեց՝ «սեքյուրիթի, աբի (եղբայր)»): Մտանք շենքերից մեկը, արդեն մտածում էի՝ վերջ, կզոհվեմ հերոս-ֆոտոլրագրողի մահով, բայց հենց սկզիբից մեզ հայտնեցին (առանց համազգեստի տարիքով տղամարդ էր), որ սա անվտանգության համար չէ, այլ պարզապես ուզում են զրուցել: Նրա սենյակ մտնելուց առաջ նույնպես հանեցինք կոշիկները, որովհետև հատուկ գորգ էր փռած: Հետաքրքրվեց՝ ովքեր ենք, ինչ ենք անում: Մենք պատեցինք Արիանայի հեծանվարշավի մասին, մեզ թեյ հյուրասիրեցին, զրուցեցինք՝ աշխարհում կապիտալիզմի սարսափելի ազդեցության (նրանց խոսքով՝ հատկապես կրոնի վրա) մասին: Ինձ հարցրեցին՝ արյդոք, մուսլիմ– ով հետաքրքրված եմ, թե չէ: Նշեցի՝ այնքանով, որ ուզում եմ իմանալ, հասկանալ մուսուլմաններին (քանի որ Հայաստանի չորս հարևաններց՝ երեքում, մուսուլմաններ են ապրում), որպեսզի շփման ընթացքում որևէ կերպ չվիրավորեմ նրանց կրոնական զգացմունքները և ավելի լավ ճանաչեմ մեր հարևաններին: Այսպիսով՝ ամեն ինչ լավ ավարտվեց:

11

Մենք վերադարձանք մեքենայի մոտ և շարունակեցինք դեպի Դիարբեքերի ճանապարհը:

հ.գ. Ընդհանրապես, Մենզիլը նաև յուրահատուկ էր նրանով, որ որևէ տեղ չտեսանք Թուրքիայի դրոշը (ինչը պարզապես անհար բան է մյուս բնակավայրերում):

Գարեգին Ալեքսանյան

 

Կարդացեք նաև՝

«ՃԱՄՓՈՐԴԻ» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ ԿԻԼԻԿԻԱՅԻՑ

«ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ՀԵԾԱՆՎՈՐԴ ԱՐԻԱՆԱՅԻՑ»

ԱԴԱՆԱՅԻ ՇՈւԿԱՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԹՈւՐՔԻԱՅԻՑ

ԳԱԶԻԱՆՏԵՊԻ (ԱՅՆԹԱՓԻ) ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 1)

ԱՅՆԹԱՓԻ ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 2)

ԱՅՆԹԱՓԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՈՐ ԴԱՐՁԵԼ Է ՄԶԿԻԹ

ԿԻԼԻԿԻԱ. ՖՈՏՈՇԱՐՔ ՌՈւՄԿԱԼԵ ԱՄՐՈՑԻՑ

ՆԵՄՐՈւԹ. ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ. (ՖՈՏՈՇԱՐՔ)

ԱՌԱՋԻՆ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ

ՇԱՆԼԻՈւՐՖԱ. ՔԱՐԱՆՁԱՎ-ՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՁԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

ՈւՐՖԱՅԻ ՀԻՆԱՎՈւՐՑ ԲԱԶԱՐԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՖԱՆՏԱՍՏԻԿ ՀՆԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ. ԳՅՈԲԵՔԼԻ ԹԵՓԵ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register