ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ «ՀԱՅԱԶԳԻ» ԱՆԴԱՄԸ

oganezov

Օրեր առաջ Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվեց  4 նոր քիմիական տարրերով: Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC)-ի առաջարկով  պարբերական աղյուսակի 113-րդ, 115-րդ, 117-րդ և 118-րդ տարրերն անվանակոչվել են: 113-րդ տարրը ի պատիվ այն բացահայտած ճապոնացիների՝ կոչվելու  է «Նիպոնիում»:115-րդը`   «Մոսկովիում»՝  ի պատիվ Մոսկովյան  շրջանի, 117-րդը` «Տենեսենիում»:  Իսկ ահա Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականների առաջարկով՝  ի պատիվ հայ մեծանուն գիտնական Յուրի  Ցոլակի  Օգանեսյանի 118-րդ տարրն անվանակոչել է «Oganesson» (Og):

Քիմիական նորահայտ տարրերն իրենց  պաշտոնական   անվանումները  կստանան 2016 թվականի նոյեմբերին: Թե  ինչպիսի  բացառիկ  պատիվ է  գիտնականի  համար  նրա անվամբ քիմիական տարրի անվանակոչումը, կարծում ենք,  շեշտելու կարիք չկա: Նշենք միայն, որ 118 քիմիական տարրերի շարքում միայն մոտ մեկ տասնյակ տարրեր են, որոնք  անվանակոչված են այս կամ այն հայտնի գիտնականի պատվին: Դրանք են` «Կյուրիումը» (Сm)` Կյուրի ամուսինների պատվին,«Էյնշտեյնիումը» (Es)` Ալբերտ  Էյնշտեյնի  պատվին, «Ֆերմիումը» (Fm)` Էնրիկո  Ֆերմիի  պատվին, «Նոբելիումը» (No)` Ալֆրեդ Նոբելի պատվին, «Լոուրենսիումը» (Lr)` Էռնեստ  Օրլանդո  Լոուրենսի պատվին, «Ռեզերֆորդիումը»  (Rf)`   Էռնեստ Ռեզերֆորդի պատվին, «Բորիումը»  (Bh)`  Նիլս  Բորի պատվին, «Ռենտգենիումը»  (Rg)` Վիլհելմ  Ռենտգենի  պատվին, «Կոպեռնիցիումը» (Cn)` Նիկոլայ Կոպեռնիկոսի պատվին: Իսկ հիմա այս քիմիական   տարրերի կողքին լինելու է  նաև «Օգանեսսոնը» (Og), որը անվանակոչվել է հայ գիտնականի պատվին: «Նրա բազմաթիվ ձեռքբերումներից  են գերծանր տարրերի հայտնաբերումը, միջուկային ֆիզիկայի  բնագավառում  նշանակալի ձեռքբերումները», ասվում  է IUPAC-ի  կայքում: Իսկ ո՞վ է այս բացառիկ պատվին արժանացած հայ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանը:

 Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը: Յուրի Օգանեսյանը նաև Սերբիայի Գիտության և գեղարվեստի   ակադեմիայի  և  Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր:  Օգանեսյանի  աշխատանքները  վերաբերում  են փորձարարական միջուկային  ֆիզիկային  և արագացուցչային  տեխնիկային։ Նրա ղեկավարությամբ   կատարվել են  գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման  փորձարարական   ինքնատիպ կայանքներ։  Օգանեսյանը  նոր  տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների  համահեղինակ  է։ Նա ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների  ստեղծման  աշխատանքները  և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Ղեկավարել է  կիրառական   նշանակության  հետազոտություններ՝ միջուկային  թաղանթների  ստացման   տեխնոլոգիայի,   ռադիոբժշկական ախտորոշման  համար մաքուր իզոտոպների   արտադրության  մշակման բնագավառներում, նախագծել և  կառուցել է կոմպակտ   էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի   տևողությամբ իզոտոպների արտադրության համար: 2002 թվականին  Յուրի   Օգանեսյանը   համաշխարհային  գիտական հանրության   կողմից դիտարկվում  էր որպես  Նոբելյան   մրցանակի ամենաիրական  հավակնորդ: Ավելի քան 250 գիտական աշխատանքների, 3  մենագրությունների  և  10-ից  ավել հետազոտությունների հեղինակ է:

  ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register