ՄԵԾ ՓՈՂԵՐՈՎ ԹՈւՅԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

football

Սարից գլորվող ձնագնդի նման ֆուտբոլում տարեցտարի աճում են խաղացողների տրանսֆերային գները: Շրջանառվող գումարները աստղաբաշխական չափերի են հասնում, մինչդեռ տասնյակ միլիոնավոր եվրոների հասնող գործարքները ոչ միշտ են արդարացված լինում: 2016 թվականի ամռանը գերակումբները կատարեցին իրենց ռիսկային և անկանխատեսելի ձեռքբերումները: Մրցաշրջանն արդեն հատել է հասարակածը և կարելի է վիճակագրության և մշտադիտարկման օգնությամբ կազմել առայժմ սակավ խաղաժամանակ ստացած այն ֆուտբոլիստների տասնյակը, որոնց համար մեծ գումարներ են վճարվել:

Ռենատո Սանչես («Բավարիա», տրանսֆերն արժեցել է 35 միլիոն եվրո) – Եվրոպայի ավարտված առաջնության աստղերից մեկը տեղ չի գտնում Կառլո Անչելոտիի թիմում: Պորտուգալացի 19-ամյա կիսապաշտպանն ընդամենը 9 խաղի է մասնակցել՝ խաղադաշտում անցկացնելով 336 րոպե:

Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի», 50 միլիոն եվրո) – Գերմանիայի հավաքականի 20-ամյա տաղանդավոր կիսապաշտպանը չի կարողանում ցուցադրել իր կարողությունները Պեպ Գվարդիոլայի թիմում: Նա առայժմ 9 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: Մարզիչը նշում է, որ Սանեն Անգլիայում ադապտացվելու խնդիր ունի:

Միտչի Բատչուայի («Չելսի», 33 միլիոն ֆունտ ստերլինգ) – Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն առայժմ շանս չի ստանում լոնդոնյան ակումբում: Նրան ձեռք են բերել Դիեգո Կոստայի հետ հարձակվողական «բռունցք» կազմելու համար,սակայն տակտիկական ձևափոխությունների արդյունքում «Չելսին» սկսեց խաղալ մեկ կենտրոնական հարձակվողով, և Բատչուային Կոստայի գոլային հրավառությանը հարկադրված է հետևել պահեստայինների նստարանից: 23-ամյա խաղացողը մասնակցել է 12 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղալով 81 րոպե:

Պակո Ալկասեր («Բարսելոնա», 30 միլիոն եվրո) – «Բարսելոնան» երկար ժամանակ այնպիսի հարձակվող էր փնտրում, որը կունենար բարձր կարգ, բայց համեստաբար կզիջեր մեկնարկային կազմում տեղը տիեզերական Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակին: Ալկասերն առայժմ 7 խաղի է մասնակցել և ոչնչով աչքի չի ընկել:

Նիկո Գայտան («Ատլետիկո», 25 միլիոն եվրո). Դիեգո Սիմեոնեն Գայտանի միջոցով փորձում էր աշխուժություն մտցնել մադրիդյան թիմի հարձակման գծում, սակայն իրեն ընձեռած բոլոր հնարավորությունները արգենտինացի ֆուտբոլիստը օգտագործում է անփութորեն: Գայտանը մասնակցել է 9 խաղի՝ խաղադաշտում անցկացնելով 350 րոպե:

Գրեգորզ Կրիշովյակ («ՊՍԺ», 33.6 միլիոն եվրո) – «Սևիլիայից»  ֆրանսիական «ՊՍԺ» տեղափոխվեց ոչ միայն գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, այլև կարիերայի գագաթնակետին գտնվող 26-ամյա լեհ ֆուտբոլիստը: Ներդրած հսկայական գումարներն առայժմ չեն արդարացնում. Կրիշովյակը անվստահ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է 10 խաղի՝ խաղադաշտում անցկացնելով 611 րոպե:

Անդրե Շյուրլե («Բորուսիա» Դորտմունդ, 30 միլիոն եվրո) – Որպես Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինող աշխարհի չեմպիոն Շյուրլեն իրեն չի կարողանում դրսևորել: Նա խաղաժամանակ է ստացել ընդամենը 7 խաղում՝ խաղադաշտում անցկացնելով 310 րոպե: Այդ ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Խեսե («ՊՍԺ», 25 միլիոն եվրո) – Նավթադոլարներով սնվող փարիզյան ակումբի հերթական աղմկահարույց, սակայն առայժմ անարդյունավետ տրանսֆերը: Իհարկե, Խեսեն հեռանկարային ֆուտբոլիստ է, սակայն  Ֆրանսիայի ընթացիկ առաջնությանը նա ստիպված է հետևել պահետստայինների նստարանից: Խեսեն ընդամենը 261 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ մասնակցելով 9 խաղի:

Ալվարո Մորատա («Ռեալ», 30 միլիոն եվրո) – «Ռեալը» «Յուվենտուսից» հետ է վերադարձրել իր սանին՝ Իսպանիայի ամենահեռանկարային հարձակվողներից մեկին: Զիդանը Մորատայի հետ մեծ հույսեր է կապում: Սպասվում էր, որ նա լուրջ մրցակցություն կապահովի հարձակման առաջնագծում: Մինչդեռ այս մրցաշրջանում Մորատային չի հաջողվում փայլել ողջ շուքով: Նա մասնակցել է 12 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 624 րոպե:

Գաբրիել Բարբոսա («Ինտեր», 29.5 միլիոն եվրո) – Բրազիլիայի օլիմպիական ոսկե հավաքականի առանցքային խաղացողի տեղափոխությունը մեծ աղմուկ առաջացրեց: Իտալիայում սպասում էին գոլային հրավառության, սակայն առայժմ Գաբիգոլը սարսափելի վիճակագրություն ունի: Նա ծիծաղելիորեն քիչ՝ 20 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ մասնակցելով ընդամենը 3 խաղի:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register