ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ՀԱԲԵՐ ԳՆԵԼՈւ ՓՈԽԱՐԵՆ
Եթե մտադիր եք անցնել ակտիվ ապրելակերպի և զբաղվել ամենօրյա մարզումներով, ապա նպատակի իրականացման ճանապարհին դուք մենակ չեք։ Ամեն օր ավելի ու ավելի մեծաթիվ մարդիկ են սկսում զբաղվել ֆիթնեսով, սպորտով կամ պարզապես առավոտյան վազքով։ Անկախ նրանից, դուք ուզում եք նիհարել, զարգացնել մկանները, թե պարզապես անցնել առողջ ապրելակերպի, ապա այդ ճանապարհին ձեզ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ ։ Մարզումների առաջին օրը դուք ավելի ակտիվ և առույգ կզգաք, քանի որ սրտի զարկերի ավելացումը մեծ քանակությամբ թթվածին կմատակարարի ձեր ուղեղին։ Մարզումներին անսովոր ձեր մկանները հաջորդող 72 ժամերի ընթացքում կբռնվեն։ Սակայն, մի՛ հուսահատվեք, շարունակեք մարզվել, քանի որ դա բռնվածությունն ու մկանային ցավը հաղթահարելու լավագույն տարբերակն է։ Շարունակական մարզումների արդյունքում կմեծանա միտոքոնդրիաների թիվը։
Միտոքոնդրիաները միացություններ են, որոնք ճարպերն ու պրոտեինները վերածում են մկանների համար անհրաժեշտ «վառելիքի», որպեսզի վերջինններս ավելի լավ ձգվեն և մարզվեն։ Հետազոտությունները վկայում են, որ 6-8 շաբաթների մարզումների ընթացքում միտոքոնդրիաների թիվն ավելանում է մինչև 50 տոկոսով։ Այս ամենի արդյունքում բարձրանում է ձեր դիմադրողականությունը։
Այդ ընթացքում, մեկ կիլոմետրանոց վազքը ձեզ համար շատ ավելի դյուրին կլինի, քան նախկինում էր։ Եթե դուք ուզում եք մկաններ ձևավորել, ապա արդեն 6-րդ շաբաթվանից արդյունքը նկատելի կդառնա։ Հաջորդող շաբաթների ընթացքում ակնկալեք նաևVO2 max-ի աճ՝ 25 տոկոսով։VO 2 max-ը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է ձեր օրգանիզմը թթվածինը վերածել մկանների համար անհրաժեշտ «վառելիքի» ։ Որքան բարձր է ցուցանիշը, այնքան նույն ճանապարհը դուք ավելի արագ և հեշտ կվազեք ։ 25 տոկոսով աճը նշանակում է, որ նույն ժամանակահատվածում դուք կվազեք նախկինից 20 տոկոսով ավելի երկար ճանապարհ ։Մեկ տարվա չընդհատվող մարզումները ձեր ոսկորները կդարձնեն ավելի ամուր, ինչն իր հերթին կնվազեցնի օստեոպորոզի ռիսկը։ Ուստի, երկարաժամկետ մարզումներն օգտակար կլինեն ոչ միայն ձեր մարմնի, այլև ձեր բանկային հաշվի համար։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծահասակ ամերիկացիները, որոնք մարզվում են շաբաթական 5 օր առնվազն 30 րոպե, առողջապահական ծախսերի վրա տարեկան խնայում են մոտ 3500 դոլար ։ Մարզվում եք շատ, նվազեցնում գերհոգնածության և դեպրեսիայի ռիսկերը, կանխում բազմաթիվ հիվանդությունների զարգացումը։ Իհարկե, այս ամենը կախված է նրանից, թե որքան ինտենսիվ եք դուք մարզվում։ Միացյալ նահանգների առողջապահության նախարարությունը 18-64 տարեկան մարդկանց խորհուրդ է տալիս շաբաթական 2,5 ժամ զբաղվել արագ քայլքով, հեծանիվ քշելով կամ՝ շաբաթական 1 ժամ 15 րոպե՝ վազքով կամ լողով։ Երբ նոր եք սկսում մարզվել, կարևոր է չշտապելն ու մարմինը գերծանրաբեռնվածության չենթարկելը, քանի որ սա լուրջ վնասվածքների կարող է հանգեցնել։ Մարզվեք հաճախ ու կանոնավոր և անհաղթահարելի մարաթոններ չեն լինի ձեր կյանքում։
Տաթևիկ Սարգսյան