ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

1

Աստղիկ Սարգսյանն  ու Եսայի Դուրմուզյանը մի օր որոշեցին ու ստեղծեցին «Մարդկային գործոն» անունն ունեցող էջը , որտեղ պատմում են  տարբեր մարդկանց մասին ու ներկայացնում նրանց պատմությունները։ Աստղիկը ստեղծագործում է, Եսային՝ զբաղվում ծրագրավորմամբ։ Թե ինչու որոշեցին նման էջ ունենալ, ինչ պատմություններ են նրանց հանդիպում ու ինչ ապագա պլաններ ունեն, պատմեց Աստղիկը՝ «Ճամփորդի» հետ զրույցի ընթացքում։

-Աստղիկ, միտքն իսկապես հետաքրքիր է, ինչպե՞ս որոշեցիք նման պրոյեկտ ստեղծել։ -Դեռ մեկ տարի առաջ նման ցանկություն կար՝ ունենալու այնպիսի էջ, որտեղ մարդիկ կլինեն՝ իրենց հասարակ և արտասովոր պատմություններով։ Երկար ժամանակ փնտրում էի գործընկեր, ով ևս հետաքրքրված կլինի ֆոտոարվեստով և լրագրությամբ։ Ծանոթանալով գործընկերոջս՝ Եսայի Դուրմուզյանի հետ, կիսվեցի նրա հետ մտքերով և երկար քննարկելուց հետո, որոշեցինք իրականացնել ծրագիրը։ Արդեն 2 տարի է, ինչ նա զբաղվում է նաև  լուսանկարչությամբ և քանի որ ինքս էլ դպրոցական տարիներին առիթ էի ունեցել 2 տարի ֆոտոյի դասերի հաճախել, մեզ համար հեշտ եղավ գաղափարի իրականացման վրա աշխատելը։ Քանի որ այս ամենը կամավոր հիմունքներով ենք ստեղծել և դեռևս չունենք թիմակիցներ, որոնց հետ կհամագործակցենք, էջով զբաղվում ենք ես և Եսային։

-Ինչո՞ւ ընտրվեց  հենց դիմաշարի ֆորմատը, այսինքն՝ մարդիկ գումարած իրենց մտքերը, այլ ոչ ասենք՝ հարցազրույց, որն ավելի ընդունված է։– Ես և Եսային սիրում ենք դիմանկարներ և այդ պատճառով ընտրվեց դիմանկար անելու տարբերակը։ Բայց չի բացառվում, որ հնարավոր է նաև այլ ֆորմատի լուսանկար լինի՝ կախված լուսանկարվողի ցանկությունից։ Մենք ցանկանում ենք՝ մարդիկ կիսվեն մեզ հետ և պատմեն իրենց պատմությունը։ Սա էկրանից այն կողմ գտնվող մարդկանց հետ կիսվելու տարբերակ է։ Հարցազրույցը ֆոտոյից անդին է․ այսինքն՝ սա մեծ աշխատանք է իրենից ներկայացնում: Եվ լրագրողի նման փոքրիկ հարցազրույցներ ենք անցկացնում մարդկանց հետ մինչ լուսանկարելը։

 -Ինչպե՞ս եք ընտրում մարդկանց. իրե՞նք են դիմում, գուցե դո՞ւք եք հետաքրքիր մարդկանց նկատում ու հրավիրում։ – Դուրս ենք գալիս փողոց ու փորձում հայացքներ որսալ․ հետաքրքիր է՝ մարդու դեմքից կարծես կռահում ենք նա կցանկանա՞ մեզ հետ կիսվել, թե՝ ոչ։ Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ շաբաթվա ընթացքում Human Factor-ի էջին որոշակի քանակությամբ նամակներ են գալիս․ մարդիկ ողջունում են մեր ծրագիրը և հարցնում՝ արդյո՞ք կարող են իրենք էլ հայտնվել մեր էջում, թե ոչ։ Մենք բոլորին սիրով դրական պատասխան ենք տալիս։ Հետաքրքիր է, որ դեռ 2 շաբաթ չկար, ինչ հիմնել էինք էջը, բայց արդեն ծանոթ և անծանոթ մարդիկ մեզ գրում էին թիմի անդամ դառնալու համար։ Ցավոք, դեռ չունենք թիմ ստեղծելու համար պայմաններ, բայց աշխատում ենք, որ ամեն բան հաջողվի և իմ ու Եսայիի անունների կողքին նաև մեր մյուս գաղափարակիցների անունները լինեն։

-Հայերը հե՞շտ են համաձայնում լուսանկարվել ու խոսել։ Սովորաբար կասկածամիտ են, վախենում են իրենց ասածներն այլ նպատակով օգտագործվեն, ինչպե՞ս եք կարողանում համոզել, որ անկեղծ զրուցեն։ -Սա ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետև ինչպես նշեցիք՝ մարդիկ վախենում են։ Զարմանալի է, թե մեզ նման բարի դեմքերից ինչպես կարելի է վախենալ։ Սա կատակ, իսկ իրականում հաճախ մեզ արհամարհում են կամ բարկացած ասում, որ իրենք զբաղված են, կամ չեն ցանկանում խոսել։ Իհարկե, ժպտում ու անցնում ենք, բայց բացասական էներգիան դուրս հանելու համար արագ, փայլող աչքեր ու սիրուն ժպիտներ ենք փնտրում։ Մեզ մոտ տարօրինակ կերպով վախենում են խոսել կամ ամաչում են։ Կցանկանայի մարդիկ հասկանան, որ ավելի հեշտ է, երբ մարդկանց հետ կիսվում ես ու աշխարհին ինչ-որ էներգիա ես ուղարկում հաղորդակցության տեսքով․ տխուր, ուրախ կամ ծիծաղելի պատմություն կարդալիս մարդու մոտ մտքում  էմոցիոնալ շարժ է լինում, և շատերը տեսնում են, թե որքան նման ու միևնույն ժամանակ տարբեր կարող են լինել մարդիկ կամ հակառակը՝ տարբեր, բայց իրենց հետ պատահած միևնույն պատմություններով։

-Եթե հնարավոր լինի ընդհանրական պատկեր ստանալ, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք անհանգստացնում են մարդկանց, կամ ինչի՞ց են ուրախանում, ի՞նչն են կարևոր համարում։ Ինչի՞ց են հիմնականում խոսում։ – Պատմությունները խիստ տարբեր են, ու մենք ամեն բան անում ենք, որ դրանք տարբեր լինեն․ այսինքն՝ բոլորը չլինեն ուրախ կամ տխուր, ու երբ կրկնվող պատմության ենք հանդիպում, սկսում ենք այլ հարցեր տալ՝ մեկ այլ բան լսելու համար։ Հայաստանի տնտեսական և սոցիալական պայմաններից ելնելով՝ մարդիկ հաճախ իրենց դժգոհությունն են հայտնում և ասում, որ հետաքրքիր բան չկա պատմելու։ Մենք նման մարդկանց հետ ավելի երկար ժամանակ ենք անցկացնում, որովհետև ուզում ենք, որ նրանք անպայման խոսեն, մտաբերեն մի լավ դեպք իրենց կյանքից և կիսվելով մեզ հետ՝ իրենք էլ իրեն որոշ չափով թեթևացած զգան։

2

Հուզիչ էր Սարյանի այգում մի նկարչուհու պատմությունը․ մենք նրա հետ մոտ մեկ ժամ խոսել ենք, որպեսզի իր կյանքի վատ հիշողություններից դուրս գա և խոսի իր կտավներից ու  գույների վառ լինելուց։ Դա ստացվեց մեզ մոտ և գրկախառնվելով բաժանվեցինք՝ խոստանալով հաջորդ անգամ վառ ներկերով կգնանք իրեն տեսնելու։

-Արդեն բավականին շատ պատմություններ ունեք, նայելով հասկանում ես, որ իսկապես, մարդիկ միևնույն ժամանակ շատ նման են իրար ու նաև շատ տարբեր։ Սա առաջին միտքն է, որ հայտնվում է գլխում։ Իսկ դո՞ւք ինչ եք հասկացել, գուցե՝ սովորել այլ մարդկանցից։ – -Սովորել ենք մարդկանց ներսը թափանցել, լսել նրանց, պարզապես լսել։ Երբ վերևում նշածս կնոջ նման մարդկանց ենք հանդիպում, հասկանում ենք, որ մենք մեր ճիշտ ճանապարհին ենք ու թեկուզ չենք կարող բոլորին օգնել, բայց կարող ենք լսել ու փորձել նրանց օգնել մնայուն ինչ-որ բանով։

-Եթե լուսանկարահանման, զրույցների ընթացքում հետաքրքիր միջադեպեր են եղել, խնդրում եմ պատմիր դրանք։ -Երբեմն մեզ գժի տեղ են դնում, բայց մի քիչ զրուցելուց հետո հավանում են մեզ։  Արդեն քանի դեպք է եղել, երբ լուսանկարելուց հետո հրաժեշտ ենք տվել, մեր հետից «բամբասել են» ասելով՝ «տեսա՞ր ինչ լավն էին»։

-Հետագայում ի՞նչ պլաններ կան, ինչո՞վ եք զբաղվելու։ -Մեր հիմանական աշխատանքից զատ, մենք նպատակ ունենք այս ծրագիրը ևս դարձնել ամենօրյա մեր աշխատանքի մի մասը։ Ուզում ենք մեր սեփական ստուդիան ունենալ և զարգացնել ֆոտոլրագրությունը․ դրա համար կարևոր է, որ մեր հասարակությանը հասնող թերթերում և ամսագրերում կարողանանք մեր տեղը գտնել և հենց այդ էջերից խոսել մեր հասարակության անդամների և նրանց խնդիրների ու հաջողություների մասին։ Հայտնի մարդկանցից զատ, պետք է հասարակ քաղաքացու կենցաղն ու ապրելաոճն էլ լուսաբանվի․ նրանց հետևում սիրուն պատմություններ կան։

Նախատեսում ենք մեծ ու սիրուն ցուցահանդեսներ կազմակերպել, բարեգործական միջոցառումներ իրականացնել և իսկապես օգնել մարդկանց, ովքեր լուրջ խնդիրներ ունենք։ Չենք պատրաստվում դա անել սիմվոլիկ կերպով, մի բան անելու համար, այլ ուզում ենք մնայուն-նյութական լուրջ ներդրում ունենալ և օգնել, որ ինչ-որ բան փոխվի իրենց կյանքում։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register